Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԳՈՂԱՑԵՔ, ՆԱԽԱՐԱՐՆԵ՛Ր

Փետրվար 04,2000 00:00
Andranik manukyan

«Եթե կառավարության անդամները, գոնե 6 ամիս կաշառք չվերցնեն, չգողանան վարկերը, այս երկիրը ոտքի կկանգնի»։ Այս մտքի հեղինակը ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն է։

– Եվ դա ասում է «Միասնություն» դաշինքի անդա՞մը։ Ձեր դաշինքի ներկայացրած թեկնածուն հանրապետության վարչապետն է։ «Միասնությունը» նաեւ նախարարներ ունի կառավարությունում։

– Ես «Միասնություն» դաշինքի անդամ եմ, եւ այդ դաշինքին այսօր մեղադրում են, թե մեղավորը ձեր կառավարությունն է։ Բոլորը սխալվում են. «Միասնությունը» կառավարությունում ունի մեկ վարչապետ, 2-3 նախարար՝ Սմբատ Այվազյանը, Վահան Շիրխանյանը։ Բայց կառավարությունը 20-ից ավել անդամ ունի։ Տեսեք, բյուջեն ներկայացվում է փետրվարի վերջին։ Այսպիսի բան ես չեմ հիշում։

– Վարչապետն ինքը խոստովանեց, որ բյուջեի նախագծի ուշ ներկայացման «մեղավորները» հոկտեմբերի 27-ի դեպքերն են եւ որոշ առումով՝ իր անփորձությունը։

– Բայց չէ՞ որ Վազգեն Սարգսյանը բյուջետային քննարկումները դեռեւս սեպտեմբերին էր սկսել։ Հասկանալի է Արամ Սարգսյանի հիմնավորումը։ Բայց կառավարությունում կան նախարարներ, որոնք պիտի դրա վրա աշխատեին։ Մի քանի ամիս է՝ մամուլում կարդում ենք՝ պաշտոնից պետք է հեռացնեն էներգետիկայի նախարար Զադոյանին, տրանսպորտի նախարար Զախարյանին։ Նրանք էլ, պարզ է, իմանալով, որ իրենց չինովնիկության ժամկետը շատ կարճ է, չեն աշխատի։ Կառավարությունում կան նախագահական թեւի նախարարներ, կան «Միասնություն» դաշինքի նախարարներ։ Արդյո՞ք կարող է աշխատել այն կառավարությունը, ուր կա «իմ» ու «քո»։ Իհարկե, ոչ։ Տա Աստված, որ շուտ բացահայտվի հոկտեմբերի 27-ը, որ կասկածամտությունը վերանա։ Եվ տա Աստված, որ նախագահական թեւի վրա ընկած կասկածները (եկեք պարզ խոսենք) սխալ, սուտ լինեն։ Հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական ուժերը սատարում էին նախագահին, հետո սկսեցին հրաժարական պահանջել։ Եթե երկրի խորհրդարանում գնդակահարում են վարչապետին, ԱԺ նախագահին, երկրի նախագահը նույն օրը պետք է հրաժարական տա, քանի որ ինքն է երկրի տերը։ Եթե նա այն ժամանակ հրաժարական չի տվել, այսօր դրա մասին խոսելը մանանեխ է ճաշից հետո։

– Դուք համարում եք, որ եթե չինովնիկները 6 ամիս գոնե չգողանան, մեր երկիրը ոտքի կկանգնի։ Ինքներդ կաշառակերության փաստեր ունե՞ք։ Նման դեպքում Գագիկ Ջհանգիրյանը կասեր՝ եթե փաստեր ունեք, ցուցմունք տվեք։

– Պրն Ջհանգիրյանը կամ մյուսներն ինձնից լավ գիտեն, թե ինչ է կատարվում այս երկրում։ Դուք լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա, նախարար առանց կաշառքի պաշտոնի նշանակվի։ Ես չեմ լսել։ Այն մարդը, որը կաշառքով պաշտոն է ստացել, պետք է իր կաշառքը հանի, գողանա ժողովրդից, պետական փողերը, վարկերը։ Եթե 6 ամիս չգողանան, այս երկրի տնտեսությունը կկայունանա։ Եթե եւս 6 ամիս չգողանան, բնակչության կենսամակարդակը կբարձրանա։

– Համաձա՞յն եք այն կարծիքին, որ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ն էլ չի կարող աշխատել նորմալ հունով։ ԱԺՄ նախագահը՝ խորհուրդ տվեց նաեւ ԱԺ նոր ընտրություններ էլ անցկացնել։

– Ժողովուրդը հոգնել է ընտրություններից եւ թքած ունի իշխանավորների վրա։ Թող կատարեն սահմանադրական փոփոխություններ եւ երկիրը դարձնեն պառլամենտական երկիր։ Այսպես կազատվենք նաեւ նախագահի պաշտոնից, որի համար այսքան կռիվ են տալիս։ Ի դեպ, թող նախագահն ու կառավարության անդամները գնան օդանավակայան եւ տեսնեն՝ քանի՞ մարդ է գնում Հայաստանից, քանիսն է նրանցից վերադառնում։ Ու իրենք էլ կհամոզվեն, որ մարդիկ զզվել են հա՛մ այս երկրից, հա՛մ իրենցից։

– Դուք 92-95 թթ. ԱԺ էներգակիրների ներկրման աշխատանքը ստուգող հանձնաժողովի անդամ եք։ Եթե չեմ սխալվում, վարչապետ Վազգեն Սարգսյանը ձեզ հանձնարարել էր մինչեւ վերջ գնալ՝ բացահայտելու կատարված հանցագործությունները։

– Վահան Զատիկյանի հուղարկավորության ժամանակ Վազգեն Սարգսյանն ինձ ասաց. «Անդո ջան, սա մեր պատվի հարցն է։ Մինչեւ վերջ պետք է գնաս, որ բացահայտվի։ Դա մեզ պետք է»։ Այդ բնագավառում ահռելի կաշառակերության եւ թալանի փաստեր կան։ Հանձնաժողովն առանց ինձ (առողջությունս առայժմ չի ներում) շատ լավ աշխատում է։ Ժամանակին ասել ու հիմա էլ ասում եմ՝ իրենց աշխատանքում շատ են թերացել նախկին արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը, Երվանդ Զախարյանը, էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը։

– Հոկտեմբերի 27-ից հետո մի տեսակ սուր եւ կտրուկ եք ձեր գնահատականներում։ Եվ հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասին։

– Ոչ միայն նախագահի։ Հոկտեմբերի 27-ից հետո հավատս կորցրի բոլորի հանդեպ։ Ես ասում եմ ճշմարտությունը՝ այս ժողովրդին այս վիճակում դնելը եղեռնի մի այլ ձեւ է։ Եւս մի հետաքրքիր փաստ. կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցներն աշխատավարձերը չեն ստացել, նպաստները չեն տրվել, բայց բաց է թողնվել լուրջ գումար՝ ասֆալտ անողների համար։ Այդ գումարը բյուջեով տրանսպորտի նախարարության համար էր նախատեսված. «Շատ լավ գիտենք՝ ինչու են այդ գումարը բաց թողել։ Որովհետեւ վերցրել են «իրենց հասանելիք» 10 տոկոս կաշառքը։ Ով 10 տոկոս կաշառք է տալիս, բյուջետային փողերը տալիս են»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829