Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԱՎՈՏԸ ԼՍՈՒՄՆԵՐ, ԵՐԵԿՈՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Փետրվար 18,2000 00:00
toto

Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման շուրջ նախ լսումնե՞ր անել, թե՞ արտահերթ նիստ՝ այս հարցի պատասխանը տարբեր է ԱԺ նույն խմբակցության անդամների համար։

Բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու օրակարգով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն առայժմ միացել են 38 պատգամավորներ։ Մինչդեռ հարկավոր է 44-ի ստորագրությունը։ «Երեւի ոչ ճիշտ ժամանակին սկսեցի,- ասաց կոմունիստ Խորեն Սարգսյանը, որն էլ հավաքում է այդ ստորագրությունները։- Ցավոք, մեր ոչ բոլոր պատգամավորներն են ցանկանում մասնակցել բյուջեի քննարկմանը»։

Պատգամավորների պասիվությունը նրա մատնանշած միակ պատճառը չէր. «Կարծես այս խորհրդարանը երկու դասի է բաժանված՝ հարուստների եւ սովորական մարդկանց։ Հարուստներն այս նախաձեռնությանը չեն միանում, քանի որ երկու կողմից վտանգ են զգում։ Նախ, որ իշխանություններն իրենց վրա ճնշում կգործադրեն եւ հետո, քանի որ դրսի հետ գործեր ունեն՝ նաեւ նրանց կնեղացնեն։ Պատճառաբանում են, թե դեռեւս չգիտեն՝ սեփականաշնորհե՞լն է ճիշտը, թե՞ չսեփականաշնորհելը։ Նրանց ասում եմ, որ նախկին ԱԺ-ի հարուստներն էլ էին նույնն ասում, բայց խրատ չեղա՞վ «ԱրմենՏելը», կոնյակի գործարանը… Սակայն նրանց գաղափարները չեն առաջնորդում, այլ վախը՝ իրենց ունեցվածքը կորցնելու համար»։

Այսուհանդերձ, Խորեն Սարգսյանը վստահ էր, որ երկուշաբթի կհավաքի պահանջվող մնացած ստորագրությունները, եւ շաբաթվա ընթացքում կհրավիրվի արտահերթ նիստը։

Խորեն Սարգսյանը նշեց, թե բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու նախաձեռնությանը չեն միացել միայն «Միասնության» պատգամավորները. «Հետաքրքիր է, որ ավելի օրթոդոքս են ցանկանում դառնալ՝ մինչեւ նիստում չքննարկենք, չենք ստորագրի։ Իսկ կանոնակարգում ասված է, որ ԱԺ պատգամավորը պիտի առաջնորդվի իր խղճի համաձայն»։

Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ զրույցից պարզեցինք, որ «Միասնությունն» այս հարցն արդեն իսկ քննարկել է։ Նա պատմեց, որ հանդիպել է այն խմբակցությունների ղեկավարների հետ, որոնք պահանջում են արտահերթ նիստ գումարել. «Պայմանավորվեցինք հետեւյալը. այս պահին նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտություն չկա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ԱԺ-ում երկու պատգամավոր ունենք, որոնք սեփականաշնորհման հանձնաժողովում են, որն էլ հենց զբաղվում է բաշխիչ ցանցերով։ Այդ պատգամավորներին խնդրել էինք եւ նրանք պայմանավորվել են, որ մինչ վերջնական պայմանների ճշգրտումը՝ պիտի լսումներ կազմակերպվեն ԱԺ-ում։ Նաեւ նախարարի հետ ենք պայմանավորվել, որ սեփականաշնորհման պայմանագրի վերջնական ժամկետը մարտի 6-ից երկու շաբաթով հետաձգվելու է։ Կարծում եմ, պարզ է, որ ճիշտ կլինի նախ հարցն ամբողջապես ներկայացնել պատգամավորներին ու հասարակությանը՝ հետո նոր հետեւություններ անել՝ անհրաժե՞շտ է բաշխիչ ցանցերը հանել սեփականաշնորհման ցանկից, ուղղակի պայմաննե՞րը փոփոխել, թե՞ սեփականաշնորհման եղած պայմաններն էլ են ձեռնտու։ «Միասնության» տեսակետն այս է՝ խնդիրը պիտի լիարժեք դիտարկվի ու նոր վերջնական որոշում ընդունենք»։

Խորեն Սարգսյանին հարցրինք, թե արդյոք նպատակահարմար է գտնում հատուկ լսումներից հետո անդրադառնալ իրենց նախաձեռնությանը. «Ոնց ասենք՝ մենք կհամաձայնենք։ Բայց ի՞նչ տարբերություն՝ հատուկ լսումնե՞ր կլինեն, թե՞ ԱԺ նիստում քննարկումներ»։ Նրա այս հարցին մեր միջնորդությամբ պատասխանեց Տիգրան Թորոսյանը. «Նախ, կոմկուսի խմբակցության ղեկավարը համաձայն է այն տեսակետին, որ ես ներկայացրի։ Խորեն Սարգսյանն իր տեսակետն ունի եւ շատ բնական է, որ խմբակցության մեջ կա նաեւ այլ տեսակետ։ Սակայն կարծում եմ, որ ճիշտ կլինի հարցերն ընդհանրապես լիարժեք քննարկել ոչ ԱԺ նիստի ժամանակ, քանի որ, հայտնի պատճառներով այնտեղ հնչում են նաեւ զուտ քաղաքական նպատակներ հետապնդող ելույթներ։ Կյանքը ցույց է տվել, որ արտահերթ նիստում մարդիկ ավելի շատ իրար դեմ են պայքարում»։ Թերեւս պարզաբանենք, որ «հայտնի պատճառները» «հարգելի ռադիոլսողների» առկայությունն է։

ԱԺ փոխնախագահն իր խորհրդարանական ոչ երկարատեւ փորձառության ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ սովորական աշխատասենյակներում տարբեր խմբակցություններն իրար ավելի դյուրին են լսում եւ բոլորի համար ընդունելի լուծումներ գտնում։ Հետո արդեն դրանք կարելի է բարձրաձայնել նաեւ ԱԺ նիստում՝ «հարգելի ռադիոլսողների» համար. «Իհարկե կարելի է ցանկացած հարցի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրել։ Բայց համոզված եմ, որ այդ դեպքում արդյունավետությունը շատ ցածր է լինելու»։

ԱԺ մյուս փոխնախագահը՝ Գագիկ Ասլանյանը, մեր զրույցի սկզբում իսկ ասաց, թե չի խորհրդակցել ՀՀԿ-ի իր գործընկերների հետ եւ արտահայտելու է զուտ իր եւ ՀԺԿ-ի տեսակետը։ Նախ, ինքը չէր միացել այդ պատգամավորական նախաձեռնությանը, քանի որ «Նախաձեռնողներն անձամբ ինձ չեն դիմել։ Սակայն ես կողմ եմ այդ նախաձեռնությանը։ Սեփականաշնորհման պայմանները, հետապնդվող նպատակներն ու խնդիրները շատերի համար դեռ լիովին պարզ չեն, դրա համար էլ, իրոք, անհրաժեշտություն կա այդ հարցը հանգամանորեն քննարկել, պարզել նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»։ Գագիկ Ասլանյանը փոխանցեց նաեւ իր կուսակցության դիրքորոշումը. «ՀԺԿ-ն գտնում է, որ իրոք անհրաժեշտ է այս հարցը եւս մեկ անգամ քննարկել, քանի որ այն լուծվել է նախորդ ԱԺ-ի օրոք եւ մենք մասնակից չենք եղել դրան։ Բայց այսօր դեռեւս չի կարելի միանշանակ ժխտել՝ պետք է խորապես ուսումնասիրել հարցի ե՛ւ քաղաքական կողմը (բոլորիս համար ակնհայտ է այս ոլորտի ռազմավարական նշանակությունը), ե՛ւ տնտեսական կողմը։ Մենք կողմ ենք, որ հարցը քննարկվի արտահերթ նստաշրջանում։ Եվ կրկնում եմ՝ նպատակը միանշանակ ոչ կամ այո ասելը չէ, այլ հարկավոր է ուսումնասիրել եւ լավագույն տարբերակը գտնել»։

Ինչեւէ, Տիգրան Թորոսյանը պնդում էր. «Չի կարելի բացառել, որ ՀԺԿ-ում կարող են լինել մարդիկ, որոնք այլ տեսակետներ ունեն։ Ի վերջո, մարդիկ ռոբոտներ չեն, որ բոլորը միասնական կարծիք ունենան անգամ նույն խմբակցության մեջ»։ Սակայն «Միասնության» դիրքորոշումն այն էր, ինչն արտահայտել էր Տիգրան Թորոսյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829