Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Փետրվար 16,2000 00:00
drosh

Սերս՝ յարիս հետ

Տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը ժամանել է Հայաստան եւ ինչ-որ համաձայնագիր է ստորագրել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ, հայ հասարակայնությանն առանձնապես չհուզեց։ Ավելին. գուցե ինչ-որ տեղ նաեւ ոգեւորեց, թե դրանով մեր ազգային անվտանգության ամրապնդման հարցում մի մեծ «լոք» ենք անում։ Գուցե եւ «լոք» ենք անում, բայց՝ դեպի ո՞ւր, կամ ինչպե՞ս։

ՌԴ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) Ելցինի հրամանով ստեղծվել է 1992-ին եւ մինչեւ 1993-ի սեպտեմբերը գործել է իբրեւ կոլեգիալ մարմին, որի բոլոր մշտական անդամները ի պաշտոնե եղել են գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարները։ Այնուհետեւ Ելցինն ԱԽ-ի կազմն ինքն է սկսել ընտրել՝ այդպիսով այն դարձնելով ՌԴ նախագահին առընթեր խորհրդակցական մարմին։

Այժմ ՌԴ ԱԽ-ն ունի հինգ մշտական եւ 16 սովորական անդամներ։ Որոշումները ձայների պարզ մեծամասնությամբ ընդունվում են ԱԽ-ի մշտական անդամների կողմից եւ ուժի մեջ են մտնում միայն խորհրդի նախագահի (ՌԴ նախագահի) հաստատումից հետո։ Շեշտում ենք, ՌԴ ԱԽ-ն ունի որոշումներ կայացնելու իրավունք։

Հիմա այդ ԱԽ-ն համաձայնագիր է ստորագրում ՀՀ ԱԽ-ի հետ, որը, ըստ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի, խորհրդակցական մարմին է եւ որոշումներ կայացնելու իրավունք չունի։ Անդամներն են ի պաշտոնե՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները, պաշտպանության, արտաքին գործերի, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարները։ Մեր Սահմանադրությունն այս խորհրդի գոյությունը չի պարտադրում եւ նրանից ակնկալիքներ էլ չունի։ Խորհուրդը կարող է հարցեր քննարկել, կարծիք հայտնել։ Իսկ ԱԽ նախագահը (նույն ՀՀ նախագահը) ինքն է որոշում՝ հաշվի առնել կամ ոչ այդ կարծիքը։ Թե համագործակցության ի՞նչ աստիճանում են այս երկու՝ կարգավիճակներով միանգամայն տարբեր մարմինները, մնում է անհայտ՝ թերեւս այն պատճառաբանությամբ, որ ազգային անվտանգության հարցերը հրապարակման ենթակա չեն։ Այստեղ գուցե շահարկվում է այն հանգամանքը, որ երկուսի անունն էլ անվտանգության խորհուրդ է, բայց թե որն իրենից ինչ է ներկայացնում՝ շատ էլ պետքներս է։

Եթե այդ համաձայնագրի կնքումը մեր եւ մեր մեծ եղբոր անվտանգության շահերից է բխում, տարօրինակ է, որ մեր մեծ եղբայրը չգիտի, թե ում հետ է այն կնքում կամ չգիտի, որ ՀՀ-ն ունի ազգային անվտանգության նախարարություն։ Եթե գիտի ու կնքում է, ուրեմն առանձնապես կարեւորություն չի տալիս դրան։ Երկու դեպքում էլ ստացվում է, որ ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը չի զիջում նախարարի՝ իր երբեմնի դիրքերը՝ գտնելով, որ եթե ինչ-որ ժամանակ զբաղվել է ազգային անվտանգության հարցերով, ապա այլեւս միշտ դրանով պետք է եւ կարող է զբաղվել։ Նույն տրամաբանությամբ նա ազգային անվտանգությունն իր իրավասության հարցը կհամարեր նույնիսկ գյուղնախարարի պաշտոնում։ Մինչդեռ ԱԽ քարտուղարի պաշտոնը պետք է որ բավական տրիվիալ, եթե ոչ՝ ձեւական բնույթ ունենա. կազմակերպել խորհրդի նիստերը, անդամներին ապահովել փաստաթղթերով եւ այլն։ Այդ դեպքում՝ համակարգի՞, թե՞ անձի կարեւորության խնդիր կա։

Իսկ եթե օրակարգում ՀՀ ԱԽ-ին ուրիշ կարգավիճակ տալու հարց կամ առնվազն անորոշ հեռանկար կա, այդպես էլ կասեիք։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829