Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՂ ԾԱԽՍԸ՝ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 12,2000 00:00
Vano Siradexyan

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դարձյալ անդրադարձել են քվեարկությունների կեսից ավելին բացակայած պատգամավորների խնդրին։

Ճիշտ կլիներ նշել, թե անդրադարձել են Վանո Սիրադեղյանի խնդրին՝ «Իրավունք եւ միաբանության» անդամները բոլորովին չեն թաքցնում, թե իրենց թիրախը 6-ից հատկապես այս պատգամավորն է։ Աղասի Արշակյանը հանձնաժողովի նախորդ նիստում նրա բացակայությունների եւ անաշխատունակության թերթիկին ծանոթանալու ցանկություն էր հայտնել։ Երեկվա նիստից նա բացակայել է եւ նույն հարցն արծարծել է արդեն Հայկ Բաբուխանյանը։ Նրան միացել էր նաեւ Արշակ Սադոյանը՝ կեսկատակ ասելով, թե բերեք ստուգենք այդ «բյուլետենը»։ Բայց երբ Ստեփան Զաքարյանը տեղից առաջարկել էր, թե՝ «Այդ դեպքում եկեք Վազգեն Մանուկյանի «բյուլետենն էլ ստուգենք»՝ կատակն այլեւս շարունակություն չէր ունեցել։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց, թե վերահաստատելով, որ որեւէ խնդիր չկա այդ փաստաթղթերին ծանոթանալու՝ ինքը նաեւ առաջարկել է. «Հանկարծ այնպես չլինի, որ որեւէ պատգամավորի անաշխատունակության թերթիկը բազմացվի եւ մամուլում հրապարակվի, քանի որ դա խիստ անձնական խնդիր է։ Այստեղ նաեւ բարոյական խնդիր կա։ Աղասի Արշակյանը հենց տեղում՝ քարտուղարությունում, կնայի այս թերթիկները, քանի որ այդ փաստաթղթերն ԱԺ-ից չպիտի դուրս գան։ Իրենք համաձայն են այս ճանապարհով գնալ»։

Սակայն Հայկ Բաբուխանյանի հետ զրույցում պարզեցինք, որ նրանք բոլորովին էլ մտադիր չեն գնալ այդ ճանապարհով. «Հրապարակել-չհրապարակելու պայման, համենայնդեպս, ինձ չի առաջադրվել։ Եթե այդ փաստաթղթերին առնչվող որեւէ հարց լինի, որ ցանկանանք հրապարակել՝ կհրապարակենք»։ Ինչեւէ, հետաքրքրվեցինք, թե արդյոք բացակայած մի քանի պատգամավորներից հենց մեկի անաշխատունակության թերթիկի նկատմամբ այս սեւեռուն հետաքրքրությունը խիստ անձնավորված մոտեցման արտահայտություն չէ՞։

Հայկ Բաբուխանյանի պնդմամբ, բացակայած այլ պատգամավորների մի մասն այնուամենայնիվ մասնակցում են հանձնաժողովների նիստերին, տարբեր քննարկումներին եւ լսումներին. «Իսկ Վանո Սիրադեղյանն անցած ամբողջ նստաշրջանում ընդամենը երկու անգամ է ոտք դրել խորհրդարան, որից ընդամենը մեկ անգամ՝ նիստերի դահլիճ։ Հարց է ծագում՝ գուցե ինչ-որ խոչընդո՞տ կա, որ նա որեւէ կերպ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է պարզել պատճառները, թե նա ինչու չի կատարում իր պատգամավորական պարտականությունները։ Ճիշտն ասած, ոչ մեկը չի հավատում, թե պատճառն այն է, որ նա տառապում է որեւէ ծանր հիվանդությամբ»։ Հայկ Բաբուխանյանը պնդում էր, թե սա որոշակի անձի դեմ ուղղված գործողություն չէ. «Անձամբ ես չեմ սիրում, երբ ինձ փորձում են խաբել եւ ինչ-որ հարց այնպես ներկայացնել, ինչպես չէ իրականում։ Ով ուզենա՝ ցանկացած պոլիկլինիկայից որոշ գումարի դիմաց նման թերթիկ կվերցնի»։

ԱԺ-ի նիստուկացին ծանոթներից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս խորհրդարանն էլ շատ արագ վարակվեց նույն հիվանդությամբ, որով տառապում էին նախորդները։ Այն է, պատգամավորները կեղծում են քվեարկությունները՝ մեկը մյուսի փոխարեն գրանցվում ու կոճակներ սեղմում։ Այս ամենը մանդատից զրկվելու առիթ չի դառնում եւ օրենսդրական աշխատանքից խուսափելու համար որեւէ մեկը չի հետապնդում այդ պատգամավորներին։ Այլ է «անկեղծ» բացակայողների պարագան, որոնք իրենց հարեւանների միջոցով չեն փորձում քվեարկություններին իրենց ներկայության պատրանքը ստեղծել։ Հայկ Բաբուխանյանը համաձայնեց մեր այս դիտարկումներին, թե ուրիշի կոճակը սեղմելու «հիվանդությունն» իրոք կա նաեւ այս խորհրդարանում. «Շատ անգամ մարդն իսկի տեղյակ էլ չի՝ իր փոխարեն քվեարկո՞ւմ են, թե՞ չեն քվեարկում։ Սա բացառելու նպատակով վաղուց առաջարկել ենք անցնել քարտերով գրանցման մեթոդին»։ Մեր դիտարկումների մյուս մասին պրն Բաբուխանյանը չարձագանքեց։

Նրան նաեւ հիշեցրինք, որ նախորդ խորհրդարանը, որին ինքը հանցավոր էր անվանել՝ լիազորություններից չզրկեց եւ հարգելի համարեց այն պատգամավորների բացակայությունը, որոնք 1996-ի սեպտեմբերի 26-ից հետո մինչեւ 1998-ի փետրվարը չմասնակցեցին ԱԺ-ի աշխատանքներին։ Եվ նրանք բոլորն, անգամ ընդհատակում թաքնվողներն, իրենց չաշխատած շրջանի համար նույնիսկ աշխատավարձ ստացան։ Հայկ Բաբուխանյանն այդ գումարները համարում էր փոխհատուցում. «Եվ հետո, ընդդիմությունն այն ժամանակ չէր մասնակցում՝ հայտարարելով, թե դա քաղաքական ընդվզման ձեւ է։ Եթե այսօր էլ նման հայտարարություն լիներ՝ ուշադիր կլսեինք, թե ինչ խնդիր է քաղաքական ընդվզման առիթ դարձել եւ այլն։ Չկա՛ նման խնդիր՝ կա արհամարհանք»։

Ի դեպ, Հայկ Բաբուխանյանը հաստատեց, թե խորհրդարանում նախապատրաստվում եւ իրավաբանական փորձաքննություն է անցնում մի օրենսդրական նախաձեռնություն, որով քրեադատավարական օրենսգրքում եւ ԱԺ-ի կանոնակարգում նախատեսվում է փոփոխություն կատարել։ Ըստ այդմ, պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու միջնորդությամբ դատարանում կարող է հանդես գալ նախաքննության ընթացքում՝ գլխավոր դատախազը, իսկ դատավարության ընթացքում՝ տվյալ գործով դատավորը։

Ակնհայտ է, որ սա էլի մեկ անձի համար պատրաստվող օրենսդրական փոփոխություն է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829