Հարցազրույց ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:
– ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովից հետո, փաստորեն, Դաշնակցության գլխավոր գրասենյակը կգործի Երեւանում։ Սա նշանակո՞ւմ է, որ կուսակցությունը հայաստանակենտրոն է դառնում։
– Դաշնակցությունը միշտ էլ եղել է հայաստանակենտրոն։ Սրա ձեւական դրսեւորումն էլ այն է, որ Դաշնակցությունը իսկապես խարսխվի Հայաստանում, դա մեր նպատակներից մեկն է եւ Հայաստանի հզորացումը որպես գերագույն նպատակ ունենալով, Դաշնակցությունը, բնականաբար, իր բոլոր քայլերը պետք է ուղղի, որպեսզի Հայաստանը որպես պետություն կայանա։ Այս առումով մեծ դերակատարություն ունի մեր համասփյուռ կառույցը, որը պետք է իր ողջ ներուժը ներդնի Հայաստանի եւ հայության բարգավաճմանը։ Որպեսզի գործերն ավելի օպերատիվ ընթանան եւ Դաշնակցությունն ավելի անմիջական հաստատի իր ներկայությունը Հայաստանում, կենտրոնական գրասենյակը հաստատվել է Երեւանում։
– Իսկ մինչեւ այժմ եղած Դաշնակցության գրասենյակնե՞րը։
Կարդացեք նաև
– Գիտեք, որ մինչեւ օրս կենտրոնական գրասենյակը Բեյրութում էր, ունենք նաեւ գրասենյակ Աթենքում։ Այդ գրասենյակները պահպանվում են, բայց՝ կենտրոնականը երեւանյանն է։ Սա իսկապես Դաշնակցության համար նոր փուլի սկիզբ է։
– ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովը հայաստանյան խնդիրներին ինչպե՞ս անդրադարձավ, արդյո՞ք որեւէ որոշում կայացվեց։
– Մոտ 2 շաբաթ տեւած քննարկումների մեծ մասը վերաբերում էր հայաստանյան խնդիրներին, իհարկե համահայկական կտրվածքով, բայց բոլոր պատգամավորների հիմնական հոգածությունը եւ խնդիրների կիզակետը Հայաստանն էր, Հայաստանի ներկա ծանր կացությունը։ Հիմնականը պետական համակարգի կաթվածահար վիճակն է, կուռ ղեկավարության պակասը, օրենքի, իշխանության անվերապահ եւ անկողմնակալ կիրառման բացակայությունը, դրա հետ կապված մեծ չարիք է կոռուպցիան, կաշառակերությունը, որը փտախտի նման պարուրել է համակարգը։ Որպես արդյունք՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական տագնապալի վիճակը, դրա հետեւանքով առաջացած արտագաղթը։ Այլեւս վտանգված է մեր ազգային անվտանգությունը եւ մեզ օրեցօր հեռացնում է ազգային, իրավական եւ ընկերային պետություն կառուցելու գերագույն նպատակից։ Սակայն մենք դիմակայելու ենք եւ արդեն երեւում է, որ դիմակայելու ենք շատ մեծ մարտահրավերների, եւ ազգովին պետք է դիմակայենք։ Այս առումով մենք պետք է կարողանանք վերագտնել 88-ի զարթոնքի ներուժը։ Իշխանությունները, ազգային ուժերը պետք է վեր կանգնեն նեղկուսակցական, անձնական շահերից եւ համախմբվեն։ Եվ Սփյուռքը, որ փաստորեն այսօր օտարված է, պետք է պարզապես մասնակից դառնա Հայաստանի եւ հայության ճակատագրին։
– Դուք հավանաբար նկատի ունեք նաեւ այն գումարները, որն ակնկալվում է ձեր կուսակցության միջոցով բերել Հայաստան։
– Այո, մեր անշարժ տնտեսությունը պետք է վերականգնվի եւ դրա համար մեծ դերակատարություն կարող են ունենալ մեր սփյուռքահայերի ներդրումները։ Նախ՝ անհրաժեշտ է, որ Հայաստանում երաշխիքներ ստեղծվեն, որ Հայաստանը կարողանա ընդունել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց ներդրումները։
– 98-ին ՀՅԴ-ն սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, նախագահ դառնալուց հետո՝ նույնպես։ Վերջին իրադարձությունների արդյունքում կարծես թե վերաբերմունքի փոփոխություն է նկատվում։ Ընդհանուր ժողովը քննե՞ց նախագահ-Դաշնակցություն հարաբերությունների հարցը։
– Ընդհանուր առմամբ, իհարկե, իշխանափոխության գնահատականը տրվեց, հստակ ասվեց, որ 98 թվականի իշխանափոխությունը նախորդների վարած ուղեգիծը մերժելով հանդերձ, դրական որոշակի միտումներ դրսեւորելով եւ որոշակի հույսեր առաջացնելով հանդերձ, ծրագրով հռչակած նպատակներին համապատասխան վճռականություն եւ հետեւողականություն հանդես չբերվեց։ Արդյունքում դա չբերեց իրավիճակի արմատական եւ խորքային փոփոխության։
– Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացման ժամանակ վարչապետ Արամ Սարգսյանը շատ դրական արտահայտվեց Դաշնակցության մասին, չթաքցնելով անձնական համակրանքը։ Այդ համակրանքը փոխադա՞րձ է։
– Դաշնակցությունը 110 տարի ունեցել է իր ուրույն նկարագիրը եւ ուրույն դեմքը, երբեք չի եղել այս կողմինը կամ այն կողմինը։ Մենք միշտ իրականացրել ենք մեր սկզբունքերից բխող քաղաքականություն։ Արամ Սարգսյանին մենք դիտել ենք եւ շարունակում ենք դիտել որպես այն մարդը, որն ամենաերաշխավորված ձեւով կշարունակի իր եղբոր քաղաքականությունը։
– Քանի որ կուսակցության կենտրոնը տեղափոխվեց Երեւան, ուրեմն հայաստանյան կենտրոնն ամենաուժե՞ղն է։
– Այո, Գերագույն մարմինը որոշակի տարբերություն արձանագրում է, եւ դա բնական է, սակայն կանոնադրային իրավունքների առումով մենք հավասար ենք։ Բայց այն հսկայական դերը, որ ունի Հայաստանի պետականությունը Դաշնակցության ծրագրում, այդ առումով Գերագույն մարմնի տեսակարար կշիռը բավականին բարձր է։
Հարցազրույցը վարեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ