Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հինգշաբթին նաեւ ձկան օր է

Փետրվար 11,2000 00:00
dzuk

Ճեպազրույց ասվածը ենթադրում է արագություն, մտքերի եւ տեսակետների արտահայտման որոշակի արագ ընթացք։ Այս տարվա առաջին խորհրդարանական ճեպազրույցն անցավ բոլորովին հակառակ ձեւով՝ մի տեսակ քնկոտ, ալարկոտ եւ ծույլ։

Խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների խոսքը բացարձակ չէր արտահայտում քաղաքական բուռն կրքեր։ Այն ինչ ասվեց, հար եւ նման էր առաջին նիստերի ընթացքին։ Գրեթե բոլորը խոսեցին էներգետիկայի անկախ հանձնաժողովից, սակագներից, Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությունից։ Արշակ Սադոյանն այս թեմայի մասին ասաց. «Ռեալ քաղաքական գիծ ուղղակի չկա, Ռուսաստանը որոշեց իրենից հեռացնել մյուս հանրապետություններին, Հայաստանին դիտմամբ դուրս հանեց ռուբլու գոտուց եւ նրա կողմից որեւէ պետական քայլ չի արվում»։ Արշակ Սադոյանը գտնում է, որ այս հարցում ԶԼՄ-ները լուրջ դեր պետք է ունենան, իսկ պրն Սադոյանի գործընկերները՝ նկատի ունի խորհրդարանականներին, «գուցե նաեւ նյութական ինչ-որ շահերով փորձում են բարձրացնել հարց, որը գոյություն չունի»։

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ճեպազրույցի եկավ երեք անդամով։ Հայկ Բաբուխանյանը էներգետիկ անկախ հանձնաժողովի, վարկերի, սակագների մասին խոսելով, թվով ութ առաջարկ արեց, իսկ Աղասի Արշակյանը, իր Ռուսաստան-Բելառուս միության հոգսերի տակ կքած, Հայկ Բաբուխանյանից թույլտվություն խնդրելով, երբեմն-երբեմն ինչ-որ բաներ էր ասում հայտնի թեմայով, օրինակ՝ «ձեզնից ո՞վ է կարդացել միության ծրագիրը»։ Հայկ Բաբուխանյանն ասաց, թե ՍԻՄ-ը կընդունի միությանն անդամակցելու հարցը, եթե նաեւ Ղարաբաղը Հայաստանի հետ մտցնեն միություն, եթե երաշխավորվի Հայաստանի քաղաքական անկախությունը, եթե Հայաստանը հնարավորություն ստանա ընդհանուր շուկայի մեջ մտնել։ Իսկ Աղասի Արշակյանի ասելով «անկախությունը Հայաստանի համար էսօր չեղած բան է»։

«Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը եկավ նստեց ու ասաց. «Հարցեր տվեք»։ Լրագրողները առանձնապես հակված չէին հարցեր տալու։ Մեկ-երկու հարց հնչեց նույն հայտնի թեմաներով: «Կայունությունից» հինգ հոգի է ստորագրել 17-ի թղթի տակ, բայց ինքը՝ խմբի ղեկավարը դեռ չգիտի, թե «դա ի՞նչ դաշինք է լինելու»։ Իսկ ընդհանրապես կարեւոր է «պետության կարգավորիչ դերի բարձրացումը եւ պետությունը պարտավոր է սոցիալապես ապահովել իր ազգաբնակչությանը»։ «Ես համոզված եմ, որ էներգետիկ հանձնաժողովն անկախ չէ, դուք համոզվա՞ծ եք»,- Վարդան Այվազյանը հարցերը սկսեց ինքը տալ։ «Կայունություն» խմբի ղեկավարին «ամենից շատ անհանգստացնում է ներկայիս տնտեսական իրավիճակը եւ ելքերը. իրականում հայաթափ ենք լինում»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Չարենցավանում 2 սենյականոց բնակարանն արժե 500 դոլար, իսկ դանդաղ ճեպազրույցներով հեռուն չես գնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829