Իսկ «Միասնությունն» առայժմ պասիվ է
Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում ընդարձակ հարցազրույցներով, հարց ու պատասխաններով հանդես է գալիս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ղեկավար Արտաշես Գեղամյանը։
Ի թիվս այլ գեղամյանական ոգեշնչումների, դաշինքի ղեկավարը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի իր գործընկերներին՝ խորհրդարանական մեծամասնությանը, մեղադրելով վերջինիս անգործության եւ քաղաքական կամքի ու վճռականության պակասի մեջ։ Մի փոքրիկ հատված Գեղամյանից. «… ներկայիս Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները, որոնք ձեւավորել են նաեւ կառավարությունը, չեն դրսեւորում քաղաքական կամք եւ վճռականություն անաչառ գնահատելու ստեղծված իրավիճակը, անվանակոչելու այն տարրերին, որոնք, իրենց կուսակցություններ հորջորջելով էլ ավելի են խորացնում ճգնաժամը։ Եվ վերջապես, ժողովրդին ինչպես կարող է ոգեւորել 2000 թ. համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որն էլ ավելի կխորացնի ճգնաժամը»։ («Իրավունք», թիվ 6)։ Մեկ այլ լրատվամիջոցում Արտաշես Գեղամյանի մեկ այլ ոգեշունչ հարց է հնչում. «Ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը. ներկայիս Սահմանադրությունն արդյոք խանգարո՞ւմ է մեծամասնությանը՝ կյանքի կոչել ընտրարշավի հիմքում դրված իրենց ծրագրերը կատարելուն…»։
Խորհրդարանային մեծամասնությունը, չգիտես ինչու, մինչեւ այժմ չի պատասխանել հնչած մեղադրանքներին։ Ինչո՞ւ, մի՞թե Արտաշես Գեղամյանին արժանի պատասխան չի գտնվում։ Երեկ մենք այս հարցով դիմեցինք ՀՀԿ նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանին, ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանին, Գագիկ Ասլանյանին եւ պատգամավոր Արայիկ Բադեյանին։
Կարդացեք նաև
Անդրանիկ Մարգարյան. «Սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրում այսօր կուտակված խնդիրների լուծում. դա ընդամենը գործոններից մեկն է եղած իրավիճակում քաղաքական քայլեր կատարելու։ (Այսուհետեւ պարոն Մարգարյանն ամբողջությամբ կրկնեց Սահմանադրական փոփոխությունների մասին մեր թերթին տված հարցազրույցի իր բաժինը, ուստի հարմար չգտանք դրանք կրկին տպագրել։- Մ. Ե.)։
(…) Սահմանադրությունը կապ չունի տնտեսական վիճակի հետ, իսկ տնտեսական վիճակի ծանր լինելը ոչ միայն Արամ Սարգսյանի կառավարության օրոք առաջացավ, դա կար Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք, դրանից առաջ եղած բոլոր կառավարությունների օրոք, ուղղակի Վազգեն Սարգսյանը կարողացավ բացել իրավիճակը, ռեալ պատկեր ցույց տվեց եւ նախանշեց ծրագրեր, որոնց օգնությամբ կփորձենք առաջ գնալ։ Դա չի ենթադրում, որ մեկ կամ երկու ամսվա ընթացքում պետք է արդյունք տար։ (…) Եթե պարոն Գեղամյանը մտածում է, որ հնարավոր է ավելի մեծ եկամուտ հավաքել եւ ծախսերը քչացնել, դեֆիցիտը քչացնել, մենք պատրաստ ենք լսել-ընդունել նրա առաջարկները։ Խնդրեմ, բյուջեի քննարկումների ժամանակ ասեք ձեր ծրագրերը, նաեւ՝ ծրագրերը իրագործողին։ Կտեսնենք, եթե պարոն Գեղամյանը իրոք կառաջարկի ծրագրեր իրավիճակը շտկելու, մենք պատրաստ ենք։ (…) Դե, մենք, փորձում ենք անել, թող ասեն, թե ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում։ Այդպիսի մերկապարանոց հայտարարություններ միտինգի կամ քարոզչության ժամանակ կարելի է անել»։
Մեր զրույցի վերջում Պարոն Մարգարյանն ասաց. «Ես Արտաշես Գեղամյանի ասածները լուրջ չեմ ընդունում»։ Ավելի ուշ Տիգրան Թորոսյանն ասաց, որ «Իրավունք եւ միաբանությունից» 2000 թ. բյուջեի քննարկումներին գրեթե ոչ ոք չի մասնակցում։
(…) Պարոն Թորոսյանը Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս մոտավորապես կրկնեց Անդրանիկ Մարգարյանի միտքը, ասելով, որ այդ փոփոխություններն իրենք չեն դիտում որպես միջոց ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։
Բյուջեի հետ կապված մեղադրանքներին անդրադառնալով, պարոն Թորոսյանն ասաց. «Միանգամայն բնական է, որ բյուջեն այսպիսին պետք է լիներ հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո։ Վազգեն Սարգսյանի կառավարությունը պատրաստում էր միանգամայն այլ բյուջե, այս իրավիճակը ստիպեց, որ լինի այս բյուջեն, որը չափազանց կարեւոր է, որ անպայման կատարվի, որովհետեւ ի վերջո վստահություն պետք է առաջանա կառավարության խոսքի եւ գործի նկատմամբ»։ Կարծում եմ, հարկ չկա շարունակել, արդեն հասկանալի է, որ ԱԺ փոխխոսնակը եւս առանձնապես հաշվի չի առնում «իրենց կուսակցություն հորջորջող»-ների հարձակումները, «այդ քաղաքական գզվռտոցներին պետք է վերջ տրվի»։
Գագիկ Ասլանյան. «Իրոք, ներքաղաքական այս պայքարը երկրորդ պլան է մղել երկրի առջեւ ծառացած հիմնական հարցերը։ Մենք այսօր իրոք ուշադրության կենտրոնում պետք է ունենանք սոցիալ-տնտեսական հարցերը։ Վիճակը մտահոգող է, եւ դրա համար մենք անպայման հասնելու ենք նրան, որ շրջադարձային քայլեր կատարվեն դեպի աշխուժացում առաջընթացի ուղղությամբ»։
«Միասնության» անդամները զարմանալի քաղաքական հասունություն ցուցաբերեցին եւ, ինչպես տեսնում եք, Արտաշես Գեղամյանին չպատասխանեցին նույն ոգեւորությամբ։ Թերեւս դրա համար հարկավոր է Գեղամյան Արտաշեսի ասածները «բանի տեղ» դնել, ինչը մեր զրուցակիցներից չէր զգացվում։ Գեղամյանի հավեսն այս պահին խորհրդարանական մեծամասնությունը չունի, նրա ուշքն ու միտքը իրատեսական եւ կատարողական բյուջեն է։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ