Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած փոշմանող պետք է մի բանով տուժի, չէ՞»

Փետրվար 17,2000 00:00

Համախառն ներքին արտադրանքի 75%-ը գալիս է մասնավոր սեկտորից, այսինքն՝ սեփականաշնորհված ձեռնարկություններից։

Փորձը ցույց է տալիս, որ մասնավորն ավելի լավ է աշխատում, քան պետականը։ Ասում ենք, կոռուպցիան բարգավաճում է, իսկ որտե՞ղ, իհարկե՝ ոչ թե մասնավոր սեկտորում, այլ՝ պետական։ Սրանք հարցեր ու պատասխաններ են, որոնք սեփական ասուլիսի ընթացքում հնչեցնում էր սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։ Նախարարը ասաց, որ այժմ փորձում են քիչ թե շատ աշխատող ձեռնարկությունները վաճառել։

Պավել Ղալթախչյանի կարծիքով՝ «մեր ներսի ներդրողներն էլ պակաս հնարավորություններ չունեն, եկեք ճիշտը խոսենք, ուղղակի պետք է պայմաններ ստեղծենք, որ էդ մարդիկ ռիսկով մասնակցեն սեփականաշնորհման»։

«Կոնյակի» գործարանի սեփականաշնորհման եւ դրանից եկած կամ չեկած օգուտների մասին հարցին սեփականաշնորհման նախարարը պատասխանեց. «Իսկ եթե գործարանը պետական մնա՞ր, արտադրանքի 90%-ը Ռուսաստանում էր իրացվում, ի՞նչ կտար այսօր այդ պետականը։ (…) 98 թվականին 26 հազար տոննա խաղող մթերվեց, դրանից առաջ ամենաբարձր մթերումը եղել էր 17 հազար տոննա եւ այն էլ 30-40 դրամով, երբ խաղողը մթերել էին, գումարը գյուղացուն չէին տվել»։ Ավելի ուշ նախարարը խորհուրդ տվեց՝ հարցը՝ թե ի՞նչ տվեց «Կոնյակի» սեփականաշնորհումը, ուղղել ոչ թե նախարարին, այլ՝ «գնացեք գյուղացուն հարցրեք»։ Հին դարմանը քամուն չտանք, եւ Կոնյակի գործարանի մասին հարցերով այլեւս չանհանգստացնենք նախարարին, պարզապես այս մասի վերջում ասենք, որ գործընկերներիցս մեկը դիմելով Պավել Ղալթախչյանին ասաց. «Ձեր անունը հավերժ կմնա Կոնյակի գործարանի սեփականաշնորհման հետ կապված»։ Իսկ էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին հարցին սեփականաշնորհման նախարարը պատասխանեց. «Մենք էլ ենք զգում ԱԺ-ի քննարկումների կարիքը, մենք ինքներս ենք դիմել, որ ԱԺ-ում քննարկումներ լինեն։ Եթե Հայաստանում կան 10 կամ ավելի ձեռնարկություններ, որոնց սեփականաշնորհման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ում, որպեսզի հետո կառավարություն-ԱԺ, միասին կարողանան ժողովրդին պատասխան տալ»։ Իսկ սեփականաշնորհման նախարարությունը պետք է կարողանա համոզել, որ սեփականաշնորհումը նպատակահարմար է, «բայց պետք է ապահովվի, որ սակագների հարցը նորմալ ընթանա, էներգետիկ հանձնաժողովը ռեալ լծակներ ունենա», հակառակ դեպքում, եթե «վաճառենք ու ձեռք քաշենք, մեզանից, մեր ժողովրդից է այդ ամենը դուրս գալու»։

Սեփականաշնորհման լավագույն ձեւը, ըստ նախարարի, մրցույթ հայտարարելն է. «Մենք պետք է դնենք մեր պայմանները» եւ տեսնենք, թե ի՞նչ ներդրումներ են առաջարկվում, «եթե մեզ պայմանները հարմար չեն, չենք ընդունի»։ Նախարարը նրբանկատորեն իրենից առաջ սեփականաշնորհմամբ զբաղվողների մասին («նախկինների») ոչ մի վատ բան չուզեց ասել. «Պետք չի ասել, թե մեր նախորդն այսինչ բանը լավ չէ արել, անենք՝ կգնահատեն։ Եթե չորրորդն էլ չասի, երրորդը կասի»։ Պ. Ղալթախչյանի կարծիքով, «մարդիկ չորրորդից են վախենում», բայց՝ «երրորդ էլ կա»։ Իսկ գործընկերներիս կարծիքով, հիմա այնպիսի օրեր են, որ ոչ չորրորդ իշխանությունից, ոչ էլ երրորդից, վախեցող չկա։ Անվախների ժամանակաշրջան ենք թեւակոխել, երեւի վախն էլ ենք սեփականաշնորհել։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Իրեն ուղղված ռուսերեն մի հարցին Պ. Ղալթախչյանը հայերեն պատասխանեց, ասելով՝ «եկեք հայերեն խոսենք, հա՞, ճիշտ է, հիմա ընդունված է, որ նախարարը մեկ-մեկ պետք է անգլերեն բառեր ասի, որ շատ խելոք երեւա, բայց ես միշտ հայերեն եմ խոսել»։ Մեր կողմից էլ ասենք, որ որոշ նախարարների (խոսքը սեփականաշնորհման նախարարի մասին չէ) նույնիսկ ճապոներեն խոսելը չի օգնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829