Երեկ ԱԺ-ի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում աննախադեպ եւ ուրախալի մի իրադարձություն տեղի ունեցավ։ Քաղաքական գործչի հավակնություններ ունեցող նախկին վաճառական Մանուկ Գասպարյանը վերջապես սկսեց խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնցից ինքը թերեւս իրոք գլուխ հանում է։ Նրա հարցերը վերաբերում էին շուկաներին եւ «Կամացու» տրակտորներին։
ՎԱՏ ԼՈՒՐ
Վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանն օրերս ազդարարեց, որ Արամ Սարգսյանը կատակել էր, երբ ՀՅԴ 28-րդ ժողովից հետո հայտարարել էր, թե Հայաստանում որեւէ մեկն օրենքի սահմաններում չի գործում՝ այդ թվում նաեւ վարչապետը։ Լրագրողներս կարող էինք պրն Միլիտոնյանին, որն այդ ժամանակ այնտեղ չէր, ներկայացնել վարչապետի տվյալ ձայնագրությունը, եւ նա կհամոզվեր, որ Արամ Սարգսյանի ձայնում հումորի նշույլ իսկ չկար։ Այլ հարց է, եթե նա միշտ այդպիսի շատ լուրջ տոնով է կատակում։ Այսուհանդերձ գնահատելի է վերադասի վրիպումներն ամեն գնով սրբագրելու այս ձգտումը։