Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ

Փետրվար 08,2000 00:00
loto

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Առավոտում» տպագրվել են հեռուստադիտողների մի շարք բացասական արձագանքներ Հայաստանի ազգային հեռուստատեսության հաղորդումների մասին, եւ կարող է տպավորություն ստեղծվել, որ դրանք արտահայտում են թերթի խմբագրության կամ էլ նրա խմբագրի տեսակետը: Դա այդպես չէ:

1998 թվականի գարնանը, երբ ես կառավարության կողմից լիազորված Հայաստանի ազգային հեռուստատեսության բաժնետեր էի, կողմ էի քվեարկել Տիգրան Նաղդալյանին գործադիր տնօրեն նշանակելուն, որի համար առ այսօր չեմ ափսոսում: Երկու տարվա ընթացքում զուտ մասնագիտական տեսակետից ՀԱՀ-ում մեծ դրական տեղաշարժեր են կատարվել, եթերն ընդհանուր առմամբ ավելի գրավիչ եւ ժամանակակից է դարձել, «Հայլուրի» երեք հաղորդավարներն էլ աչքի են ընկնում ճաշակով, կուլտուրայով եւ գրագիտությամբ: Իմ շփումները ՀԱՀ աշխատակիցների հետ ցույց են տալիս, որ դժգոհների կողքին կան հեղինակավոր մասնագետներ, որոնք նկատում են այդ առաջընթացը: Եթե ես այսօր լինեի ՀԱՀ բաժնետեր, ապա կտրականապես դեմ կլինեի պրն Նաղդալյանին պաշտոնանկ անելուն, քանի որ նրան համարում եմ պրոֆեսիոնալ եւ օժտված լրագրող:

Այո, «Օրակարգ» ծրագիրը պաշտպանում է ներկա նախագահին ճիշտ նույնպիսի ինքնամոռացությամբ, որով նախորդ շրջանում դա անում էր «Ժամանակաչափը»: Այո, ՀԱՀ-ի եթերը գրեթե անմատչելի է ընդդիմության (ոչ միայն դեմքերի, այլեւ ընդդիմադիր գաղափարների) համար, ճիշտ այնպես, ինչպես անմատչելի էր 1991-97 թվականներին: Այո, նախագահ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ թերթերի նման, ՀԱՀ-ը նույնպես իր հասարակական-քաղաքական հաղորդումներում միտում ունի սեւացնելու մոտակա անցյալը, փնովելու Երրորդ հանրապետության հիմնադիրներին: Սակայն պարզապես միամտություն կլիներ այդ ամենը վերագրել Տիգրան Նաղդալյանի անձնական թերություններին:

Խնդիրն այստեղ անձերը չեն, այլ ՀԱՀ-ի իրավական առումով անորոշ կարգավիճակը: Երկու տարվա փորձը հստակորեն ցույց տվեց, որ Ազգային հեռուստատեսության ղեկավարումը ֆիկտիվ բաժնետերերի միջոցով ոչ մի նոր բան չի տալիս: Միեւնույն է, պետական հեռուստատեսությունը ինչպես սպասարկում էր, այնպես էլ շարունակում է սպասարկել իշխանության բուրգերից մեկի (տվյալ դեպքում՝ նախագահական) ամբիցիաները: Պետք է գտնել այնպիսի մի կարգավիճակ, որը կօգնի ՀԱՀ-ին արտահայտել ողջ հասարակության շահերը: Ինչպես դա անել, չգիտեմ: Մեր պառլամենտում բազմաթիվ պայծառ գլուխներ կան՝ թող մի բան մտածեն:

Վերջում՝ հեռուստադիտողների զայրույթը շարժող բազմաթիվ «լոտոների» մասին: Մի՞թե հեռուստատեսությունն է մեղավոր, որ մեր ժողովրդի մեծ մասը փոխանակ փորձի իր բարեկեցությունը կերտել ամենօրյա մեթոդական, քրտնաջան աշխատանքով, մտքի եւ ֆիզիկական ռեսուրսների լարումով, հույսը դրել է բախտի վրա, եւ մենք պատրաստ ենք «լոտոյում» մեկ վայրկյանում կորցնել հազար դրամ, բայց մեր մտքով չի անցնի այդ հազար դրամը ներդնել որեւէ հեռանկարային գործի մեջ: Այդ ամենում հեռուստաընկերությունների մեղքն ամենեւին չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829