«Ապատեղեկատվական գրոհ» է որակել «Հայոց աշխարհ» թերթի փետրվարի 3-ի «Ով վճարում է, նա էլ պատվիրում է» հրապարակման հեղինակը մասնավորապես իմ ստորագրությամբ լույս տեսած մի հոդված։
Եվս մեկ անգամ «Հայոց աշխարհը» կանխավայելում է երանությունը՝ «պատկերացրեք ինչ կլինի, եթե… բացահայտվի ողջ ճշմարտությունը, հաստատվի, որ իսկապես Վ. Սիրադեղյանը պարտակել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի հանցագործությունները, մասնակից եղել սպանությունների որոշումներ կայացնելուն»։
Ավելի քան մեկ տարի փայփայած այս երազանքը հավաստի դարձնելու համար «Հայոց աշխարհը» պնդում է, թե Վահան Հարությունյանի ցուցմունքից բացի պարտակելու վերաբերյալ «դատարանին հայտնի է առնվազն եւս երկու վկայություն՝ ՆԳ նախկին նախարարի նախկին խորհրդական Թաթուլ Սաֆարյան եւ Մաշտոցի ՆԳ բաժնի պետ Դավիթ Խառատյան»։
«Հայոց աշխարհին» մատնանշենք թիվ 62202294 քրեական գործի 6-րդ հատորում Թաթուլ Սաֆարյանի (էջ 120-122, 124-131, 168-171) եւ Դավիթ Խառատյանի (էջ 165-167, 168-171) ցուցմունքները։
Կարդացեք նաև
Թաթուլ Սաֆարյանն առհասարակ ժխտում է, թե ՆԶ աշխատակիցներին Մաշտոցի շրջան տանելու վերաբերյալ ինքը ՆԳ նախարարի կարգադրությունն է ստացել. «Ես չեմ հիշում, թե նման կարգադրություն եղել է ինձ տրված, եւ ինչ ձեւով է տրվել, ըստ Արշակ Շուխյանի, հարցը համաձայնեցվել է Վահան Հարությունյանի հետ… Եթե նախարարն ինձ կոնկրետ հանձնարարություն տար՝ ես կհիշեի»։
Ինչո՞ւ է, ուրեմն, կեղծում «Հայոց աշխարհը»։ Այդ անելու համար բավարա՞ր է արդյոք Դավիթ Խառատյանի այն արդարացումը, թե Թաթուլ Սաֆարյանն իրեն ասել է, որ տղաներին տանելը նախարարի կարգադրությունն է, այլապես ինքն այդ անձանց չէր հանձնի…
Խոսք կա՞ արդյոք այստեղ որեւէ բան պարտակելու վերաբերյալ։ Կարելի՞ է եզրակացնել, թե «Հայոց աշխարհն» այնքան է հմտացել նույն այդ ապատեղեկատվության ոլորտում, որ կարդում է մի բան, մատուցում բոլորովին այլ բան։ Թե՞ չի էլ կարդում, ուղղակի մատուցում է։
Կեղծ «փաստերի» վրա հիմնված «գյուտը», թե ահա ինչու է թափ առել «հասարակական կարծիքը շեղելուն միտված քարոզչությունը»՝ պարզապես ծիծաղելի է։ Ցավ է պատճառում «Հայոց աշխարհին», թե «սկսված արշավի նպատակն է վերջնականապես վարկաբեկել Վահան Հարությունյանին»։
Ոչ ոք Վահան Հարությունյանին վարկաբեկելու խնդիր չունի։ Բայց թե ինչո՞ւ է «Հայոց աշխարհը» բացահայտ պաշտպանում ու գուրգուրում նրան՝ «Հայոց աշխարհի» խնդիրն է։
Եվ ապա. «… մյուս «թիրախը» (վարկաբեկման.- հեղ.) Աղվան Հովսեփյանն է, չէ որ նա է… երկու անգամ միջնորդությամբ մտել ԱԺ՝ Վ. Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ»։
Մի՞թե։ Քրեական հետապնդո՞ւմ։ Բայց ինչո՞ւ այդքան կոպիտ։ Ինչո՞ւ հետապնդում… Հասարակությունն էլ կարծում է, թե ոչ մի հետապնդում էլ չի եղել, եղել է ընդամենը քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Արժե՞ արդյոք մարդուն «բարոյապես վարկաբեկելուց» («Հայոց աշխարհի» բառերն են.- հեղ.) իբր թե փրկելու ջանասիրությունից հասնել այս աստիճանի ինքնամոռացության։
Հիշյալ հոդվածի մի պատկառելի մաս էլ նվիրված է Արմեն Տեր-Սահակյանի «գլուխ ցխել» բառակապակցությունը Վահան Հարությունյանի ցուցմունքից վտարելու անհասկանալի եւ հուսահատ փորձերին. «… չեն դադարում սադրիչ հարցերը եւ նախաքննական ցուցմունքները բացահայտ խեղաթյուրելու փորձերը… Այն, որ Ա. Տեր-Սահակյանը… մտադրություն է ունեցել սպանել Վազգեն Սարգսյանին՝ իսկապես նախաքննության ժամանակ հայտնել է Վահան Հարությունյանը, սակայն «գլուխը ցխելու» արտահայտություն չի օգտագործվել»։ Միանգամից հիասթափեցնենք. Վահան Հարությունյանը 1998 թ. հունվարի 31-ի իր ցուցմունքում գրել է տառացիորեն հետեւյալը. «Կոնկրետ նախարար Վազգեն Սարգսյանի հասցեին լավ հիշում եմ, որ նա ասաց, որ «հեսա հավքվել ենք, գնում ենք գլուխը ցխենք» (թիվ 62202499 քր. գործ, հատոր 32, էջ 2, տող 22, 23, 24)։
… Ահա այս մակարդակով է «լուսավորում» իր ընթերցողին «Հայոց աշխարհը» եւ բարձրագոչ խոսքեր ասում «հասարակական կարծիքը ապակողմնորոշելու», «գործի նյութերը բացահայտ խեղաթյուրելու», «դատաքննության վրա ստվեր գցելու», «շանտաժի» եւ այլնի մասին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ