Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք ըսավ՝ հեգ մամուլ, Արդյոք ինչո՞ւ կը մխա…

Փետրվար 09,2000 00:00
Pushkin Serobyan

Շահամիրյանների անվան դահլիճում երեկ կազմակերպված երեկվա սեմինարի գլխավոր բանախոսը Պուշկին Սերոբյանն էր։

Օրվա թեման էլ «ԶԼՄ-ներն ու արդարադատությունը», հարցերի հարցն էլ. ինչո՞ւ չեն արձագանքում մամուլում հրապարակված նյութերին։ Պրն Սերոբյանն ասաց, որ 1998-99 թթ. մամուլն ուսումնասիրելով՝ իրենց հաշվարկներով այնտեղ առկա են եղել 210 հրապարակումներ, որոնք կոնկրետ հանցագործությունների մասին հաղորդումներ են եւ ենթակա էին անհապաղ քննարկման։ Թեեւ նա ասաց, որ հղումներ չեն արվելու Պլատոնին, Արիստոտելին, սակայն հղումներ (պատմահամեմատական բնույթի) արվեցին միակուսակցական ժամանակների մամուլից, երբ կար, օրինակ, «Մեր նյութերի հետքերով» խորագիրը…

«Շատերը դժգոհում են «Առավոտից» (ի դեպ, թերթի «Իրավունք» բաժնին հղումներ շատ եղան- Ռ. Մ.), «Հայոց աշխարհից», սակայն շատ դժգույն կլիներ մեր կյանքն առանց նրանց»,- խոստովանեց պրն Սերոբյանը, որն անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, նրանց գործելակերպին։ Սակայն տեղին նկատելով, որ իրավապաշտպանների գերակշռող մասը գինեկոլոգներ են, վեներոլոգներ, կամ, նորամուծություն մտցնելով մեր բառապաշարում՝ ասաց. գրանտոլոգներ են։ Այսինքն մարդիկ, որոնք կապ չունեն իրավունքների եւ իրավապաշտպանության հետ։ Այնուհանդերձ բերեց օրինակներ առանձին վարկերի, աղետի գոտուն հատկացրած գումարների յուրացման, թիվ 50 դպրոցի աշխատանքային վեճի, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հայտնի մեղադրանքի, թե նախարարներից մեկը 25 մլն է «կերել»։ Խոսակցության թեման ավարտվեց նրա մի առաջարկով. ստեղծել հանձնաժողով, իսկ թերթերին էլ պարտավորեցնել իրենց հրապարակումներն ուղարկել հասցեատերերին։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Գ. Անանյանը նկատեց սակայն, որ հրապարակումների 50 տոկոսը «անարժան բաներ են», իսկ դատախազության ներկայացուցիչն էլ կատակեց, թե «մամուլի գծով դատախազություն ստեղծենք»։ Եղավ մի պահ էլ, որ քիչ էր մնում կարեկցեինք խեղճ դատախազությանը, խեղճ իրավապահներին, խեղճ դատավորներին, որովհետեւ «հայհոյախոս» մամուլը էնքան «մտացածին հայտարարություններ» է անում, որ չեն հասցնում իրենք քննություն տանել։ Հիշողության պայծառացման համար պարզապես ասենք՝ այդ դեպքում ինչի՞ համար են այդքան լրատվական ծառայությունները, կենտրոնները եւ միթե հենց նրանց խնդիրը չէ ապահովել տեղեկատվության մատչելիությունը իրենց իսկ վերադասին։

Իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ռ. Թորոսյանն ասաց, թե «Մարդիկ գրում են այն, ինչ ուզում են, որովհետեւ լսող չկա» եւ տեղեկացրեց, որ դատախազությանն իրենք 1000 «հաղորդում» են ուղարկել եւ սակայն ոչ մի պատասխան չի եղել։

Մասնակիցներից շատերը մոռացան, որ մամուլի (այն էլ ոչ մասնագիտական, ոչ գերատեսչական) խնդիրը «հաղորդումներ» տպագրելը չէ, այլ հասարակական կարծիքի ձեւավորումն ու տեղեկատվություն ապահովելը։ Քննարկումը տեւեց 2,5 ժամ եւ ավարտվեց ճիշտ այն պահին, երբ լրագրողներից մեկը՝ Ա. Սահակյանը փորձեց քար գցել Է. Մարտիրոսյանի թերթի վրա։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829