Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր լինելու աստիճան ծիծաղելի միտք»

Փետրվար 03,2000 00:00
orenq

Հայաստանյան օրենքներն արգելում են դրսից ֆինանսավորվող կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը հանրապետությունում։

Սակայն նույն այս հանրապետությունում վաղուց է գործում չգրված, բայց «սրբությամբ» իրագործվող մի օրենք, այն է՝ «Մենք բոլորս օրենքից դուրս ենք»։ Հակոբ Պարոնյանը դեռ նախանցյալ դարում է ասել՝ «Այս երկրի մեջ ամեն օրենք իր հակաօրենքն ունի»։ Իսկ ՀՀ այսօրվա արդարադատության նախարարը խոստովանում է, որ «Օրենքները երբեք չեն լինում իդեալական»։

Վարչապետ Արամ Սարգսյանը զարմանալի արագությամբ յուրացրեց երկրում գործող օրենքները եւ չ-օրենքները։ Նա ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, հետաքրքիր բաներ ասաց, որոնց արդեն մի քանի օր է իր հերթին անդրադառնում է մամուլը։ ՀՅԴ-ի՝ դրսից ֆինանսավորվելու վերաբերյալ հարցին վարչապետ Արամ Սարգսյանը պատասխանել էր. «Ես դա դիտում եմ իբրեւ գումարի մուտք Հայաստան»։ Իսկ մենք տեսնենք, թե ինչպես են դիտում վարչապետի վերոհիշյալ միտքը հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Նախեւառաջ, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեսակետը։ Պարոն Հարությունյանը մեկուկես օրվա ընթացքում ժամանակ չգտավ պատասխանել մեր հարցին։ Նրա մամուլի խոսնակն ասաց, թե նախարարը զբաղված է նույն օրենքները կատարելագործելով։ Դրա փոխարեն հարցին երկու կարճ նախադասությամբ պատասխանեց «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Արա Սահակյանը. «Տխուր լինելու աստիճան ծիծաղելի միտք։ Նույն տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաեւ դրսից ֆինանսավորվող մարդասպաններին, չէ՞ որ դա նույնպես ինվեստիցիա է»։

«ԱԻՄ»-ից մեր հարցին պատասխանեց Նորայր Խանզադյանը, որը նախօրոք հայտնեց, թե դա ոչ թե ԱԻՄ-ի, այլ իր՝ Նորայր Խանզադյանի անձնական կարծիքն է. «Հարցը չպիտի դիտարկել, թե ի՞նչ, ի՞նչ նպատակով եւ ո՞ր կուսակցության վերաբերյալ է ասել վարչապետը։ Այսօր գործում է «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը, համաձայն որի արգելված է «դրսից» ֆինանսավորումը։

Եվ քանի դեռ հիշյալ օրենքն ուժը չի կորցրել, ցանկացած պարկեշտ մարդ կամ կազմակերպություն պարտավոր է հարգել այն։ Հիշեցնեմ, որ դրանից մեծապես տուժեց ԱԻՄ-ը, որը, լինելով օրինապաշտ կազմակերպություն, լուծարեց արտերկրում գործող իր բոլոր կառույցները։

Մեր կարծիքով՝ «դրսից» ֆինանսավորումն ունի թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմեր։ Չմանրամասնելով դրանք, ասեմ, որ այդ հարցը կարելի կլինի հեշտությամբ կարգավորել այն ժամանակ, երբ ընդունվի երկքաղաքացիության մասին օրենքը»։

Իրենք՝ ՀՅԴ-ի անդամները, վարչապետի ասածը յուրովի են հասկացել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աղվան Վարդանյանն ասել է, թե «Ֆինանսական խնդիրը հայաստանյան կազմակերպությունը վաղուց լուծել է»։ Իսկ այն, որ վարչապետը խոսել է ֆինանսների մասին, «կարծում եմ, նկատի է ունեցել զուտ դաշնակցության համաշխարհային կառույցը եւ այդ կառույցի միջոցով այդ մասին խոսք եղավ նաեւ նրա ելույթում»։ Աղվան Վարդանյանի կարծիքով՝ «իսկապես դաշնակցությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ եւ փորձում է վերջին տարիներին ունենալ այդ դերակատարումը»։

Մեր կարծիքով, ամենալավատեսն այս պահին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն է, որը քիչ ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Մենք նախ եւ առաջ առաջնորդվում ենք օրենքներով եւ ոչ թե օրվա վարչապետի հայտարարություններով»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829