Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալիս

Փետրվար 17,2000 18:28

ԱԺ այն պատգամավորները, որոնք նախկինում գործարար են եղել, այժմ խիստ անհանգստացած երկրի տնտեսական ծանր, անկայուն վիճակով՝ որոշել են խմբավորում կազմել եւ տնտեսության փրկության համար քննարկումների դաշտ ստեղծել։ Նախաձեռնող խմբի անդամներից մեկի՝ «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանի կարծիքով, խորհրդարանում կա այդ տնտեսական օղակի բացը, որ իրենք փորձելու են լրացնել: Այս մասին նրա պարզաբանումները «Առավոտին»:

– Մենք, իբրեւ նախկին տնտեսվարողներ, հասկանալով, որ երկրի տնտեսությունից է կախված մյուս բոլոր բնագավառների լավ կամ վատ վիճակը, փորձում ենք ոչ թե մասնակի քայլերով, օրենքների կոսմետիկ փոփոխություններով հասնել կարգավորման, ինչն անհնար է մեր կարծիքով, այլ՝ համախմբելով եւ ԱԺ-ի խմբեր-խմբակցությունների եւ ԱԺ-ից դուրս հանրապետության մասնագիտական պոտենցիալը, ավելի կոորդինացված կերպով լուծել փաթեթային խնդիրներ։ Սրանով նաեւ մենք փորձում ենք կառավարության հետ ավելի կոնստրուկտիվ խոսել, ոչ թե անհատ պատգամավորներով օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, այլ ստեղծել ավելի լուրջ, գիտականորեն հիմնավորված դաշտ։ Սա հնարավորություն կտա վերլուծության արդյունքում ստանալ համապատասխան պրոդուկցիան եւ մեր համապատասխան խողովակներով՝ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային, պետաիրավական եւ այլ հանձնաժողովներով փորձենք մեր առաջարկություններն առաջ տանել։

Եթե կառավարությունն է օրենքի կատարողը եւ օրենսդրական նախաձեռնությունը մեծ մասամբ նրա կողմից է լինում, հասկանալի է, որ կատարողը իրեն հարմար գործունեության դաշտ է ստեղծում։

– Ինչ է, հույսներդ կտրեցի՞ք կառավարության այս կազմից, որ այդ քայլերին եք գնում։

– Բոլորովին։ Նման պայմաններ մենք ունեցել ենք նաեւ առաջ, ուղղակի այսօր կան շահեր։ Եթե հիշում եք, մինչեւ 27-ը կային ղեկավարներ, որոնք իրենց հետեւից տանում էին։ Այսօր այդ լիդերները չկան։ Այսօր որոշակի վակուում կա՝ նկատի ունենալով վարչապետի անփորձությունը։ Կառավարությունը կարճ ժամանակահատված է աշխատել, եւ ես չեմ կարող գնահատական տալ ողջ կառավարության աշխատանքին։ Նրա որոշ անդամներ, ովքեր տարիների ընթացքում իրենց չեն արդարացրել, չպետք է տեղ զբաղեցնեն կառավարությունում։

Իսկ մեր խմբավորման ձեւավորումը քաղաքական որեւէ նպատակ չի հետապնդում։ Մենք չենք կարեւորում կառավարության կազմը, այսօր կարեւորում ենք աջակցել ընդհանուր պետական քաղաքականությանը, մասնավորապես տնտեսական քաղաքականությանը եւ ոչ միայն այսօր, այս իշխանության օրոք, այլեւ առհասարակ։ Քանի որ մեր գործունեության նպատակը ոչ թե կառավարության աշխատանքներին խոչընդոտելն է, այլ նրա հետ կոնստրուկտիվ համագործակցությունը։

– Ճիշտ է, նախաձեռնությունները կառավարությունից են գալիս, բայց օրենսդիրը դուք եք։ Ի վերջո, դուք եք որոշում՝ այդ նախաձեռնությունը օրենք կդառնա՞, թե՞ ոչ։

– Կառավարությունն իրականացնում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իր ֆունկցիան, սակայն ուժերի կոնսոլիդացիան կտանի նրան, որ մենք կստեղծենք հավասարակշռություն։ Մենք ավելի ռադիկալ քայլերի ենք ուզում գնալ, կներկայացնենք այն խնդիրները, որ կառավարության դաշտից գուցե դուրս են մնացել։ Մենք խոսում ենք այն սուբյեկտիվ խնդիրների մասին, որոնք կան, սակայն չկա ուժերի միավորում, որը ի հայտ կբերի եւ օրենսդրական դաշտ կտեղափոխի այդ խնդիրները, որ դրանք չխանգարեն մեր տնտեսվարողներին։ Հետագայում մեր խումբը կարող է դառնալ տնտեսվարող սուբյեկտների պաշտպանը եւ գործունեության երաշխավորը։ Մեկ- երկու պատգամավորով այդ հարցերին անդրադառնալը այլ խնդիր է, իսկ ընդհանուր շահեր ունենալու կտրվածքով նրանք, ովքեր հասկացել են, որ հիմնարար խնդիրը տնտեսությունն է, որից եւ ածանցվում են մյուս բոլոր բնագավառները, զբաղվելու են տնտեսվարողներին խանգարող խնդիրներով։ Մենք խորացնելու ենք մեր կապերը տնտեսվարողների հետ, որպեսզի օրըստօրե ինֆորմացիայի լուրջ հոսք ունենանք եւ ըստ դրա կողմնորոշվենք՝ որ օրենքն է լավ, որը՝ վատ։ Սակայն ասեմ՝ ինչպիսի հարկային օրենսդրություն էլ մենք ստեղծենք, նույնիսկ իդեալական, միայն այդ օրենսդրությամբ տնտեսվարողը չի աշխատի։ Բոլոր հարցերը փոխկապակցված են, եւ մենք դրանք փաթեթով ենք ուզում լուծել։

– ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը բավարար չէ՞ այդ խնդիրները լուծելու համար։

– Եթե մենք տնտեսության ակտիվացման խնդիր ենք դնում, չի նշանակում, որ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի խողովակով անցնող օրենքները դեռ բավարար են, եւ այդտեղ աշխատելու դեպքում մենք հարցերը կկարգավորենք։ Պետաիրավականում էլ լուրջ խնդիրներ ունենք։

– Ովքե՞ր են նախաձեռնող խմբի անդամները եւ քանի՞սն են նրանք։

– Երկու տասնյակից ավելի են։ Դեռ էլի ցանկացողներ կան, ենթադրում եմ, որ թիվը կմեծանա։

– Հիմա ամենատաքը էներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման թեման է։ «Կայունություն» խումբը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, մանավանդ «ԱրմենՏելի» շուրջ աղմուկի ֆոնին։

– Ճիշտ նկատեցիք «ԱրմենՏելը» եւ դրանից հետո՝ ստրատեգիական մեկ այլ կառույց՝ էներգետիկան։ Մեր կողմից մտահոգություն կա այս հարցում։ «ԱրմենՏելը» լուրջ պրոբլեմ է՝ մեր առջեւ ծառացած, եւ դրա դառը փորձից ելնելով այժմ փակ աչքերով որեւէ, նույնիսկ լավ քայլ չպետք է կատարենք։

1997-ին քվեարկել ենք, որ բաշխիչ ցանցերը մտնեն սեփականաշնորհման ծրագրի մեջ։ Բայց դա չի նշանակում, թե դրանք անպայման պետք է սեփականաշնորհվեն։ Մենք դեռ կքննարկենք այդ հարցը։ Նման ստրատեգիական օբյեկտի վերահսկիչ փաթեթը սեփականատիրոջը հանձնելը լուրջ խնդիր է։ Թող պոպուլիստական չհնչի, բայց գրքի երկու կողմն էլ պետք է կարդանք։ Եթե փաթեթը չենք տալիս, ապա ներարկումները ինչպե՞ս պետք է կատարվեն, որտեղի՞ց կգտնվեն այդ գումարները։ Գումարի չափը քննարկումների արդյունքում կճշտվի։ Մենք ունենք ներքին ռեսուրսներ, եւ բոլորովին պարտադիր չեմ համարում, որ միանգամից գնանք բոլոր կառույցների սեփականացմանը։ Մասնակի քայլերով կարելի է անել։ Բայց վերահսկիչ փաթեթի հարցը վտանգավոր է։ Միգուցե ցանցերի մասնակի սեփականաշնորհմանը համաձայնենք այն դեպքում, երբ համոզվենք, որ իրոք ներդրումների այդ գումարի անհրաժեշտությունը կա (որպեսգի չհայտնվենք 90-93թթ. խավարի մեջ), բայց մենք ընդհանրապես այդ գումարը չունենք։ Չունենք նաեւ ներքին ռեսուրսներ, աղբյուրներ։ Ենթադրում եմ, որ քննարկումների ընթացքում կգտնենք այդ ռեսուրսները։ Իսկ այսօր պետք չէ շտապ սեփականաշնորհել, բայց մասնակի սեփականաշնորհելուն՝ 20- 30%-ի դեպքում մեծ պրոբլեմ չենք տեսնում։

Մենք կփորձենք պնդել նաեւ «Ջրմուղ» ցանցի օրինակով ցանցերի ոչ թե սեփականաշնորհման հարցը, այլ կառավարման իրավունքը փոխանցելու։

Սակայն մենք կարեւորում ենք նաեւ, նախ՝ ներդրումների համար վստահության մթնոլորտի առկայությանը, երկրորդ՝ առանց հիմք ունենալու ներդրումներ կատարողին չի կարելի զրկել իր պայմանագրային իրավունքներից։ Շեշտում եմ՝ առանց հիմքերի։

Զրուցեց Արեւհատ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հ.Գ. Կարծում ենք, իրենց ցանկություններում եւ առհասարակ նախկին գործարար ներկա պատգամավորները անկեղծ են, բացառությամբ այն պնդման, որ իրենք նախկի՛ն գործարար են։ Կարծում ենք, նրանք իրենց մաշկի վրա ոչ միայն զգացել, այլև զգում են տնտեսական դաշտի բարելավման անհրաժեշտությունը։ Իսկ ներկա գործարարների հետ կապեր խորացնելն այնքան էլ դժվար չի լինի: Չէ՞ որ դա կլինի կապի խորացում կամ ինքն իր, կամ եղբոր ու հորեղբոր տղայի հետ, որոնց «նախկին» գործարարներն իրենց «օբյեկտները» «փոխանցել» են պատգամավոր դառնալուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829