Փառք, հավերժ փառք մեր մեծ զորավարներ Անդրանիկ Օզանյանին եւ Դրաստամատ Կանայանին: Փառք բոլոր պատերազմների բոլոր հայ հերոսներին: Չլինեին Անդրանիկի եւ Դրոյի նման մարդիկ, չէր լինի մեր Առաջին հանրապետությունը, հետեւաբար, չէին լինի նաեւ Երկրորդն ու Երրորդը: Ցանկացած մարդ, որ իրեն հայ է համարում, պարտավոր է հիշել մեր մեծ զորավարներին, իմանալ նրանց սխրանքների մասին:
Այլ հարց է՝ արդյոք մենք այդ զորավարներով ավելի քի՞չ կհպարտանանք, եթե նրանց աճյունները հանգչեն արտերկրում: Արդյոք կտուժի՞ մեր երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, եթե մենք այս նեղ օրերին չկազմակերպենք այդ հերոսների վերաթաղումը Մայր հայրենիքում: Եթե հիշում եք, 93 թվականին իշխանության ներկայացուցիչներն արդեն փորձել էին այստեղ բերել Անդրանիկի աճյունը: Այն ժամանակ չհաջողվեց՝ զորավարի հարազատները ընդդիմացան:
Իմ կարծիքով, ճիշտ արեցին: Առանց այդ էլ մեր պետությունը, մեղմ ասած, շատ քիչ առիթներ ունի հայաստանցիներին ուրախացնելու եւ ոգեւորելու: Եվ ստացվում է, որ իր կազմակերպած կարեւորագույն ակցիաները նույնպես կապված են դիակների, թաղումների, սափորների, դագաղների եւ աճյունների հետ: Վերջին, թարմ վերքերն ու վշտերը քիչ են՝ մենք, կարծես թե, առիթ ենք ման գալիս՝ մի նոր սգո արարողություն ու ողբ կազմակերպելու: Իսկ ինչ-որ մի պաշտոնյա, երեւի, կմտածի. «Վերաթաղումն անցկացրի բարձր մակարդակով՝ դրանով իսկ բարձրացնելով հայ ժողովրդի ոգին»:
Եվ ահա մեր պետության սուղ միջոցներից տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվելու՝ Փարիզից Անդրանիկի եւ Դրոյի աճյունները բերելու ու թաղումից պերճաշուք պետական «միջոցառում» սարքելու վրա: Ընդ որում, նեկրոֆիլական այդ «միջոցառումը» ձգվելու ժամանակի մեջ՝ փետրվարի 20-ին, հողին է հանձնվելու Անդրանիկի դիակը դագաղով, իսկ մայիսի 28-ին՝ Դրոյի աճյունը սափորով: Կարծում եմ, մեծ զորավարները մեզանից բոլորովին չէին նեղանա, եթե մենք հանգիստ թողնեինք նրանց ոսկորները եւ փորձեինք ընդօրինակել նրանց ոգին, որը լցված էր արժանապատվությամբ եւ հավատով, ոչ թե հերթական «ազգային» սգով ու վշտով: Իսկ պետության հսկայական գումարները տրվեին ամիսներով թոշակ չստացող ծերերին:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ