ԱՆԹԻԼԻԱՍԸ ՀՅԴ-ԻՆ ՀԵՐԻՔ ՉԷ՞ «Առավոտին» հաջողվեց պարզել, թե կրոնի գործերի պետական խորհրդում դարձյալ դաշնակցական նշանակելու իր մտադրության մասին խոսելով՝ վարչապետ Արամ Սարգսյանը նկատի ուներ ՀՅԴ Բյուրոյի արդեն նախկին անդամ Մասիս Բաղդասարյանին։ Սակայն այս խնդիրը դեռեւս վերջնականապես որոշված չէ, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, կաթողիկոսը տեղին չի դիտում այս պաշտոնին կուսակցականի նշանակելը։ ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՏՐԵԼ ԱՅՍ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Իրավապահ մարմինների ղեկավարներին Վանո Սիրադեղյանին կալանավորելու վերաբերյալ հրահանգ տալը բավարար չհամարելով, նախագահի աշխատակազմի ղեկավարն օրենսդրական պարզաբանման համար դիմել է ԱԺ։ Եվ երբ նրան բացատրել են, թե մինչեւ օրենսդրական անկատարության վերացումը, այսինքն՝ մինչեւ դատավորներին էլ հնարավորություն չտրվի միջնորդությամբ ԱԺ-ին դիմել, պատգամավորին հնարավոր չէ կալանավորել, Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ դա շատ ուշ կլինի։ ԱՄԵՆ ԿԱՏԱԿՈՒՄ ԿԱ ԿԱՏԱԿԻ ՀԱՏԻԿ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանից «Առավոտը» փորձեց ճշտել՝ ինչպե՞ս են վերաբերվում ԼՂՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանի գործունեությանը եւ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ պաշտոնից ազատվի, Ղարաբաղում նրան ինչպես կընդունեն։ – Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը Ղարաբաղ չի գա, կարծում եմ պաշտոնանկ լինելուց հետո նա Պուտինի աշխատակազմի ղեկավար կաշխատի,- կատակեց Կարեն Բաբայանը։ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՓՈՂԵՐԸ Անցած տարի պլանավորված 12 մլրդի փոխարեն սեփականաշնորհման արդյունքում բյուջե է մուտք գործել 19,5 մլրդ դրամ։ Այս տարի նախատեսված է 15-16 մլրդ, բայց սեփականաշնորհման նախարարն ավելի շատ է ակնկալում։ Նախարարի ասուլիսի մասին կարդացեք էջ 3: