Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

Փետրվար 08,2000 00:00

Հիմա խմբագիրս կասի՝ էլի՞ քո կոմունիստները։ Բայց այս պարագայում կրկին մեղավորը ես չեմ, այլ խորհրդարանական կոմունիստները։ ԱԺ երկրորդ գումարման 3-րդ նստաշրջանը բացվեց ոնց որ պետքն էր. հնչեց հիմնը, մինչ այդ պատգամավորները գրանցվեցին՝ 107 պատգամավոր։ Ի դեպ՝ հիմնի մասին. նիստի աշխատանքներին հետեւում էի խորհրդարանի բուֆետում, իսկ այստեղ բարձրախոսը չափազանց բարձրախոս է, եւ հիմնի վերջին ակորդների հետ բուֆետի կանանցից մեկը չդիմացավ. «Վայ, էս իմ հիվանդ գլխին բա սա պե՞տք էր, էս ի՞նչ արիք»։ Իսկ ավելի լուրջ՝ 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանի փետրվարի 7-9-ը եռօրյայի առաջին օրն անցավ օրակարգային քաշքշուկի մեջ՝ սովորական աշխատանքային վիճակ։

Մեծ ու փոքր օրակարգերի վրա չծանրանանք, բայց կոմունիստ պատգամավոր Ֆրունզե Խառատյանի ասելով՝ օրակարգի հարցերից մեկն իրենք դեռ հոկտեմբերի սկզբին են առաջարկել մտցնել մեծ օրակարգ, բայց դա չի արվել, ուրեմն՝ «սաբոտաժ» է։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն անընդհատ պարզաբանումներ էր տալիս։ Հետո հարցեր տալու համար առաջինը ձայն խնդրեց կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը, ասելով՝ թեպետ իրենք իրենց պայմանավորվել են, որ ԱԺ նիստերին կոմունիստները քիչ հարցեր տան, բայց ինքը չի կարող չհարցնել՝ ինչո՞ւ տոների եւ հիշատակի օրերի մասին հարցը եւ պատգամավորի կարգավիճակի մասին հարցը կրկին հետաձգվեց. «Իսկ դրանք լուրջ հարցեր են»։

Իր հերթին ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ձեր նկատմամբ եւ կուսակցությունը ներկայացնող խմբակցության նկատմամբ մեծ հարգանք կա»։ Երեւի հենց այս պատճառով հաջորդը խոսք վերցնողը վետերան կոմունիստ Պերճ Բոշնաղյանն էր։ Ընկեր Բոշնաղյանը դեռ մինչեւ անցյալ տարվա այն պահը, երբ պատգամավոր չէր, իր վետերան ընկերներին խոստացել էր Հայրենական պատերազմի վետերանների հարցերը բարձրացնել եւ՝ բարձրացնում է։ Այս տարվա մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, Կարմիր հրապարակում վետերանների շքերթ է լինելու, Հայաստանից 25 վետերան պետք է մասնակցի. «Սրանց պետք է հագցնել, ո՞վ պետք է անի, կա միջպետական, միջկառավարական համաձայնագիր, բայց մինչեւ այսօր մեր հանրապետությունում մատը մատին չեն խփում»։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի կարծիքով. «Բարձրացված հարցը շատ տեղին է», իսկ Արշակ Սադոյանն ուզում էր հասկանալ. «Մենք հո չենք կարող ընդունել օրենք մայիսի 9-ի «դելեգացիայի» մասին»։ Իհարկե, հարկավոր չէ այդ բանն անել, պարզապես պարոն Բոշնաղյանն ուզում էր, որ կոմունիստների առաջարկը մայիսի 1-ի, մայիսի 9-ի, մարտի 8-ի եւ նոյեմբերի 29-ի մասին, մտնի օրակարգ։

Փոքր օրակարգում չտեղավորվեցին նաեւ «Պարտադիր սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, առողջապահությանը եւ բազային կենսաթոշակի բարձրացմանը վերաբերող երկու հարցերը։ Պատգամավոր Հրանուշ Հակոբյանն առաջարկեց իր առաջարկած նախագիծը՝ «Բազային կենսաթոշակի բարձրացման մասին», դնել մեծ օրակարգում։ ԱԺ երկրորդ գումարման երրորդ նստաշրջանի բոլոր հարցերի քվեարկությանը խորհրդարանական մեծամասնությունն ակտիվ էր մասնակցում, նվազագույնը՝ 70 կողմ, այսպես թե այնպես, ապահովվում էր։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829