Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարկ դահլիճում ձայնը բարձր է հնչում

Փետրվար 15,2000 00:00
bakur

Իրենց հայ մտավորականության պանծալի զավակներ համարող Սիմոն Կամսարականն ու Բակուր Կարապետյանը երեկ էլի «հայ մտավորականների արտակարգ հավաք» էին կազմակերպել։ Երկու մտավորականները լրագրողների ներկայությամբ հայ լրագրության ողբալի ներկան ու անորոշ ապագան քննարկելու խնդիր ունեին։

Այս մարդիկ նախ հայտարարեցին լրագրությունը փրկելու նպատակով ստեղծվող սեկցիայի մասին։ Ներկա լրագրողներին հարց տրվեց. «Կա՞ն կամավորներ (այսինքն՝ սեփական կամքով սեկցիային անդամագրվել ցանկացողներ- Լ. Ա.)»։ Այդպիսիք չգտնվեցին։ «Ե՛ս։ Ե՛ս մանկագիր Հայկուշ Օհանյանն եմ։ Ցանկանում եմ անդամագրվել»,- իր մանկական բանաստեղծությունների ժողովածուն դեպի պրն Սիմոնը հրելով՝ շշնջաց տ. Օհանյանը։ «Ուրիշ կամավորներ, ցանկացողներ չկա՞ն։ (Ձայն չկա- Լ. Ա.)։ Եթե ի հայտ գան, թող դիմեն մեզ»։

Լրագրության մասին թե մեկ, թե մյուս մտավորականն ակնհայտ սխալ պատկերացում ունեին. «Եթե այսօր ճգնաժամի մեջ ենք, ապա կարելի է ասել, որ երկար ժամանակահատվածում ժուռնալիստներն այն դպրոցը չեն ունեցել, որ կարողանան այնպիսի՜ մտքեր սերմանեն մարդկանց մեջ»։

Երկու մտավորականներն էլ պատրաստ չէին թեմայի քննարկմանը եւ արհեստականորեն ինչ-որ անորոշ հարցեր ու հանրահայտ ճշմարտություններ էին ասում։ Լրագրողներին խոսակցությանը ներգրավելու անհաջող փորձից հետո Սիմոն Կամսարականը հավաքին ներկա արդարադատության նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեց. ինչո՞ւ թղթակիցը չի դիմում դատարան, եթե մեկի թալանի մասին գրում է, իսկ այդ թանալողը չի արձագանքում գրվածին։

Արդարադատության ներկայացուցիչը խոսակցությանը չմիանալու վճռականություն ցուցաբերեց՝ կարճ կապելով. «Օրենքով բոլոր հարցերը կարգավորվում են»։ «Այսինքն՝ օրենք կա՞»,- (ո՜վ սուրբ անմեղություն- Լ. Ա.) անկեղծորեն զարմացավ Բակուր Կարապետյանը։ Այո՜, օրենք կար, եւ խոսակցությունը համառորեն չէր ստացվում։ Բայց Սիմոն Կամսարականը՝ որպես ճշմարիտ մտավորական, ասելու նյութ ստեղծեց. «Քանի որ երկիրը վթարային, աղետալի վիճակում է, կարեւորվում է մամուլի աշխատանքը։ Մեզ համար կարեւոր է ճշտել, ինչպես կարելի է ոտի հանել մամուլը, որ կարողանանք մեր երկրին տեր կանգնենք։ Տվյալ վիճակում մեզ չի՛ հուզում, թե դրսում մեր մասին ինչ են ասում՝ սոված են, թե ինչ։ Հուզում է ներսը։ (…) Եթե ժողովրդին կտրեցիր ինֆորմացիայի աղբյուրից, նա երկիր, ժողովուրդ չի։ Մեր մամուլն ինքնանպատակ է։ Լրագրողները բոլոր ազգային սրբությունները ձեռ են առնում (անգամ՝ ճշմարիտ մտավորականությանը- Լ. Ա.)։ Մեզ մնում է պարզել, թե էդ լրատվամիջոցները դա դիտավորյա՞լ են անում, ի՜նչ փող են ստանում դրա դիմաց»։

Մոռանալով, որ քիչ առաջ ինֆորմացիայից կտրվածին ինքը «երկիր, ժողովուրդ» չհամարեց, մտավորական Կամսարականը հիշեց. «Ես հեռուստացույց չեմ դիտում, թերթ չեմ կարդում, իսկ երբ նայում եմ, տեսնում եմ, որ էս երկիրը կործանված է»։

Այս միտքն արդեն հնչում էր համարյա դատարկ դահլիճում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829