ՀՀ նախագահը անցած շաբաթ հասկացրեց լրագրողներին, որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական անցուդարձին այժմ հետեւում է «դիտորդի կարգավիճակով»: Ինչ խոսք, շատ բնական կարգավիճակ է երկրի առաջին դեմքի համար: Կարեւորը՝ չափազանց հարմար: Թոշակներն ու աշխատավարձերը ուշանո՞ւմ են, բյուջեն չի՞ լցվում, բիզնեսը մեռե՞լ է, արտագաղթը շարունակվո՞ւմ է՝ այդ ամենի համար «դիտորդը» ամենեւին էլ պատասխանատու չէ: Մեղավոր են երկու տարի առաջ իշխանությունից հեռացած «նախկինները» եւ «ոչ յուրային» կառավարությունը: Ի դեպ, հենց դա են քարոզում «դիտորդին» սպասարկող բազմաթիվ ԶԼՄ-ները:
Հայկ Նիկողոսյանը
Երկրի ղեկավարի օրինակը վարակիչ դարձավ նաեւ առողջապահության նախարարի համար: Շաբաթներ շարունակ նա դիտորդի կարգավիճակով հետեւում էր, թե ինչպես է կազմալուծվում «Շտապօգնության» աշխատանքը՝ «03»-ի մեքենաներում բենզին չլինելու պատճառով: Իհարկե, առողջապահության առջեւ կանգնած են շատ ավելի կարեւոր խնդիրներ, քան հիվանդներին շտապ օգնություն ցույց տալն է՝ նիստեր, խորհրդակցություններ, ռազմավարության քննարկում եւ այլն:
Կարդացեք նաև
Հայաստանի կոմունիստները
Ռուսաստան-Բելառուս չգործող միությունում դիտորդի դերում հանդես եկող եւ այն միության մեջ մեր երկիրը խցկելու մեծ փափագ ունեցող Հայաստանի կոմունիստամետ ուժերը անկեղծորեն տարակուսում են՝ ինչո՞ւ ենք մենք ուզում մտնել Եվրոպայի խորհուրդ, բայց խուսափում ենք «Ռուսաստան-Բելառուսից»: Իսկապես, ի՞նչ տարբերություն կա քաղաքակիրթ Եվրոպայի ժողովրդավարական չափանիշների եւ կոլխոզի նախկին նախագահի վայրենի բռնապետության միջեւ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ