Փորձենք առանձնացնել որոշ առարկություններ, որ գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի ընկերները (հետագայում նրանց կանվանենք ընդդիմախոսներ) ունեն գործի բացահայտված հանգամանքների վերաբերյալ։
Ինքնասպանության դրդապատճառն է համարվում, որ Արծրուն Մարգարյանը գտնվել է հոգեկան երկարատեւ լարվածության վիճակում (դեպրեսիայի մեջ), իր համար ոչ ցանկալի փաստերի առջեւ է հայտնվել եւ այլ ելք չգտնելով՝ ինքնասպանություն է գործել։ Թե ինչ փաստեր էին դրանք՝ կարելի է կռահել ներքոշարադրյալից։
Նախաքննության ընթացքում ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը ցուցմունք էր տվել, թե Արծրուն Մարգարյանն ուներ հիմնավոր պատճառներ ինքնասպանություն գործելու համար։ Այդ ենթադրական պատճառներից մեջբերված է միայն մեկը, թե Վահան Հարությունյանն Արծրուն Մարգարյանին էր հանձնարարել եւ վերջինս էլ իրականացրել էր 1993-ի դեկտեմբերին Արթուր Հովհաննիսյանին եւ Կարեն Ռաֆայելյանին Սերժ Ջիլավյանին սպանելու համար Մոսկվա գործուղելու օպերացիան։
Բացի այդ, Վահան Հարությունյանի ցուցմունքի համաձայն, Արծրուն Մարգարյանն իրազեկ է եղել Արթուր Հովհաննիսյանին եւ Կարեն Ռաֆայելյանին սպանելու վերաբերյալ հանձնարարությանը։ Այս ամենն ընդդիմախոսները դիտարկում են Վահան Հարությունյանի՝ արդարանալու եւ մեղքն իրենից հեռացնելու փորձերի շրջանակում։
Կարդացեք նաև
Ի դեպ, քրեական գործի նյութերում կան Արծրուն Մարգարյանի ընկերներ Արթուր Ալեքսանյանի, Սեյրան Օհանյանի, Ռուբեն Հախվերդյանի, Հայկազ Բաղմանյանի եւ այլոց ցուցմունքները, որոնք մասնավորապես վկայում են, թե Արծրուն Մարգարյանը վատ էր արտահայտվել Վահան Հարությունյանի հասցեին (իսկ դատարանում վերջինս պնդում էր, թե Արծրունն իր ընկերն էր, ինքը պաշտպանում էր նրան ու հուսով էր, թե դատարանում իր կողքին կկանգնի. «Բայց նա այլ ճանապարհ ընտրեց».- Ա. Ի.)։
Ընկերները նաեւ վկայել էին, թե Վահան Հարությունյանի եւ մյուսների կալանավորման առնչությամբ Արծրուն Մարգարյանը խորը, ծանր ապրումներ ու մտահոգություն է ունեցել։
Ինչեւէ, 1998-ի նոյեմբեր-դեկտեմբերից, ըստ վերոթվարկյալ ընկերների ցուցմունքների, Արծրուն Մարգարյանն անտրամադիր էր, ընկճված, արտահայտում էր ուղղակի կասկածներ իրեն սպասվող վտանգի, իր հնարավոր զոհվելու մասին։
Նույն շրջանում էլ առանց պատճառաբանության հրաժարվեց իր ընկերոջ՝ գնդապետ Սեյրան Սարոյանի զորամասի երկու աշխատակիցների ծառայությունից, նրանց փոխարեն թիկնապահներ վերցրեց Արմեն Խաչատրյանին եւ Արսեն Խաչատրյանին։ Վերջինիս մինչ այդ ծառայությունից խուսափելու համար Արծրուն Մարգարյանը վարչական կալանքի էր ենթարկել։ Ընդդիմախոսների բացատրությամբ, այդ տղաների համար մտերիմ մեկը խնդրել էր Արծրուն Մարգարյանին։
Բազմիցս նշվել է, թե 1999-ի փետրվարի 8-ին ինչպես էին զարգացել դեպքերը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի եզրին։ Սակայն կարծեմ չի հրապարակվել, որ եթե սկզբում թիկնապահները նույնաբովանդակ ցուցմունքներ էին տվել, հետագայում Արմեն Խաչատրյանը նշել էր, թե իջնելով ավտոմեքենայից ու դիմելով փախուստի՝ վազել ու թաքնվել էր շուրջ 50 մետր հեռավորության վրա գտնվող մի փոսում։ 10 րոպե հետո լսել էր երկու կրակոցի ձայն, որից 5 րոպե հետո նոր էր միայն հայտնվել Արսեն Խաչատրյանը։ Իսկ վերջինս ցուցմունք էր տվել, թե փախուստի էր դիմել, թաքնվել մի փոսի մեջ, բայց Արծրուն Մարգարյանն ատրճանակը ձեռքին հետապնդել էր իրեն։ Եվ երբ նա մոտեցել էր իր թաքստոցին՝ Արսեն Խաչատրյանն առաջ նետվելով, բռնել էր նրա ձեռքերից եւ այդ պահին, քաշքշոցի ժամանակ հնչել էր առաջին կրակոցը։ Հետո խլելով ատրճանակը, դրանով հարվածել էր նրա կրծքավանդակին, որի հետեւանքով արձակվել էր 2-րդ կրակոցը։ Իսկ երրորդն արդեն կրակել էր ինքը՝ Արծրուն Մարգարյանի ընկած դիրքում ու գլխի վրա։ Ապա ինքնասպանության պատկեր ստեղծելու նպատակով լիցքաթափել էր ատրճանակը եւ այն դրել Արծրուն Մարգարյանի ձեռքի մեջ՝ սեղմելով դաստակն ու մատները եւ վերադարձել Արմեն Խաչատրյանի մոտ։
Տեղն է հիշել, որ այս գործով շուրջ 50 փորձաքննություն է անցկացվել։ Եվ դատաբժշկական փորձաքննության համաձայն, ատրճանակը հետագայում դնելու, դաստակն ու մատները սեղմելու բնորոշ նշաններ, հետքեր չկան։ Դատաձգաբանական եւ հետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ չկան նաեւ ինքնապաշտպանությանը բնորոշ նշաններ, հետքեր։ Մինչդեռ Արծրուն Մարգարյանի մարմինը մեկ օր անց հայտնաբերած նրա ընկերները պնդում էին, թե նրա ձախ ձեռքն ամբողջությամբ այտուցված էր (կա ապացույց) եւ դա կարող է ինքնապաշտպանության բնորոշ նշան դիտվել։
Հողագիտական փորձաքննության համաձայն՝ Արծրուն Մարգարյանի կոշիկների վրա եղած հողն ունի «ընդհանուր սեռային պատկանելիություն» դիակի հայտնաբերման տեղից վերցված նմուշի հետ, որպիսիք բացակայում են թիկնապահներ Արմեն եւ Արսեն Խաչատրյանների կոշիկների վրա։
Ընդդիմախոսները հիշեցին, որ թիկնապահները երկու անգամ տուն էին այցելել՝ «Գուցե կոշիկները լվացել կամ փոխե՞լ էին»։ Չնայած դեպքի վայրում առկա 3 պարկուճներին, Արմեն եւ Արսեն Խաչատրյանները նշել էին, թե լսել էին միայն 2 կրակոցի ձայն։ Թեեւ կատարված փորձարարությամբ պարզվել էր, որ նրանց գտնված վայրից «ակնհայտ լսելի են դիակի ընկած տեղից արձակված բոլոր կրակոցներն էլ»։
Թիկնապահները նաեւ ցուցմունք էին տվել, թե կրակոցների պահին գեներալը հաստատապես արդեն ավտոմեքենայի մոտ չէր։ Մինչդեռ ականատեսների վկայությամբ, Խաչատրյանները մինչեւ ձերբակալվելը՝ Հայկ Հարությունյանի աշխատասենյակում պատմել էին, թե կրակոցներ լսելով (մեքենայից 20-25 մետր հեռավորության վրա գտնվելու պահին) շրջվել եւ տեսել էին մեքենայի մոտ գլխիկոր կանգնած Արծրուն Մարգարյանին։
Ինչեւէ, հետագայում Արսեն Խաչատրյանը հրաժարվել էր իր խոստովանական ցուցմունքներից։ Դրանց շարժառիթը, ըստ որոշ լուրերի, ֆիզիկական ու բարոյական ճնշումներն էին (նրա խուց նաեւ ինչ-որ մեկի էին նստեցրել, որը համոզել էր իր վրա վերցնել սպանությունը)։ Սակայն նախաքննությունը թիկնապահի այս շարժառիթներն արդարացի համարելով հանդերձ, ասենք, Արսեն Խաչատրյանին ծեծի ենթարկած որեւէ մեկի դեմ գործ չէր հարուցել։
Բայց դրդապատճառները մի կողմ՝ Արսեն Խաչատրյանը տեղատեսության ժամանակ ոչ ճիշտ էր ներկայացրել դիակի ընկած տեղը, առաջին եւ երկրորդ կրակոցների միջեւ 15-30 րոպե տեւողության հանգամանքը չէր ներկայացրել եւ այլն։ Տեղն է նշել, որ դատաբժշկական փորձաքննության համաձայն, կրծքավանդակին արձակված առաջին կրակոցից 15-30 րոպե անց էր եղել երկրորդ կրակոցը գլխին։ Ըստ այդ եզրակացության, կրծքավանդակին կրակոցից հետո Արծրուն Մարգարյանը դեռ կարող էր 15-30 րոպե քայլել, շարժվել, ատրճանակը հանել, գործածության մեջ դնել եւ այլն։ Ընդդիմախոսները որպես միայն ենթադրություն որակեցին փորձաքննության նաեւ այս եզրակացությունը. «Հաշվի առնելով վնասվածքների տեղակայումն ու բնույթը՝ չի բացառվում, որ տուժողն ինքն իրեն պատճառեր նշված հրազենային վնասվածքները»։
Իսկ Արսեն Խաչատրյանն այժմ արտասահմանում է՝ մեկնել է մրցումների կամ, ըստ այլ լուրերի՝ բուժման։ Արծրուն Մարգարյանի ընկերների համոզմամբ, նա այլեւս Հայաստան չի վերադառնա։ Նրանք նաեւ համոզված են, որ Արծրուն Մարգարյանի հետ կատարվածն իսկապես կբացահայտվի (եւ այն այլեւս կասկածներ չի ներշնչի) հաջորդ իշխանափոխությունից հետո միայն։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ