Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ»

Փետրվար 11,2000 00:00

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Սոցիալիստների խմբի նախագահ Պետեր Շիդերի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը:

Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է մեր երկրի Եվրոպայի Խորհրդին սպասվելիք անդամակցության հարցը: Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ են մտածում այս խնդրի մասին այն մարդիկ, որոնք, ի վերջո, լուծելու են Հայաստանի անդամակցության հարցը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Սոցիալիստների խմբի նախագահ Պետեր Շիդերի (Ավստրիա) տեսակետը: Սոցիալիստների խումբը ամենամեծն է ԵԽ ԽՎ-ում եւ ունի 180 պատգամավոր:

– Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ եվրոպական կառույցներին ինտեգրացվելը երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Ինչպե՞ս եք գնահատում այդ ջանքերը:

– Եվրոպան տեսնում է, որ Հայաստանը լի է վճռականությամբ համապատասխանեցնել մարդու իրավունքների հարգումը եվրոպական չափանիշներին: Ձեր իշխանությունները քննադատությանը ըմբռնումով են մոտենում: Առաջընթաց է նկատվում խորհրդարանի գործունեության մեջ, 1998 եւ 1999 թթ. օրենսդրական աշխատանքը շատ ակտիվ է ընթացել: Դեռ անելու շատ բան կա, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը զգալիորեն մոտեցել է եվրոպական կառույցներին:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ջանքերը՝ դուրս գալու այն ճգնաժամային իրավիճակից, որը ստեղծվեց հոկտեմբերի 27-ից հետո:

– Հայկական ժողովրդավարությունը հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ապացուցեց, որ ունի կայուն հիմք, իսկ Հայաստանի քաղաքական ուժերը տպավորիչ ժողովրդավարական հասունություն ցուցաբերեցին:

– Խոչընդոտո՞ւմ է արդյոք ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը Հայաստանի անդամակցությանը ԵԽ-ին:

– Մենք բոլորս Եվրոպայի Խորհրդում համոզված ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի, ապա այն սպառնալու է ողջ Անդրկովկասի տարածաշրջանի կայունությանը: Ավելին, այս իրավիճակի ձգձգումը անընդունելի է մարդասիրական տեսանկյունից՝ փախստականների եւ տեղաշարժված անձերի սարսափելի կենսապայմանների առումով: Բացի այդ, հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, վտանգելով բնակչության կենսամակարդակի բարձրացման հեռանկարները: Ուստի, Եվրոպայի Խորհուրդը պետք է Հայաստանից պահանջի իրականացնել հետեւյալ քայլերը. ջանքեր գործադրել հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու համար, օգտագործել իր լուրջ ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի վրա՝ հակամարտության կարգավորումը խթանելու համար, խաղաղ միջոցներով կարգավորել միջազգային եւ ներքին վեճերը (այս պարտավորվածությունը տարածվում է Եվրախորհրդի բոլոր անդամ-երկրների վրա), կտրականապես մերժել ցանկացած ուժի կիրառման փորձերը հարեւանների նկատմամբ:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաթղթային մասով Ադրբեջանը ետ է մնում ԵԽ-ին անդամակցելու ճանապարհին, կարող է Հայաստանը, կոպիտ ասած, այդ իրավիճակի պատանդը դառնալ:

– Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա տեղի չի ունենա:

– Կարելի՞ է ենթադրել, որ եվրոպական չափանիշներին համապատասխանելու առումով զգալի տարբերություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Այդ հարցի պատասխանը կտրվի միայն Քաղաքական Կոմիտեում երկու զեկույցների վերջնական քննարկումից հետո:

– Ինչպե՞ս եք գնահատում Դեմետրիո Վոլչիչի զեկույցը:

– Պարոն Վոլչիչը գերազանց աշխատանք է կատարել: Ես ամբողջովին համաձայն եմ նրա զեկույցի հիմնական գծի հետ, նույնիսկ այն դեպքում, եթե առաջարկում եմ որոշ չնչին փոփոխություններ:

– ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ մեր երկրի ԵԽ-ին անդամակցության հարցը կարող է լուծվել սույն թվականի ապրիլին: Որքանո՞վ է դա իրական:

– 2000թ. ապրիլին Վեհաժողովը որոշում չի կայացնելու: Սակայն ես կիսում եմ պրն Հովհաննիսյանի հույսերը, որ ապրիլյան նիստին մենք կկարողանանք կանխատեսել, թե ե՞րբ (հուսով եմ 2000թ ընթացքում) կկայանա Հայաստանի անդամակցությունը:

– Հովհաննես Հովհաննիս-յանը հայտարարել էր նաեւ, որ ԵԽ-ն Հայաստանի անդամակցության վերաբերյալ արդեն ընդունել է քաղաքական որոշում եւ մնացել են զուտ արարողակարգային հարցեր: Համաձա՞յն եք այս տեսակետին:

– Մեծ ցանկություն կա ընդունել Հայաստանը, եւ տպավորությունն այն է, որ Հայաստանը կհամապատասխանի բոլոր պահանջներին, եթե լուծի զեկույցում նշված 20-30 հարցերը: Սակայն այդ գործընթացը ավարտին հասցնելու համար որոշակի ժամանակ է պահանջվում:

– Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման շուրջ: Ինչպե՞ս եք վերաբերում այս նախաձեռնությանը:

– Տարածաշրջանի անվտանգության համակարգը կարող է կարեւոր քայլ հանդիսանալ խաղաղության հաստատման եւ Հարավային Կովկասի զարգացման ուղղությամբ: Երկու երկրների նախագահների հանդիպումները եւ զարգացող տարածաշրջանային համագործակցությունը խորհրդարանական մակարդակով շատ դրական քայլեր են՝ ճիշտ ուղղությամբ:

– Ըստ Ձեզ, հնարավո՞ր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը 2000 թ. ընթացքում:

– Մենք պետք է համոզված լինենք, որ լուծումը կգտնվի 2000 թվականին, որպեսզի այն իրականացվի 2001 թվականին:

– Ի՞նչ դեր է խաղում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ուղիղ երկխոսությունը խնդրի կարգավորման գործում:

– Ես արդեն նշեցի այդ երկխոսության դրական դերը: Մենք պետք է վստահենք իրենց ցանկությանը՝ լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝

հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829