Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Փետրվար 04,2000 00:00

 Զրույց Ստեփան Դեմիրճյանի հետ

ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը սակավախոս է։ Մեր կարծիքով հարցերին կարճ պատասխանելը քաղաքական գործչին հատուկ փորձի պակասի հետեւանքով էր։ Սովորաբար, քաղաքականության մեջ գտնվողները (հատկապես նրանք, ովքեր նոր են սկսում) առիթը բաց չեն թողնում իրենց «լրջագույն» կարծիքը ներկայացնել։ Ստեփան Դեմիրճյանի պարագայում այս խնդիրը չնկատվեց։ Ուստի, հարցազրույցը մի փոքր անսովոր շարադրանք կունենա։

Ստեփան Դեմիրճյանը մտնում է քաղաքականության մեջ ոչ թե այն պատճառով, որ ինքը մանկուց երազում էր զբաղվել քաղաքականությամբ, այլ. «Եթե Կարեն Դեմիրճյանը լիներ, ես չէի գա քաղաքականություն։ Ես ունեցել եմ իմ կյանքը, չեմ գտել, որ կյանքում ամենահետաքրքիր բանը քաղաքականությունն է։ Բայց այս դեպքերից հետո կար պահանջ, իրոք կար պահանջ, խնդրանք մարդկանց կողմից, վարչության կողմից եւ, իրոք, դժվար էր դա անտեսել։ Ինչեւիցե, որոշումը կայացված է, դա հեշտ որոշում չէր։ Հասկանում եմ պատասխանատվությունը, իհարկե կզբաղվեմ ամենայն լրջությամբ։ Պետք է առավելագույնս անել»։

ՀԺԿ նոր նախագահն իր աշխատանքը սկսել է կուսակցության տարածքային կառույցների հետ հանդիպումներով։ Նրա ասելով, կուսակցության ներսում աշխուժացում է նկատվում։ Կուսակցության անդամների թվի մասին մեր հարցին պատասխանելիս՝ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Հոսք կա կուսակցություն եւ որակյալ հոսք կա, բանիմաց մարդիկ են ուզում մտնել կուսակցություն»։

Թե կոնկրետ քանի անդամ ունի կուսակցությունը, պրն Դեմիրճյանն ասաց. «Ամեն դեպքում դրանք տասնյակ հազարներ են։ Եվ որպեսզի հստակ պատկեր ունենանք, հիմա մենք ուզում ենք առաջնահերթ լուծել կուսակցական տոմսերի հարցը։ Դրանից հետո կգնանք համագումարի։ Առհասարակ ես ավելի կենտրոնացած եմ ներկուսակցական հարցերի վրա»։

Թեպետ պրն Դեմիրճյանն ասաց, թե ինքը կենտրոնացած է ավելի շատ ներկուսակցական հարցերի վրա, բայց պարզապես չէր կարելի չհարցնել ՀԺԿ-ՀՀԿ երեւացող եւ չերեւացող հակասությունների մասին։ Ժամանակին, երբ ՀԺԿ-ն միավորվեց ՀՀԿ-ի հետ, ՀԺԿ-ի մի շարք անդամների այդ միավորումը առանձնապես չոգեւորեց, եղան մարդիկ, ովքեր պարզապես դժգոհ էին։ Ինչպե՞ս է լուծվում այդ հարցն այսօր եւ արդյոք երկփեղկումը շարունակվում է. «Իհարկե դա հեշտ որոշում չէր առաջին հերթին Կարեն Դեմիրճյանի համար, ես սա ներսից գիտեմ։ Դժվար որոշում էր, բայց դա արված էր էլի հանուն ժողովրդի եւ սրանք ուղղակի բառեր չեն։ Իհարկե, կան տարբեր կարծիքներ, բայց ընդհանուր առմամբ հիմա խմորումներ չկան։ «Միասնությունը» պետք է էլ ավելի ամրապնդվի եւ կոնկրետ գործերով երկիրը հանի այս վիճակից»։

ՀՀԿ-ի հետ հակասություննե՞ր. «Ես չէի ասի, թե լուրջ հակասություններ կան։ Տարակարծություններ լինում են նույնիսկ միեւնույն կուսակցության ներսում։ Ընդհանուր առմամբ համագործակցությունը շատ նորմալ հիմքերի վրա է դրված»։

Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության մասին Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Հուսով եմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի։ Դա պետք է ոչ միայն ինձ, զոհվածների ընտանիքներին, դա նաեւ պետք է ժողովրդին, պետք է պետությանը»։

Նախաքննության մարմնի աշխատանքները գնահատելիս Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Եկեք ես մեկնաբանություններ չանեմ, այնքան ինֆորմացիա ունեմ, որքան դուք, հավատացեք, ինձ առանձին ինֆորմացիա չեն տալիս»։

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավուր պատշաճի՞ է պահպանվում։ Արդյոք ճի՞շտ է, որ որոշ անուններ գրեթե չեն հիշատակվում եւ հակառակը։ ՀԺԿ վարչության նախագահի կարծիքով. «Վերջին հաշվով մարդու արած գործերն են մնում։ Ասեն-չասեն, Կարեն Դեմիրճյանը մնացել է եւ կմնա իր գործերով»։

Մեր զրույցի ընթացքում Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ «ՀԺԿ-ն նախագահի հրաժարականի հարց չի դնում»։ Իսկ երկրի վիճա՞կը. «Երկրի վիճակն է առհասարակ շատ վատ։ Այսպիսի վիճակ երբեւիցե չի եղել։ Հիմա բոլոր լուրջ քաղաքական ուժերը պետք է դա հասկանան, եւ ինձ թվում է՝ հասկանում են։ Եվս մեկ անգամ ես Դեմիրճյանի խոսքը կրկնեմ, որ «այս վիճակից միայն միասնական ուժերով կարելի է դուրս գալ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829