Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉՆՉԻՆ, ԻՆՉՊԵՍ…

Փետրվար 15,2000 00:00
Vasak Darbinyan

Հանրապետության նախագահի եւ նրան աջակցող քաղաքական ուժերի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր դարձել է «ռազբիրատների» երկիր։

Հանրության ուշադրությունն անընդհատ մղվում է իրավական ոլորտ։ Օրեցօր ակնհայտ է դառնում, որ «նախորդ հանցավոր ռեժիմին» պատասխանատվության ենթարկելուց բացի նորերն այլ անելիք չունեն։ Այս գերխնդիրը ստվերել է նույնիսկ Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Նախկիններին մեղադրելու, պատժելու, ոչնչացնելու վսեմ առաքելությունը նորերին ոչ մի կերպ հնարավորություն չի ընձեռում երկիրը դարձնել հարուստ ու բարեկեցիկ։ «Թալանչիներին» ու «հանցագործներին» դատելու մտասեւեռումը ժամանակ չի թողնում թեթեւացնել ժողովրդի սոցիալական ծանր վիճակը։ Դեմքի լրջագույն արտահայտությամբ նորերը շարունակ կրկնում են, որ եթե այսօր երկիրն աղքատ է ու ժողովուրդը՝ թշվառ, ապա մեղավորը միայն ու միայն նախկիններն են։ Ահա այս «ծանրակշիռ» փաստարկով են նրանք արդարացնում իրենց անճարակությունը եւ է՛լ ավելի անողոք ու բացահայտ դարձնում պայքարը նախկինների դեմ։ Ահա այսքանով է սահմանափակվում նորերի հերոսական գործունեությունը։ «Մոսկաների», «թափոնների», «ռեւանշիստների» հանդեպ ատելությունն ինքնամոռաց է։ Բանավոր ու գրավոր քարոզչությունն արել է առավելագույնը՝ ստեղծել է բացասական բոլոր գծերով «օժտված» կերպարներ, ի դեմս նրանց՝ մատնացույց անելով ժողովրդի ծանրագույն վիճակի մեղավորներին ու հանցագործներին։ Այժմ արդեն կարելի է դիմել վճռական գործողությունների, մանավանդ որ, հաջողելու դեպքում, հնարավորություն է ստեղծվում իրավիճակին տիրապետելու պատրանք ստեղծել միամիտների շրջանում։

Ահա վճռական գործողության մի նմուշ, որ հրապարակվել է «Առավոտի» նախորդ համարում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախագահի նստավայր են հրավիրել արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին եւ վճռաբեկ դատարանի նախագահին, պատվիրելով կալանավորել Վանո Սիրադեղյանին, անկախ նրանից՝ օրենքո՞վ է, թե՞ ոչ։ Քաջ գիտակցելով, անշուշտ, որ դա օրենքի կոպիտ ոտնահարում է։

Ի՞նչն է հանրապետության նախագահին դրդել այդ քայլին։ Առանց այն էլ խախուտ իր հեղինակությունը փրկե՞լը։ Բայց չէ՞ որ օրենք խախտելով հեղինակություն չեն փրկում։ Ինչո՞ւ է նախագահը հերթական անգամ առիթ տալիս մտածելու, թե իշխանությունը նրա համար ընդամենը կացին է, հաշվեհարդարի միջոց։ Չգիտի՞ արդյոք նախագահը, որ դրանով ոչ մի երկրում ոչ մի իշխանություն իր ժողովրդին չի կերակրել, պետության անվտանգությունը չի ապահովել, առհասարակ առաջընթաց որեւէ քայլ չի արել։ Գուցե դատաքննության ընթա՞ցքն է անբարենպաստ նախագահի ու նրա աջակիցների համար… Ի վերջո, եթե վերջիններս համոզված են Վանո Սիրադեղյանի մեղավորության մեջ՝ ուրեմն պիտի նաեւ համոզված լինեն, որ դատաքննության ավարտից հետո նա կկալանավորվի։ Ինչո՞ւ են, ուրեմն, շտապում։

Այն, որ նախագահն իրոք զգում է իշխանությունը կորցնելու վտանգը՝ նորություն չէ։ Նորություն չէ նաեւ, որ դատաքննությունը ոչ միայն չի հաստատում Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքները, այլեւ խորացնում է կասկածները ամբողջ գործի շինծու լինելու վերաբերյալ։ Այս պարագայում հասկանալի պիտի լինեն հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով լրացուցիչ գործեր «կարկատելու» փորձերը։ Նույնիսկ մամուլի որոշ հրապարակումներում ակնհայտ է «կարկատողի» ձեռագիրը, անգամ մատնանշվում է աղբյուրը՝ Անվտանգության խորհուրդ… «Պահեստային» սպանություններն իրոք որ կարող են երկարաձգել խեղկատակությունը, «պահեստային» մեղադրանքները՝ ընդհուպ մինչեւ ապագայում կատարվելիք հանցագործություններ, կարող են «փոխարինել» մեղադրական եզրակացության մեջ ընդգրկվածներին, որոնք անչափ դժվար կլինի հիմնավորել։

Չէ՞ որ դատաքննությունը հազիվ թե կարողանա պարզել, թե, դիցուք, ինչու քրեական գործ չի հարուցվել Սերժ Ջիլավյանի դեմ, որը, ըստ նախկին գլխավոր դատախազի հանրահայտ միջնորդության՝ «կազմակերպել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը», բայց ահա քրեական գործ է հարուցվել Վանո Սիրադեղյանի դեմ, որը, ըստ նույն միջնորդության՝ «կազմակերպել է Ջիլավյանի սպանությունը»։ Ոչ ոք, ի վերջո, չի սպանվել, ինչո՞ւ է հապա «սպանություններ կազմակերպող» Ջիլավյանը դարձել տուժող, իսկ «սպանություն կազմակերպող» Սիրադեղյանը՝ մեղադրյալ։ Սա ի՞նչ խտրականություն է։

Չէ՞ որ Վահան Հարությունյանի հակասական ցուցմունքները, նաեւ՝ փորձագիտական համապատասխան եզրակացությունները հանգեցնում են հրեշավոր այն կասկածին, թե Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի հարազատներին տրվել են ոչ թե 94-ին անհետ կորածների, այլ չգիտես ում ոսկորները։ Եվ հարազատներն էլ իրենց սուգը սգացել են հանուն չգիտես ինչի կեղծված դիակների մնացորդների եւ օտար լաթերի վրա։

Չէ՞ որ «տուժողի» կերպարանքով մերթընդմերթ դատական նիստերին բարեհաճող Կիմ Բալայանը հազիվ թե կարողանա դատարանին համոզել, որ Վանո Սիրադեղյանն ուզում էր իրեն սպանել, բայց չգիտես ինչու չկարողացավ։

Չէ՞ որ, ի վերջո, յուրաքանչյուր սպանություն իր դրդապատճառն ունի։ Որո՞նք են Հովհաննես Սուքիասյանի կամ Համբարձում Ղանդիլյանի սպանությունների շարժառիթները։ Ո՞րն էր Սիրադեղյանի շահագրգռությունն այդ սպանությունների մեջ։ Մեղադրական եզրակացության պարզունակ դիտարկումները, տրված ու տրվելիք ցուցմունքները բավարա՞ր են լինելու արդյոք ճշգրտելու դրանք։

Այս եւ մնացած դրվագների պարզաբանումը ժամանակ է պահանջում։ Մինչդեռ ոմանք շտապում են։ Երեւում է՝ ժամանակ չունեն։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829