Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՈՐԵՎԷ ՓԱՍՏ ԼԻՆԵՐ ԱԼԻԿԻ ԴԵՄ՝ ԵՍ ՉՊԻՏԻ ՀԱՎԱՏԱՅԻ»

Փետրվար 10,2000 00:00

 Ասաց Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ, Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ռընե Լեւոնյանը։

Ռընե Լեւոնյանը Ալեքսան Հարությունյանին ծանոթ է դեռ 1993-ից, երբ վերջինս աշխատում էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը որպես երկրորդ քարտուղար։ Իսկ Ռընե Լեւոնյանը գրասենյակի վարիչն էր. «Մոտ երկու տարի ամեն օր միասին էինք»։ Մշտական շփումները շարունակվել էին նաեւ դեսպանատանը ծառայությունից հետո, քանի որ արդեն 5-6 տարի է, ինչ Ռընե Լեւոնյանը մշտապես Հայաստանում է։

Հանդիպել էին նաեւ հոկտեմբերի 27-ից հետո եւ վկայեց՝ «Ալիկը շատ մեծ ներքին տառապանք ու ցավ էր ապրում եւ պատահածն իր համար մի անհավատալի բան էր»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց Ալեքսան Հարությունյանին ներկայացված մեղադրանքների մասին լուրը, արդյոք իրականությանը դրանց համապատասխանությունը կասկածի տեղիք տվե՞ց. «Առաջին օրվանից մինչեւ այսօր ոչ մի րոպե մտքովս չի անցել, թե Ալիկը կարող է մեղավոր լինել այս պատմության մեջ։ Քանի որ նրան մոտիկից ճանաչելով՝ կարող եմ պնդել, թե նա այն մարդը չէ, որ կարող է նման բաների խառնվել։ Նա մտավոր անձ է եւ հասուն քաղաքական սկզբունքներ ունի։ Իմ բոլոր ծանոթներս՝ մանավանդ Ֆրանսիայի մեջ (հայկական գաղութը եւ ֆրանսիացի որոշ պաշտոնյաները, որոնք Ալիկին լավ ճանաչում են)՝ չեն հավատում, որ նա առնչություն ունի այս դժբախտ դեպքին։ Նշեմ, որ ես շատ լավ ճանաչում էի նաեւ Վազգեն Սարգսյանին՝ շարժման առաջին տարիներից եւ գիտեի Ալիկի բարեկամությունը եւ կապը նրա հետ։ Այսինքն, ոչինչ տրամաբանական չէ այս պատմության մեջ։ Ինչո՞ւ պիտի իր հարազատի՝ Վազգեն Սարգսյանի նկատմամբ նման արարք գործեր»։

Որպես դրդապատճառ շատ անգամ մատնանշվում է այն, թե «Միասնության» հաղթանակից հետո ե՛ւ նախագահի, ե՛ւ իր՝ համառորեն «գորշ կարդինալ» համարվող Ալեքսան Հարությունյանի իշխանության շրջանակները շագրենի կաշու պես սեղմվում ու նեղանում էին։ Ամեն ինչ ազդեցության կորստով բացատրող այս վարկածի առնչությամբ Ռընե Լեւոնյանն ասաց. «Ալիկն ընդհանրապես չէր ցանկանում որպես պաշտոնյա առաջին տեղում լինել եւ շատ անգամ բավարարվում էր երկրորդական գործեր ու ծառայություններ կատարելով։ Բացի այդ, թեպետ երիտասարդ էր՝ նա արդեն հասել էր բարձրաստիճան, մեծ պատասխանատվություն ենթադրող պաշտոնների։ Ուրիշ ի՞նչ կարող էր ցանկանալ։ Պիտի նախագա՞հ լիներ։ Նա նման ցանկություն չուներ»։

Ի դեպ, այս կարգի պաշտպանությանը՝ «Ես նրան ճանաչում եմ՝ նա այն մարդը չէ, որ հանցանք գործեր», իրավապահ համակարգի աշխատակիցներից մեկը հակադրեց, թե որեւէ մեկը չի կարող երաշխիքներ տալ, որ ծանոթ է մեկ ուրիշի ամբողջ գործունեությանը։ Ռընե Լեւոնյանին հարցրինք, որ եթե նույն փաստարկն իրեն ներկայացվեր՝ ի՞նչ կպատասխաներ. «Ես ոչ մի կասկած չունեմ Ալիկի վերաբերյալ։ Ես տեսել եմ նրա նվիրումը իր Հայրենիքին, ժողովրդին ու Հայաստանի պետությանը»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Ֆրանսիայի հայ համայնքի եւ պաշտոնյաների հետաքրքրությունն այս ձերբակալության հանգամանքներով միայն կենցաղային մակարդակի վրա է եւ հրապարակային դրսեւորում չի ստացել. «Մինչեւ հիմա նրանք լրատվամիջոցներին չէին դիմում իրենց կարծիքն արտահայտելու համար, քանի որ, ինչպես եւ ես, ամեն օր սպասում էին, թե Ալիկը շուտով ազատ կարձակվի։ Այս պատճառով էլ նպատակահարմար չէինք համարում խոսելը կամ աղմուկ հանելը։ Այժմ արդեն շատերը սկսել են հարցնել, թե ինչ են կարող անել եւ պատրաստ են արտահայտել իրենց մտահոգությունը՝ միեւնույն ժամանակ հարգելով Հայաստանի օրենքները եւ չմիջամտելով ընդհանուր հետաքննությանը»։

Այնուամենայնիվ, գուցե արժե՞ր սպասել նախաքննության ավարտին եւ երբ պարզ լինի, թե ինչ որոշակի ապացույցների հիման վրա է մեղադրանք առաջադրվել ե՛ւ Ալեքսան Հարությունյանին, ե՛ւ մյուսներին, նո՞ր աղմուկ հանել։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան Ռընե Լեւոնյանը հիշեց, որ շուրջ 20 տարի է, ինչ որպես Հայ Ավետարանական հոգեւոր առաջնորդ ֆրանսիական բանտերն այցելելու արտոնություն ունի Ֆրանսիայի կառավարության կողմից։ Շատ է շփվել բանտարկյալների հետ եւ տեսել, թե ինչ հետեւանքներ է ունենում կալանավորի եւ նրա շրջապատի համար մեկուսացված մնալը՝ մանավանդ եթե դրա անհրաժեշտությունը կասկածելի է։ «Սա անընդունելի է՝ չէ որ գործ ունենք մարդու կյանքի, ապագայի, նրա ընտանիքի, անձնական ու գործնական շրջապատի հետ,- ասաց Ռընե Լեւոնյանը։- Այս առումով նախընտրելի է, որ եթե որեւէ հակառակ հիմնավորում չկա՝ թող Ալիկին բանտից ազատ արձակեն եւ կանչեն՝ երբ անհրաժեշտություն լինի։ Հոկտեմբերի 27-ը ծանր է բոլորիս համար, բայց ամեն ինչ պիտի նաեւ արդար ու մարդկային լինի։ Իմ միջամտությունը միայն մարդկային մոտեցման տարբերակն ընտրելու խնդրանքով է պայմանավորված՝ ես չեմ ուզում խոչընդոտել քննչական աշխատանքներին եւ հարգում եմ Հայաստանի պետական պաշտոնյաներին»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829