Կոմունիստ Նորիկ Պետրոսյանը այսպես պատկերավոր ուղղորդեց Հայաստանին եւ Ռուսաստանին օրինական ամուսնական կապի մեջ մտնել, ախր, «ամուսնությունը տեղի է ունեցել, բայց ԶԱԳՍ չեն գնացել»։
Սեռային հարցը չշոշափենք եւ չմանրանանք, թե երեխաներն ումի՞ց են ծնվել։ Մի բան պարզ է, «ապօրինի ծնվածներն» իրենց «ծնողներից» արդեն պահանջում են միավորվել։
ԱԺ պատգամավոր, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին էր զգուշացրել, որ գալիք նստաշրջանում խորհրդարանում կստեղծվի Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանն աջակցող միջֆրակցիոն պատգամավորական խումբ։ Այդ նույն ժամանակ Աղասի Արշակյանն ասել էր նաեւ, որ հարցի մեջ պարզություն կմտնի հունվարի 9-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովից հետո։ Աղասի Արշակյանը ժամկետների մեջ չէր սխալվել եւ փետրվարի 8-ին արդեն հայտարարեց, որ 17 պատգամավորներ խորհրդարանական տարբեր խմբերից եւ խմբակցություններից արդեն դիմել են Ռուսաստան-Բելառուս միությանը՝ Հայաստանի անդամակցությանն աջակցող աշխատանքներում ընդգրկվելու։ Պրն Արշակյանն այստեղ «որեւէ արտառոց» բան չի տեսնում, այնպես, ինչպես Հայաստանը ձգտում է դառնալ Եվրախորհրդի անդամ, այնպես ինչպես դիտորդի կարգավիճակ ունի ԵԱՀԿ-ում, այդպես էլ կարող է դառնալ Ռուսաստան-Բելառուս միության անդամ։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ հաստատ կասի Աղասի Արշակյանը։ Երեւի կոմունիստ Նորիկ Պետրոսյանն էլ նույնը կասի, բայց այդ կազմակերպություններից Հայաստանը ապօրինի զավակներ չունի, իսկ Ռուսաստանի՞ց…։ Անցած տարվա վերջին նույն Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանն ասել էր, թե ինքը հարմար է գտնում հարցին անդրադառնալ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո։ Բայց պրն Մանուկյանը նաեւ ավելացնում էր, թե չարժե մոռանալ, «որ մեր եւ Ռուսաստանի արանքում կան պետություններ, որոնք դա մերժում են»։
Ի դեպ, միությանը Հայաստանի անդամակցությանն աջակցել ցանկացող պատգամավորների շարքերը առաջին հայացքից խայտաբղետ են՝ ՀԺԿ-ից Ռուբեն Ենգոյան, Վոլոդյա Բադալյան, Էդմոն Ծատուրյան, ՀԿԿ-ից՝ Հրանտ Ոսկանյան, Խորեն Սարգսյան, «Կայունությունից»՝ Էդվարդ Մադաթյան, Վրեժ Շահգելդյան, «Իրավունք եւ միաբանությունից» Աղասի Արշակյան, Համլետ Հարությունյան, Գագիկ Կոստանդյան եւ մնացածը նույն ոգով։ Խայտաբղետությունն առաջին հայացքից է, սակայն կարծես թե բոլորն էլ ավելի շատ իշխանամետ են, քան՝ ընդդիմադիր։
Կարդացեք նաև
Հարցը, ստորագրություններ հավաքելու փուլից փորձում է ավելի լուրջ՝ խորհրդարանական փուլ անցնել եւ այստեղ ակնհայտորեն Աղասի Արշակյանի մատը խառն է, նա լավ բանի համար խորհրդարան չէր գնա։ Երբ արտաքին գործերի նախարարն է հարցին երկիմաստ պատասխան տալիս, ուրեմն «սհաթապաշտությունը» եւս մեր մեջ չի սպանվել։ Արտգործնախարարի՝ երկու ամիս առաջ արտահայտած միտքը այսօր արժե հիշեցնել. «ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի են։ Նույնը Ռուսաստանի հետ, որի ռազմական բազաները Հայաստանում են, եւ դա մեր անվտանգության հիմնական երաշխիքն է։ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն այսօր շատ ավելի սրված են, քան երբեւիցե։ Որքան այդ հարաբերությունները սրվեն, մենք կանգնելու ենք ընտրության առաջ. կամ Ռուսաստան, կամ Ամերիկա»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ