Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՒՐԴ ՉԷԻՆ։ ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆ ԷԻՆ

Փետրվար 10,2000 00:00
ojalan

«Քրդերն են, Օջալանի համար միտինգ են անում»,- երեկ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն շարժվող 10-15 հոգիանոց եւ ակնհայտորեն ազգային փոքրամասնություն ընկալվող խումբը տեսնելիս՝ արձանագրում էին անցորդները։

Սակայն «Ափոյի» լուսանկարների փոխարեն սույն խմբի նոսր շարքերում ծածանվում էին եռագույն դրոշներ։ Փողոցով քայլողներն ընդամենը հայ կոմերիտականներ էին, որոնք իրենց առաջնորդ Սանատրուկ Սահակյանի հետ շտապում էին Ուկրաինայի դեսպանատուն՝ պահանջելու Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայից՝ վերջ տալ միջազգային իմպերիալիզմի կողմից թելադրվող քաղաքականությանը։ Պիկետին մասնակցում էին նաեւ երկու-երեք կոմերիտուհիներ, որոնք նկատելով իրենց ուղղված հետաքրքրասեր երիտասարդների հայացքները՝ ամոթխածորեն նրանց էին պարզում Կուչմային պախարակող տեքստերով պաստառները։ Քաղաքականապես տհաս երիտասարդները չէին գնահատում անձնազոհության նման դրսեւորումը։ Ցուցարարները՝ հավատարիմ անլեգալ հավաքներ կազմակերպելու կոմունիստական ավանդույթին՝ պիկետի գաղափարը ուկրաինական կողմից գաղտնի էին պահել։ Բայց արդեն դեսպանատան շեմին Սանատրուկ Սահակյանն անթաքույց հրճվանքով հարցազրույցներ էր տալիս. «Արդեն երեք շաբաթ է՝ Ուկրաինայի հակաժողովրդական ռեժիմի եւ անձամբ նախագահի կողմից հրահրված են գործողություններ, որոնք նպաստել են այսօր շարունակվող Ուկրաինայի խորհրդարանի խորը ճգնաժամին։ Դրա նպատակն է՝ փոխել սահմանադրական կարգն Ուկրաինայում եւ հաստատել անսահմանափակ նախագահական իշխանություն»։

Նկատելով, որ իրեն լսում են, Սանատրուկ Սահակյանը պատմահամեմատական վերլուծություն արեց՝ զուգահեռներ անցկացնելով Մոսկվայի 93 թվականի դեպքերի հետ. «…Երբ գնդակահարվեց ՌԴ պառլամենտը՝ ճնշելով օպոզիցիոն թեւը, հաստատվեց նախագահ Ելցինի, այսինքն՝ բուրժուազիայի դիկտատուրան»։ Ուկրաինայում, իրո՛ք, ներքաղաքական ճգնաժամ է, որը հաղթահարելու համար մի քանի հայ կոմերիտականների սպառնալիքներն ու հոխորտանքները Կուչմայի հասցեին, ուղղակի անլուրջ են։ Այնքան անլուրջ, որ հանգիստ կարելի էր սրան նույնիսկ չանդրադառնալ։

Ապա ուկրաինացի կոմունիստների համար թանկարժեք եւ ոգեւորիչ միտք հնչեցվեց. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինայի կոմունիստական կուսակցությանը»։ Իսկ թե ինչու են իրենց համերաշխությունն արտահայտողները միայն 15-20 հոգի (լրագրողներին էլ հաշված), պրն Սանատրուկը կարճ կապեց. «Շատ մարդ հավաքելու իմաստ չկար. սա ընդամենը խաղաղ բողոքի ակցիա է»։

Իսկ Սանատրուկ Սահակյանի եւ կոմերիտմիության կորիզի տագնապի պատճառը սա է. Ուկրաինայի ռադայի աջ կենտրոնամետ մեծամասնության ներկայացուցիչները հունվարի 21-ին ընտրել են ռադայի նոր նախագահ՝ կոմունիստ նախագահի փոխարեն, իսկ երկու օր առաջ անգամ ծեծել են հացադուլ հայտարարած սոցիալիստ պատգամավորներին ու տեղեր զբաղեցրել նախագահությունում։ Մեր այն հարցին, թե ԱՊՀ բոլո՞ր երկրների կոմերիտականներն են «ոտքի ելել»՝ պաշտպանելու ուկրաինացի կոմունիստներին, պրն Սանատրուկը չգիտեր։ Չգիտեր, որովհետեւ այլ երկրների կոմերիտականները ժամանակին են ընթերցել «Փիղն ու Մոսկան»։ Իսկ թե ինչո՞ւ 93-ին, երբ Ռուսաստանում Ելցինը եկավ իշխանության, մեր կոմերիտականները ցույց չկազմակերպեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջ, Սանատրուկ Սահակյանը պատասխանեց. «Եթե էդպես վերցնենք, այսօր Հայաստանի իշխանությունների առաջ էլ անհրաժեշտություն կա կանգնելու։ Պարզապես այսօր փորձ ենք անում կասեցնելու Ուկրաինայի խորհրդարանում զարգացող դեպքերը։ Վաղը ուշ կլինի»։ Իր կարեւորության գիտակցությունից պրն Սանատրուկը խոսելիս հեւում էր եւ մտմտում, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայի դեսպանատան հրավերը, զրուցել աշխատակիցների հետ, եթե նրանք իրեն ընդունեն։ Նրան ոչ ոք չընդունեց։

Ամեն դեպքում կոմերիտականների առաջնորդը համոզված է, որ հայ-ուկրաինական հարաբերություններն այս ցույցի պատճառով չեն սրվի։

Մի քանի րոպե տեսախցիկների առաջ Սանատրուկ Սահակյանի թիթիզանալուց հետո պիկետն իրեն սպառեց։ Ափսոս, գոնե քրդերը Օջալանի համար միտինգ անեին…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829