Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽՈՒՄ ԷԻՆ ԱՆԻՆ ԵՎ ԴՎԻՆԸ։ ԾԽՈՒՄ ԷՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Փետրվար 17,2000 00:00
Toto

Բյուջետային քննարկումների ընթացքում նախ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանն էր պատգամավորներին իրեն օգնելու եւ միասին պայքարելու կոչ արել։ Երեկ էլ համանման մի կոչ արեց պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը։

Դեպքը տեղի ունեցավ այսպես. Սմբատ Այվազյանը պնդում էր, թե ծխախոտի մաքսանենգության ծավալներն այդչափ մեծ չեն։ Ու հանկարծ տեսավ, թե իր դիմաց նստած Խաչատուր Սուքիասյանը մի այնպիսի ծխախոտ է ծխում, որը պաշտոնապես չի ներկրվում Հայաստան, այսինքն՝ մաքսանենգ ապրանք է։ «Քանի դեռ Սուքիասյանը սա ծխում է՝ ինքը կարող է ամեն տեղ հայտարարել, որ հանրապետությունում մաքսանենգություն կա,- ստիպված էր արձանագրել նախարարը, բայց եւ բողոքեց։- Հիմա եթե ԱԺ պատգամավորները մեզ չօգնեն՝ մենք ո՞նց ենք պայքարելու մաքսանենգության դեմ։ Դա հո մենակ մեր խնդիրը չի՞, ամբողջ պետության խնդիրն է»։ «Միանշանակ է,- կեսկատակ հաստատեց հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը՝ ավելի շատ Խաչատուր Սուքիասյանի հոգու հետ խաղալու համար,- եթե քաղաքացին կաշառք է տալիս՝ օժանդակում է կաշառակերությանը։ Եթե օգտվում է մաքսանենգ ծխախոտից…»։

Երեկ ամբողջ օրը՝ ժամը 11-ից մինչեւ 17-ը պատգամավորների հարցասիրության զոհն էր դարձել պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։ Ասենք, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին մասնավորապես հետաքրքրում էր, թե ֆիզիկական անձանց եկամուտների եւ ծախսերի հայտարարագրումը (որի մասին այսքան տարի խոսվում, բայց ոչինչ չի արվում)՝ ինչ փուլում է։ Արմեն Ալավերդյանն ի պատասխան հրապարակեց, որ 1998-1999-ին 13-14 հազար սուբյեկտ է եկամուտների հայտարարագիր ներկայացրել։ «Ակնկալում ենք, որ մինչեւ մարտի 1-ը հայտարարագիր կներկայացնեն ավելի շատ քանակով անհատ ձեռներեցներ»։ Ի դեպ, հիշեցրեց, որ կառավարության գործունեության ծրագրում էլ ներառված էր ծախսերի հայտարարագրերի մասին դրույթը։ Ընդ որում՝ համապատասխան օրենքի նախագիծ էլ կա կառավարությունում՝ «Պաշտոնատար անձանց եկամուտների եւ գույքի հայտարարագրման» վերաբերյալ, որը շուտով ներկայացվելու է խորհրդարանին։

Հերմինե Նաղդալյանը նաեւ հիշեց, թե ինչ «դեսանտ» էր իջել ԱԺ-ում, երբ բյուջեից առաջ հարկավոր էր ընդունել օրենքը հաստատագրված վճարների մասին, ինչպես էին ապացուցում դրա օգտակարությունը։ Մինչդեռ հաստատագրված վճարների անցնելու պատճառով տուժեց փոքր ու միջին բիզնեսը (սա Վարդան Խաչատրյանի պնդումն էր), փակվեցին շատ կրպակներ։ Իսկ, ասենք, կազինոները, որոնց հաստատագրված վճարների միջոցով ցանկանում էին գոնե մղել քաղաքի ծայրամասերը՝ շարունակում են մնալ կենտրոնում եւ դեռ ավելանալ։ Եվ սա այն պայմաններում, երբ ըստ պրն Ալավերդյանի, կազինոներից 2,5 անգամ ավելի շատ հարկ է գանձվել, քան 1998-ին։

Թեժ քննարկում ծավալվեց մի օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը շուտով ներկայացվելու է խորհրդարանին։ Ըստ այդմ, ծխախոտի մեկ արկղից գանձվող հարկի չափը պիտի դառնա 150 դոլարին համարժեք դրամ։ Պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանն իր աշխատանքի 8 տարիների փորձառության հիման վրա մտավախություն հայտնեց, թե «հարկային մարմինները հաստատագրված վճարի չափով եկամուտների նոր սիստեմով հարկման դեպքում հնարավոր է, որ չհավաքեն այնքան՝ ինչքան նախատեսված է բյուջեի այս նախագծում»։ Վարդան Խաչատրյանը հետաքրքրվեց՝ անհաղթահարելի՞ բարդություններ են առաջանալու, թե՞ աշխատանքի ընթացքում լուծվելիք խնդիրներ։ Արմեն Ալավերդյանի պատասխանը, որոշ իմաստով, փոխաբերական էր. «Դուք գիտեք, որ ներմուծման կրճատում է եղել 1999-ին 1998-ի նկատմամբ։ Բայց նաեւ տեղյակ եք, որ բյուջեի նախագծում ներմուծման ծավալների աճ է նախատեսված»։ 2000 թ.-ի բյուջեի «իրատեսական» անվանումը լրջորեն վիճարկող այս փաստարկը միակը չէր։ Պրն Ալավերդյանը հիշեցրեց նաեւ դեմոգրաֆիկ՝ բնակչության քանակի, մարդկանց գնողունակության եւ պահանջարկի խնդիրների մասին եւ տարակուսանք հայտնեց, թե ուրեմն՝ «ներմուծման ծավալների աճն ինչի՞ հաշվին պիտի տեղի ունենա»։

Վարդան Խաչատրյանի վերոհիշյալ հարցին պատասխանեց նաեւ Սմբատ Այվազյանը. «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ լավ աշխատելու դեպքում հնարավոր է, որ նույն մակարդակի մուտքեր ապահովենք»։

Հետաքրքիր կլիներ, եթե Արմեն Ալավերդյանի հիշատակած բոլոր խնդիրները զանցառած բյուջեն այնուամենայնիվ չթերակատարվեր։ Մանավանդ, որ վերջին տարիներին որեւէ բյուջե չի կատարվել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829