Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Փետրվար 04,2000 00:00
qartez

Մեր թերթի (2 փետրվարի) հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն նյութին, որ Դավոսում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի խնդիրը Մեղրիի հետ փոխանակությամբ լուծելու վերաբերյալ։ Նույնիսկ ենթադրություն կար, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ այդպիսի որոշում է ընդունվել՝ աջակցությամբ Օլբրայթի եւ Սեստանովիչի։ Քանի որ հայկական դիվանագիտությունն այս մասին լռում է, ենթադրությունների հիմք էին հանդիսացել Ալիեւի ետդավոսյան հայտարարությունները՝ հատկապես հետեւյալը. «Մենք շարունակեցինք երկկողմ բանակցությունները եւ փոխզիջումների որոնումը՝ միասնական կարծիքի հանգելով հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ»։

Հայկական դիվանագիտությունը ոչ միայն լռում է, բայց նաեւ հերքում է։ Հիշատակելով «Առավոտի» հրապարակումը, նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասում է. «Այժմ հակամարտության կարգավորման որեւէ կոնկրետ տարբերակ Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի միջեւ չի քննարկվում»։

Իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Ն. Մելքումյանը հայտարարում է. «… Դավոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակի շուրջ ընդհանրապես որոշում չեն կայացրել, այլ պայմանավորվել են շարունակել շփումները»։ Ուրեմն, հանդիպում են ու ոչ մի տարբերակ չեն քննարկում։ Կամ Օլբրայթով, Սեստանովիչով հավաքվում են, որպեսզի որոշեն «շփումները շարունակել»։

Ալիեւ-Քոչարյան դավոսյան հանդիպման ավարտից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի լրատվածրագրերի միջազգային գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց անկեղծ երկխոսության մեջ դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկության շրջանակներից եւ ձգտում են Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի նորարարական եւ համարձակ լուծում գտնել»։ Ուրեմն.

1. Կամ Ալիեւը ճիշտ չի ասում, հայտարարելով, որ «հանգել են միասնական կարծիքի»։

2. Կամ Վահե Գաբրիելյանը ճիշտ չի ասում, նշելով, որ «որեւէ կոնկրետ տարբերակ չի քննարկվում», որովհետեւ Ն. Մելքումյանն, ըստ էության, ասում է, որ որեւէ տարբերակ քննարկվում է, ուղղակի դրա շուրջ որոշում չի կայացվել։

3. Կամ պետդեպարտամենտը ճիշտ չի ասում, որ Քոչարյանն ու Ալիեւը ձգտում են ավելի նորարարական եւ համարձակ լուծում գտնել։ Նախագահի մամուլի խոսնակը պետք է ընդունի, որ «նորարարական եւ համարձակ» տարբերակը նույնպես տարբերակ է։ Ու քանի որ, ըստ պետդեպարտամենտի, նախագահները դուրս են եկել Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից՝ այսինքն «ընդհանուր պետությունից», «ոչ կոնվենցիոնալներից», «դե յուրե, դե ֆակտոներից», նորարարականն ու համարձակը մնում է Մեղրիի հետ փոխանակության տարբերակը։

Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829