Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական ջախջախիչ բարոյական հաղթանակ

Փետրվար 05,2000 00:00
Vahe Gabrielyan

«Դավոսում Քոչարյան-Ալիեւ տետ-ա-տետ հանդիպման ժամանակ ի վերջո ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ տարբերակ քննարկվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո՝ ինչ տարբերակ է, եթե ոչ, այդ դեպքում ինչպես է շրջանառության մեջ դրվել Մեղրին փոխանակելու տարբերակը»։ Այս հարցն «Առավոտը» երեկ ուղղեց ճեպազրույց կազմակերպած ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին։ «Թե ինչպես են տարբերակները շրջանառության մեջ դրվում մամուլում, հավանաբար, դուք ինձանից ավելի լավ պիտի իմանաք։ Ինչ վերաբերում է կոնկրետ տարբերակի կամ կոնկրետ համաձայնության եւ այդ առումով մամուլում հայտնված տարբեր մեկնաբանություններին, նոր առաջարկություններին, կոնկրետ տարբերակներին եւ նաեւ ձեր թերթի հղումներին, պետք է ասեմ, որ որեւէ կոնկրետ տարբերակի շուրջ համաձայնություն չի եղել։ ՀՀ նախագահի կողմից եղել է երկու նոր ընդհանուր առաջարկ-գաղափար, բայց կոնկրետ որեւէ համաձայնություն, որեւէ պայմանագիր չի քննարկվել եւ համաձայնություն ձեռք չի բերվել»։

Իսկ թե ինչպես են մամուլում շրջանառության մեջ դրվում տարբեր վարկածներ (ընդ որում՝ իրականությանը բավական մոտ), պարզ է. բոլոր պաշտոնյաներն իրենց ուղղված հարցերին տալիս են նույնքան ընդհանուր եւ կոնկրետության հետ ընդհանուր կապ չունեցող պատասխաններ, ինչպես հարգարժան պրն Գաբրիելյանը։

Դավոսում ՀՀ նախագահը նշել է, որ ԼՂՀ-ն եւ Ադրբեջանն անկախություն ստացել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նույն սկզբունքով եւ որ այդ հակամարտությունը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է. Հայաստանը ներքաշվել է հարկադրաբար։ Հակառակ դեպքում դա կարող էր սպառնալ ողջ հայ բնակչության տեղահանմանը Ղարաբաղից։ Հիմա երեք կողմերն էլ (ակնհայտորեն ոչ միայն սեփական նախաձեռնությամբ) գտնում են, որ հասունացել է հարցին վերջնական լուծում տալու ժամանակը։ ԼՂՀ-ի հարցի հակամարտության կարգավորման երեք սկզբունք է ներկայացրել ՀՀ նախագահը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի իրավահավասարություն, ԼՂՀ անկլավային վիճակի բացակայություն, ԼՂՀ-ի համար անվտանգության երաշխիք։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե քննարկվե՞լ է Նախիջեւանի անկլավ լինելը բացառելու սկզբունքը, պրն Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինքը նման հղում չի արել եւ այլ մանրամասներ բացահայտել չի կարող։ (Ի դեպ, վաղօրոք հայտարարված Ռ. Քոչարյանի այցը՝ Թուրքմենստան, հետաձգվել է անորոշ ժամկետով)։ Դավոսում նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ-ի պետքարտուղար Օլբրայթի, Սլովակիայի եւ Արգենտինայի նախագահների հետ։ Ընդ որում, ընդլայնվել է մեր նախագահի՝ ճամփորդության պատրվակով հանրապետությունից բացակայելու հնարավորությունը. Սլովակիայի նախագահը նրան հրավիրել է Բրատիսլավա։

Իսկ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն իր հրաժարականի հարցը չբարձրացնելու եւ այդպիսով՝ չթեթեւանալու նոր կոչ անելու եւս մեկ առիթ կունենա, քանի որ շուտով մեկնելու է Լիբանան։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի նախաքննությանը, զինվորական դատախազի այն հայտարարությանը, թե նոր ձերբակալումներ են սպասվում եւ ՀԱՀ գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հարցաքննություններին, պրն Գաբրիելյանը պատասխանեց. «Զինվորական դատախազը պարբերաբար զեկուցում է ՀՀ նախագահին. որեւէ նոր բան նախագահի անունից լիազորված չեմ ասել։ Նոր ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությունները ցանկալի չեն, քանի որ եթե կան մեղավորներ, նրանց պետք է պարզապես պատժել կամ ձերբակալել, ինչպես պահանջում է օրենքը, եւ՝ ոչ թե ինչ-որ հայտարարություններով համապատասխան մթնոլորտ ստեղծել»։

Այն հարցին, թե նախագահի աշխատակազմը պատրաստվո՞ւմ է դիմում ընդունել՝ փոխելու Ալիկ Հարությունյանի խափանման միջոցը, պրն Գաբրիելյանը ճշտեց, որ աշխատակազմի նման ցանկության մասին իրեն որեւէ բան հայտնի չէ։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գրիպը նոսրացրել է նախագահի աշխատակազմի շարքերը։ Պարզվեց, որ շարքերը կուռ են եւ խիտ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Դավոսում տեղի է ունեցել ուշագրավ մի նստաշրջան՝ «Մետաքսի ուղի թե մեծ խաչ» ենթախորագրով, ուր ՀՀ նախագահը ներկայացրել է Ասիան Եվրոպային կապող ամենակարճ ուղու մասին իր պատկերացումները։ Նշել է նաեւ, որ տարածաշրջանի երկրներն ունեն ընդհանուր շահեր, եւ, որ այդ երկրների ցանկության դեպքում տարածաշրջանում կարող են իրականացվել ներկայացված ծրագրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829