Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստային օդանավակայաններ՝ էքսնախարարների համար

Փետրվար 16,2000 00:00
Toto

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերը թափանցիկ ու անթափանց շարունակում են շրջանառության մեջ մնալ։ Արդեն տրված են համապատասխան հանձնարարականները եւ վարչապետի համակրանքը վայելողների մի խումբ զբաղվում է կառավարության նոր վերաձեւմամբ։

Վերջնական «պրիմերկան» հավանաբար կլինի գարնան սկզբին։ Եթե իրոք 24 նախարարություններից 10-ը խուզվեն, ավելի ճիշտ՝ սերտաճեն մեկմեկու մեջ, ապա տասը պորտֆելակիր կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։ Սակայն քանի որ մեզանում բարի ավանդույթ է դարձել, որ կոտրած տաշտակի առաջ սովորաբար հայտնվում են հասարակ մահկանացու մասնագետները, եւ ոչ թե նախարարացուները, ապա հաստատ է, որ յուրաքանչյուր նախարար արդեն իսկ իր գլխի ճարը տեսել է, եւ իր համար սեփական պահեստային օդանավակայան է պատրաստել, ինչպես ժամանակին այդ բանն արեց առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը։ Ներկայիս նախարար Հայկ Նիկողոսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության մասին լուրերն էլ իրենք իրենց խամրեցին, պատճառը պարզ է՝ սպասենք կառուցվածքային փոփոխություններին, մանավանդ ոչ ոք չի թաքցնում, որ սոցիալական եւ առողջապահության նախարարությունները հնարավոր է «մերձեցման» եզրեր գտնեն եւ դառնան մեկ մարմին՝ երկու գլխով։

Այսպիսի երկգլխանի, եռագլխանի նախարարություններ էլի կլինեն, ինչպես օրինակ՝ էներգետիկայի, քաղաքաշինության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունները։ Իսկ ի՞նչ պակաս զույգ կկազմեն փոստի եւ հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարարությունները։ Թե ո՞վ կլինի սրանցից յուրաքանչյուրի գլխավոր գլուխը, կախված կլինի գործող նախարարներից յուրաքանչյուրի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հմտություններով, ո՞վ ավելի շատ։ Նախապես ենթադրություններ չանենք, բայց նախարարական պորտֆելները բոլոր երկրներում թանկ արժեն, իսկ մենք ումի՞ց ենք ավել։ Ուժային նախարարություններն այս վերաձեւումից զերծ կմնան, երեւի այն պատճառով, որ նրանց այս պահի հագուստն իրենց եւ ուրիշներին առայժմ չի նեղում։ Եթե մի քիչ փոքրություն անի, ապա ՆԳ-ն եւ ԱԱ-ն կրկին կդառնան մեկ գլուխ, մեկ մարմին։

Իհարկե, որքան չինովնիկները քիչ լինեն, այնքան լավ, բայց, արի ու տես, որ սա դեռ վերջը չէ։ Նախարարի աթոռը կփոխարինվի վարչության պետի, կառավարությանն առընթեր «շատ կարեւոր» կառույցի ղեկավարի կամ էլ՝ միջազգային որեւէ կազմակերպության հայաստանյան գլխավորի աթոռով։

«Նեղ արա, տեղ արա» ժողովրդական այս ասացվածքը ճիշտ այսօրվա համար է ասված։ Նախարարներն ակնհայտորեն վարչապետին կհիշեցնեն իրենց մինչ այժմ չբացահայտված, նաեւ՝ բացահայտված արժանիքների մասին (այն է՝ իրենք մանկուց երազել են նախարար դառնալ, մի կոտրեք նրանց մանկության երազանքը) եւ հարցերը կլուծվեն։

Այս մոդելը եթե չաշխատի էլ, հոգ չէ։ Մեր նախարարները թաց տեղ պառկող չեն, եւ հաստատ Զբաղվածության եւ աշխատանքի վարչության մոտ աշխատանքի սպասելու հույսով հերթ չեն կանգնի։ Գոնե այդպիսով օգուտ կտան երկրիս՝ չեն համալրի գործազուրկների շարքերը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829