Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳԻՆ Է

Փետրվար 08,2000 00:00
ekm

ԵԿՄ վարչության նիստում վարչապետ Արամ Սարգսյանի ելույթը չափից դուրս հանպատրաստից էր. «Եթե ես իմանայի, որ ելույթ եմ ունենալու, անպայման կոստյում-փողկապով կգայի եւ գրավոր տեքստ կունենայի։ Բայց ոչինչ»,- ասաց վարչապետը։ Երկրապահներն էլ, թե՝ «ոչինչ, ըտենց լավ ա»։

ՄԻ՛ ԲԱՐԿԱՑԻՐ

Toto

Վարչապետը ոգեւորված երկրում իր հայտնաբերած ներքաղաքական, տնտեսական խնդիրների առատությունից՝ բողոքի ու ջղայնության հնչերանգով էր խոսում։ Երկրապահները չդիմացան եւ կատակով հարցրին, թե ինչու է վարչապետն իրենց վրա թափում այդ ամենը։ «Ես ամենեւին էլ երկրապահներին նկատի չունեմ, ուղղակի բարի միջավայր եմ գտել՝ անկեղծանում եմ»։

ԿԱԴՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ

toto

«Կադրային», «կադր» բառերը վարչապետին դուր չեն գալիս՝ նա որոշել է դրանք փոխել «մարդ» բառով։ «Ես հիմա համոզված ասում եմ, որ երկրում հիմա ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ հստակեցվելու է՝ սկսած կադրերի ընտրությունից։ Լինելու է մարդու ընտրություն, ոչ թե կադրի։ Էդ անունն էլ եմ փոխելու։ Կադր կինոյում են ընտրում»։ Ընդ որում կադրերի ընտրությունը, ըստ վարչապետի, լինելու է թափանցիկ։ Կառավարության կազմում առայժմ փոփոխություն, կարծես, չի սպասվում։ Վարչապետն ասաց, որ կողքի կարծիքներով չի կարող իմանալ, թե էսինչ նախարարը ինչպես է աշխատում. «Կամ որպեսզի իմանամ՝ էս մարդը լավ է աշխատում, թե վատ, պիտի իմանամ, չէ՞, թե էդ մարդը ինչ պիտի անի»։

20% ՈՐԱԿ

aram sargsyan

Ըստ Արամ Սարգսյանի, ինչ վարչապետ է դարձել, այս երեք ամսվա ընթացքում այնքան թուղթ է կարդացել, որ ոչ մեկին չի ցանկանա այդքան կարդալ։ Ու կարդացածի 80%-ը, պարզվում է, խոտան է եղել։

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ՈՒՄ

tigran naghdalyan

ՀԱՀ գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հեղինակային «Օրակարգ» ծրագրում պրն Նաղդալյանը կիրակի օրը «աչքի չընկավ»։ Այս փաստը դարձյալ նոր թափով շրջանառության մեջ դրեց նրա մոտալուտ պաշտոնանկության եւ ձերբակալման լուրը։ Զանգահարեցինք պրն Նաղդալյանին՝ ճշտելու պաշտոնից ազատվելու, ապա եւ ձերբակալվելու վտանգ զգում է, թե ոչ։ Պրն Նաղդալյանի ձայնը առույգ եւ զվարթ էր՝ առավել քան երբեւէ. «Բացարձակ նման վտանգ չեմ զգում»։ Մեր հարցին՝ որքանով են ստույգ այն լուրերը, թե նրան պարբերաբար դատախազություն են կանչում իր տեղակալ Հարություն Հարությունյանի ցուցմունքների հիման վրա, պատասխանեց. «Չեմ կարող կիսել ձեր տեսակետը՝ հարցաքննությունների պարբերականության առումով. կանչում են՝ ըստ անհրաժեշտության։ Իսկ թե ում ցուցմունքով են կանչում՝ չեմ կարող ասել. նախաքննական գաղտնիք է։ Սակայն մեզ առնչվող որեւէ պրոբլեմ չկա»։ Թե ինչու պրն Նաղդալյանը կիրակի օրը չվարեց «Օրակարգը», ունի հետեւյալ պատասխանը. «Հաղորդման 20-25 րոպեն նվիրված էր Դավոսի համաժողովին եւ մեկնաբանության կարիք չուներ»։ «Հաջորդ կիրակի «Օրակարգը» դո՞ւք եք վարելու» մեր հարցին Տիգրան Նաղդալյանը ասաց. «Չի բացառվում։ Նայած իրավիճակին»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829