Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուժողի եւ մեղադրողի տեղերը կփոխվեն»

Փետրվար 12,2000 00:00
Arman dangoyan

Ի պաշտպանություն ամբաստանյալ Արման Դանգոյանցի ստեղծվել էր տասնմեկ հոգանոց «Արման» կոմիտե։ Արմանը չորս տարի է, ինչ զրկված է ազատությունից եւ նրան ոչ դատապարտում են, ոչ էլ արդարացնում։

Արմանի դատական պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Արմանը մեղադրվում է երեք պետությունների՝ Հայաստան-Ռուսաստան-Լեհաստանի կողմից հետախուզման մեջ գտնված Արայիկ Պետրոսյանի սպանության մեջ։ «Մի սենսացիոն գործ է ընթանում Հայաստանում»,- իր խոսքն այսպես սկսեց «Արման» կոմիտեի նախագահ Վարդան Պետրոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հայտարարեց, որ Արմանը «կեղծ մեղադրականով դարձել է քաղաքական խաղերի զոհ։ Նա այսօր քաղաքական բանտարկյալ է»։

Վ. Պետրոսյանը դատապարտեց նախաքննությունն իրականացրած նախկինում քննիչ Աղվան Հովսեփյանին, ասաց, որ պատրաստ է ապացուցելու, որ Ա. Հովսեփյանը կեղծիք է թույլ տվել սույն գործը «սարքելիս»։ Նա տեղեկացրեց, որ Արմանն առեւանգված վիճակում, բռնության ենթարկվելով է տվել «ինքնազրպարտիչ» ցուցմունքներ, որ «ինչ-որ հեռախոսային ձայնագրության» սղագրությունն է «դրվել» ապացույցների հիմքում, այն դեպքում, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքների մեջ է մտնում հեռախոսային գաղտնիությունը։

«Ո՞վ է ձայնագրել, ո՞ւր է այն»,- հարցի պատասխանն ի դեպ մենք էլ չենք ստանում՝ մասնակցելով գինեսյան դատավարություններին։ «Արմանը չի զիջի Աղվան Հովսեփյանին, եթե դատարանի դահլիճից էլ ազատ արձակվի»,- իրավապաշտպան կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ տեղերը փոխվելու են եւ ամբաստանյալի աթոռին հայտնվելու է նախկին քննիչը, ներկայիս՝ ՀՀ դատախազի տեղակալը։

Վ. Պետրոսյանն իր կարեկցանքը հայտնեց Արայիկ Պետրոսյանի մորը՝ Ռիմա Գասպարյանին, «որդու անհետանալու համար, ոչ սպանվելու» եւ տարակուսանք հայտնեց, որ մայրը պնդում է, թե որդին սպանված է։ Նպատակը, ըստ Արմանի մոր՝ Ասյա Դանգոյանցի, «համակարգչում որդու տվյալների թաղումն է» եղել։

Տարօրինակ է, որ այս օրերին վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության ժամանակ պարզաբանվում է ասենք. Արայիկը սպանվա՞ծ է, թե՞ ոչ, լուսանկարում (նախաքննական մարմնի մատուցած) ի՞նքն է, ինքը չէ՞։ Ի դեպ, դատաքննության (նախորդ) տարբեր փուլերում Ա. Դանգոյանցի պաշտպան Ռ. Սահակյանի միջնորդությունները մերժվել են։ Նա միջնորդություն էր անում, դատարան բերել Արմանի եւ Աշոտ Արգությանի հեռախոսային խոսակցության ժապավենը։ Չկար, որտեղի՞ց բերվեր։ Եվ եթե լիներ էլ, փաստորեն ձեռք է բերվել օրենքի խախտումներով, ինչն ապացույց չի կարող դիտվել։ Հետաքրքիր մի մանրամասն էլ. Լեհաստանի իրավապահները նույնիսկ մտադրություն, նույնիսկ նախաձեռնություն չեն դրսեւորել, ունեցել կասկածելու Արմանին սպանության մեջ։ Էլ չենք խոսում որդու «նկարագրության» հակասությունների մասին, երբ գտնված դիակը (կամ նկարագրվելիք դիակը) տարբերվում է Արայիկի մոր եւ քրոջ պատկերացրած Արայիկի ֆիզիկական նկարագրից…

Արմանի պաշտպանությունն իրականացնողները միջնորդում են նաեւ, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի, իսկ նրա երկրից չբացակայելը երաշխավորում են անձամբ իրենք՝ անձնական պատասխանատվություն ստանձնելով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829