Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՐՄԻԴՈՐԻ 9-Ը

Փետրվար 03,2000 00:00

1998 թվականի սկզբին նախագահական ամբիցիաներ ունեցող վարչապետ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա զինակից ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կարողացան իրենց կողմը քաշել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն իր հայտնի ասուլիսով հրապարակավ հակադրվեց այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս, քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, փետրվարի 3-ին հրաժարական տվեց: Դա հնարավոր դարձավ, մասնավորապես, այն պատճառով, որ մինչեւ 98 թվականը Հայաստանում չէր հաջողվել ստեղծել ուժեղ ժողովրդավարական պետություն, որը կախված չէր լինի ուժային նախարարների քմահաճույքներից եւ նրանց դավադրություններից:96-ի սեպտեմբերից հետո Տեր-Պետրոսյանն իր իշխանությամբ պարտական եղավ Վազգեն Սարգսյանին, որն այնուհետեւ լուծեց իշխանափոխության խնդիրը: Նույն մարդուն իր իշխանությամբ պարտական է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Պարտական էր մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը:

Այսօր արդեն պարզ է, որ ղարաբաղյան հարցում տարաձայնությունները միայն պատրվակ էին իշխանության ձգտող Ռոբերտ Քոչարյանի համար: Եթե նա շահագրգռված լիներ լուծել այդ խնդիրը, ապա այս երկու տարվա ընթացքում թեկուզ ինչ-որ առաջընթաց տեսանելի կլիներ: Նոր իշխանության ժամանակ չի նկատվել նաեւ որեւէ բարելավում սոցիալ-տնտեսական բնագավառում, մեծ թափով շարունակվում է արտագաղթը, տեղի են ունեցել աղմկոտ սպանություններ, զգալիորեն թուլացել են պետական բոլոր ինստիտուտները:

Բայց հիշենք. 98-ի փետրվարի իշխանափոխությունը ժողովրդի կողմից ընդունվեց գրեթե ոգեւորությամբ, քանի որ մարդիկ ուրախ էին ազատվել իրենց խոր հիասթափություն պատճառած իշխանությունից: Այստեղ գործում է հայտնի պատմական օրինաչափությունը. ժողովուրդը միշտ մեծ ու անարդարացի սպասելիքներ ունի նրանցից, ովքեր հեղափոխություն են անում եւ նոր պետություն են հիմնում: Բայց հին համակարգի ջախջախման եւ նորի ստեղծման միջեւ ընկած ժամանակահատվածում ժողովուրդն անասելի տառապանքներ է կրում /եւ, ի դեպ, տեսնում է փլուզմանը անխուսափելիորեն ուղեկցող պատերազմն ու թալանը/ եւ այդ ամենը չկարողանալով ներել երբեմնի կուռք հանդիսացող հեղափոխականներին՝ սկսում է նրանց ատել եւ անիծել: Նրանք, ովքեր իշխանության եկան 98-ից հետո, ավելի քիչ չեն թալանում եւ «ուտում», բայց նրանք երբեւէ կուռք չեն եղել, չափազանցված հույսեր չեն ներշնչել, ուստի նրանց վարքը ընդունվում է եթե ոչ ներողամտությամբ, այլ բութ անտարբերությամբ:

Հետհեղափոխական ղեկավարները սովորաբար ավելի գորշ են եւ պատմության տեսակետից աննկատ: Ռոբեսպիերի, Դանտոնի, Մարատի մասին առ այսօր հիշում է ողջ մարդկությունը, իսկ նրանցից հետո տերմիդորյան հեղաշրջման հետեւանքով եկած Դիրեկտորիայի իշխանավորների անուններն այժմ հայտնի են միայն նեղ մասնագետներին:

Ժողովուրդը ողջունեց 98-ի փետրվարի իշխանափոխությունը մոտավորապես այնպես, ինչպես ոռնում էր ուրախությունից, երբ գլխատում էին Ռոբեսպիերին կամ Դանտոնին: Դա, ի դեպ, հերքում է այն տարածված բանաձեւը, թե «ժողովուրդը միշտ ճիշտ է»: Երկու դեպքում էլ ժողովուրդը ճիշտ էր այնքանով, որքանով հեղափոխականներն իսկապես մեղքեր էին գործել, եւ սխալ էր այնքանով, որքանով, որ չգիտեր իր գլխի գալիքը: Շարունակելով պատմական զուգահեռը, կարելի է հիշեցնել, որ գլխատվելուց առաջ Ռոբեսպիերը մի քանի ամիս խոսում էր կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին: Վազգեն Սարգսյանը նախորդ՝ հեղափոխական, սերնդի վերջին ներկայացուցիչն էր իշխանության մեջ, ուստի եւ բացառված էր, որ նա ինտեգրացվեր «նորերի» համակարգի մեջ:

«Տերմիդորյան» (հետհեղափոխական) իշխանությունների անբաժանելի հատկանիշն է նաեւ անզուսպ եւ անսահման վրեժխնդրությունը իրենց նախորդող հեղափոխականների հանդեպ: Մի կողմ թողնելով Վանո Սիրադեղյանի դատաքննության իրավական ասպեկտները /դատարանի գործն է/, կարելի է արձանագրել, որ զուտ բարոյական եւ պետական տեսանկյունից ներկա իշխանության կողմից պրն Սիրադեղյանի հետապնդումը, մեղմ ասած, շատ կասկածելի է եւ, ի վերջո, հարվածի տակ է դնելու իրենց, որպես պետական գործիչների, վարկը: Նույնքան պատմականորեն օրինաչափ է եւ պետականորեն անընդունելի Տեր-Պետրոսյանին հրաժարականից հետո փնովելու երկամյա պրակտիկան: /Այո, անձամբ Ռոբերտ Քոչարյանը նման բան չի անում, բայց քանի որ նրան սատարող կուսակցությունների եւ մամուլի վայրահաչոցը ոչ մի օր չի դադարում, պետք է ենթադրել, որ այդ զբաղմունքը խրախուսվում է ներկայիս իշխանության կողմից/:

Իր բոլոր մեղքերով, սխալներով եւ թերություններով Տեր-Պետրոսյանը մնում է Երրորդ հանրապետության պետական եւ ժողովրդավարական ինստիտուտների հիմնադիրը եւ արցախյան ազատամարտում հաղթած բանակի գերագույն հրամանատարը: Այդ պատմական իրադարձությունների ֆոնի վրա ՀՀ առաջին նախագահի հետեւից քարեր շպրտողները բավականին խղճուկ տպավորություն են թողնում: Մյուս կողմից հասկանալի է, որ այդ լուտանքները շատ են դուր գալիս կառափնարաններ սիրող եւ գլխատումների ժամանակ ուրախությունից ոռնացող ժողովրդին, իսկ շուկայական հարաբերությունների պայմաններում պահանջարկն է ստեղծում առաջարկը: Եթե հիշենք, թե ինչ էին գրում ամերիկյան թերթերը Թոմաս Ջեֆերսոնի կամ Ջորջ Վաշինգթոնի մասին, ապա կարելի է եզրակացնել, որ այն ժամանակվա հայհոյանքների հետ համեմատած՝ Տեր-Պետրոսյանին պարզապես խնայում են:

Հակված չեմ նաեւ նսեմացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հսկայական ծառայությունները ղարաբաղյան պատերազմում, ինչպես նաեւ այս երկու տարվա ընթացքում կատարված ճիշտ քայլերը՝ քաղաքական մթնոլորտի որոշակի լիցքաթափումը, դաշնակցության վերաբացումը, այդ կուսակցության թերթերի ազատ գործունեությունը: Ընդհանրապես, պետք է նշել, որ մամուլի հարցում նախագահ Քոչարյանը ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի: Մասնավորապես, «Առավոտի» բազմաթիվ հրապարակումներ բացասաբար են անդրադառնում պրն Քոչարյանի գործունեությանը, բայց մենք առայժմ չենք զգացել նախագահական շրջանակներից որեւէ ճնշում կամ, առավել եւս, հետապնդում:

Այսօր մեր պետության թիվ մեկ խնդիրն ամենեւին նախագահի հրաժարականը չէ. ստեղծված ծանրագույն իրավիճակում դա ոչինչ չի տա: Խնդիրը նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, պետական բոլոր մարմինների կաթվածահար վիճակից դուրս գալն է, վերակենդանացումը, կոորդինացված գործունեությունը: Վիճակն այնքան լուրջ է, որ եթե դա չհաջողվի, մեր պետության հետագա գոյությունը վտանգված կլինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829