Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱԶԱՏԱԳՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Փետրվար 08,2000 00:00

Քիչ-քիչ կսկսի ավանդույթ դառնալ քաղաքից դուրս հավաքվելը:

Դաշնակցականներն արդեն մոտ մեկ շաբաթ է փակված են Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տանը, որի դարպասները «ռացիաներով» մարդիկ են հսկում, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով ներս չմտնի։ Երկրապահներն էլ իրենց ընդլայնված նիստը Ծաղկաձորում արեցին, բայց դաշնակներից հեռու։

Եվ երկրապահները, ի տարբերություն դաշնակցականների, լրագրողներին թույլ տվեցին լուսաբանել իրենց բացախոսությունը։ Նիստին եկել էին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ փոխնախագահները, պաշտպանության նախարարը, զինդատախազը եւ երկրապահամետ մի քանի նախարարներ։

ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքն ուղղված էր Ղարաբաղի հարցի շուրջ եղած, ինչպես ինքն ասաց, «պատերի տակից» դուրս եկած խոսակցություններին։ Երկրապահները, կարելի է ասել, բարկացած են, որ շատ հարցեր քննարկվում են առանց իրենց կարծիքը հարցնելու։ «Ամեն մի սանտիմ հողի վրա թափված արյուն ունենք, ամեն մի սանտիմ հողում զոհված հերոս ունենք»,- ասաց գեներալը, շեշտելով, որ թույլ չեն տա առանց «Երկրապահի» եւ ժողովրդի կարծիքը հարցնելու որեւէ մեկը փորձի տնօրինել Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը։

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը շարունակեց Մ. Գրիգորյանին. «Պատերազմից հետո, որտեղ էլ դիմում էինք՝ պատասխանում էին, որ ձեր տեղը կռիվն է, ձեր տեղը պատերազմն է, ձեզ ո՞վ էր ասել, որ կռվեիք, ձեզ ո՞վ էր ասել՝ զոհվեիք։ Այնքան էին ասել ու մեզ մատնացույց արել, որ մենք էլ էինք հավատում, թե չենք կարող տնտեսությամբ, քաղաքականությամբ զբաղվել»։ Այսինքն՝ կար ժամանակ, երբ երկրապահները մեկուսացված էին քաղաքական ու տնտեսական դաշտից, պետության կայացման, պետական կառավարման գործընթացներից։

Այժմ, սակայն, ըստ երկրապահների, հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո իրավիճակը փոխվել է եւ երկրի իշխանությունները պետք է հաշվի առնեն երկրապահների կարծիքը։ Հայտնի է, որ քաղաքական էլիտայի մեջ լուրջ տեսակետներ կան, որ «Միասնություն» դաշինքը ստեղծող գաղափարական լիդերների՝ Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի, սպանությունից հետո դաշինքը կորցրել է իր նախկին ամրությունը։ Եվս մեկ անգամ երկրապահներն իրենք իրենց եւ մամուլի միջոցով այդպես մտածողներին հայտարարեցին, որ դաշինքը էլ ավելի միասնական է եւ որ ոչ ոք իրավունք չունի սասանել այդ դաշինքը։

Հաջորդ կարեւոր միտքը, որ ուզում էին երկրապահները տեղ հասցնել. «Ամենաթողության, անպատժելիության, անպատասխանատվության մթնոլորտ է տիրում։ Հայտնի չէ, որ ուժերն են իշխանություն, ովքեր են պատասխանատվություն կրում կամ ովքեր իրականում պետք է կրեին։ Անհասկանալի է, ինչպիսի կադրային քաղաքականություն է վարվում երկրում։ «Երկրապահը» այս երկրի համար տվել է ամենաթանկը՝ իր արյունը եւ պատասխանատվություն է կրում երկրի եւ նրա ճակատագրի համար։ «Երկրապահը» չի կարող այս գործընթացներից դուրս մնալ»,- ասաց Մ. Մալխասյանը։ Եվ այսպես մտածում են բոլոր երկրապահները։

Արամ Սարգսյանը միացավ ելույթներին. «Երկրապահի» հետ իմ համագործակցությունն անընդհատ է եւ չկա որեւէ խնդիր, որի վրա «Երկրապահը» կարող է կասկածել ինձ վրա։ … Չեմ կարող ընդունել մի որոշում, որ ձեր սրտով չլինի։ Առավելապես՝ հողի հարցում»։ Արդյո՞ք սա նշանակում էր, որ երկրապահները կասկածում էին, թե վարչապետն իրենց հետ է համագործակցում։

Նիստից դուրս խոսակցությունների ընթացքում զգացվում էր, որ դաշնակցության ընդհանուր ժողովում վարչապետի սիրառատ ելույթը երկրապահների սրտով չի եղել։ Երեւի դա էր պատճառը, որ վարչապետն իր ելույթը այսպես սկսեց. «Ինձ համար ամենահաճելի մթնոլորտն է՝՝ գտնվել Երկրապահների միության անդամների շրջապատում։ Զուտ մարդկայնորեն կարոտում եմ ձեզ եւ ինչ-որ կերպ եղբորս կարոտը վերցնում եմ ձեզնից»։

Եվ թե՝ «Այսօրվա «Երկրապահի» կառույցն իրենից բուրգ է ներկայացնում եւ բուրգն ունի իր գագաթը եւ իր գագաթի քարը։ Բուրգի գագաթի քարը Մանվել Գրիգորյանն է։ Ես պաշտպանելու եմ այդ բուրգը եւ բուրգի հետ շփվելու եմ գագաթով»։

Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ելույթի միակ նորությունն այն էր, որ վարչապետը հետաքննող մարմնին աջակցել է տեխնիկական եւ նյութական միջոցներով՝ սկսած համակարգչից մինչեւ ավտոմեքենաներ։

ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ս. Դեմիրճյանը եւ «Հանրապետական» կուսակցության նախագահ Ա. Մարգարյանը ավելորդ անգամ եւս հիշեցրին, որ «Միասնություն» դաշինքը միասնական է ու համագործակցելու է «Երկրապահի» հետ։ Հենց դա ասելու համար էլ նրանք Ծաղկաձոր էին եկել։

Ո՞րն էր նպատակն այս նիստի, որը որեւէ որոշում չկայացրեց, այլ հարցեր հնչեցրեց եւ վերջում ճաշկերույթ տվեց։

Ինչ վերաբերում է դաշինքին։ Երբ մարդը մրսում է՝ նրան խորհուրդ են տալիս՝ մտքում ու բարձրաձայն ինքն իրեն կրկնել. «շոգ է, շատ շոգ է, վա՜յ, էս ինչ շոգ է»։ Ու մրսողին կամաց-կամաց սկսում է թվալ, թե տաքանում է։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829