ԵԿՄ ընդլայնված նիստից հետո Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին դիմեցի նախարարության մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների փետրվարի կեսերին նախատեսվող ատեստավորման մասին հարցով։ Ըստ թափառող լուրերի, ատեստավորման այդ գործընթացն այլ երանգներ ունի։ Այսինքն թե՝ Ս. Այվազյանին հրահանգված է մոտ 50-100 աշխատեղեր ազատել։ Ս. Այվազյանը հերքեց դա, ասելով, որ ատեստավորումն այլ նպատակ չի հետապնդում, բացի՝ «Մենք իրոք մեր աշխատակիցների մասնագիտական որակը բարձրացնելու խնդիր ունենք։ Նման որակն այս իրավիճակին չի համապատասխանում»։ Բայցեւայնպես Ս. Այվազյանը հաստատեց, որ բյուջեի հաստատումից հետո նախարարությունում ոչ թե 50, այլ 150 աշխատեղերի կրճատում է սպասվում։ Եվ ըստ Պետական եկամուտների նախարարի, սպասվող այդ ամբողջ պրոցեդուրայից հետո եթե ազատ աշխատեղեր լինեն՝ նորերով կհամալրեն։
Վերջին ասվածը կարծես հաստատի թափառող այն վարկածը, թե Ս. Այվազյանը դիտավորյալ է մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցողների միջեւ անցկացնում որակավորումը, որպեսզի իր օրոք աշխատանքի ընդունվածներին պահպանի, հներին՝ թարմացնի «իր մարդկանցով»։
Ս. Ս.