Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ «ՊԱՇՏՊԱՆ» ԷԻՆ ԽԱՂՈՒՄ

Փետրվար 01,2000 00:00
dat

ՄԵղադրող Զելիմ Թադեւոսյանը նախագահող դատավոր Ռ. Թովմասյանին հանձնեց «ՀՀ» պաշտոնաթերթի այն համարը, որում հերքվել էր դատախազության հաղորդագրության այն մասը, ըստ որի «Աղվան Հովսեփյանը Հենրիկ Խաչատրյանի առանձնասենյակից դուրս է եկել»։

Վանո Սիրադեղյանն այդ կապակցությամբ ասաց. «Դա հերքում չի։ Դա հարցազրույց է»։ Վ. Սիրադեղյանի պաշտպան Վանյա Սուքիասյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում էր. «Երբ ամբաստանյալ Վ. Հարությունյանը Հ. Խաչատրյանի սպանությունը եւս անսքող կերպով ուղղորդում էր դեպի Վ. Սիրադեղյանը ու վերջինիս նկատառումը հնչեց՝ Հ. Խաչատրյանի սպանվելուց առաջ Ա. Հովսեփյանը նրա աշխատասենյակ մտնելու եւ այլեւս դուրս չգալու մասին», այդ ժամանակ Աղվան Հովսեփյանը դատական նիստը նախագահողին էր հանձնում տուժող Հ. Սուքիասյանի ինչ-ինչ թղթեր, որոնք չպիտի հրապարակվեին առանց տուժողի (իհարկե, հրապարակվեց ԶԼՄ-ներով- Ռ. Մ.)։ Պաշտպանն ասաց նաեւ, որ տուժողներն առաջ քաշեցին Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու պահանջը, որով «մի ավելորդ անգամ հասկանալի դարձավ, որ դատարանի նկատմամբ գործադրվում է ճնշում որոշակի ուժերի կողմից եւ թե դա ով ու ինչպիսի ծածկամիտ փութաջանությամբ է իրագործում»։ Դատավոր Ռ. Թովմասյանը բացառեց, թե կա ճնշում. «Ոչ մի ճնշում, ոչ մի կողմից»։

Վ. Սուքիասյանը նկատեց, որ դատարանը նախորդ նիստին հնչած միջնորդությունների կապակցությամբ, կողմերի տեսակետներն առանց լսելու, որոշեց ՀՀ դատախազություն ուղարկել այդ միջնորդությունները, ի դեպ, նաեւ՝ առանց քննարկելու։ «Վահան Հարությունյանը չէր հասցրել նախորդ օրվանից մնացած հարցադրմանը պատասխանել, երբ մեղադրողը պաշտպանին, նրա պաշտպանյալի արտահայտությամբ ասած՝ բզեց…»։ Արդյունքում՝ «բզվածը» (Վ. Հարությունյանը) իր պաշտպանի հետ առանձնազրույց ունենալու ցանկություն դրսեւորեց, ապա՝ հիվանդության պատրվակով հրաժարվեց ցուցմունքը շարունակել։ Բնականաբար, նիստը հետաձգվեց։

Հիմա էլ ոտքի կանգնեց Վահան Հարությունյանի պաշտպանը՝ Ռ. Բալաբանյանը։ Նա չընդունեց, որ ինքն առանձին դրվագներում գտնվում է «մեղադրողների՝ բզողների, ազդեցության տակ» եւ ասաց, որ իր գործողություններում առաջնորդվում է խղճով։ Կասկածի տակ չդնելով խղճի կանխավարկածը, նշեմ, որ լրատվամիջոցների աչքի առաջ է այդ ամենը տեղի ունենում, եւ մի քանի անգամ նկատել ենք, թե ինչպես է մի դատախազը մեկ ուրիշ դատախազի թիկունքից չասեմ բզում, այլ հուշում պրն Ռ. Բալաբանյանին (ի դեպ, վերջինս դեռ նստած է չորս մեղադրողների կողքին- Ռ. Մ.)։

Մեղադրող Աղվան Հովսեփյանը Վանո Սիրադեղյանի պաշտպանի հայտարարությունը համարեց «ցուցադրական, միտինգային ելույթ», որի նպատակն է սխալ հասարակական կարծիքի ձեւավորումը։ Նա դիմեց դատարանին՝ կանխել միտինգային ելույթները (չգիտեմ, նախագահողն ինչպես պետք է ճշտի։ Հավանաբար, հարցնի. դուք միտինգայի՞ն ելույթ եք ունենալու։ Ու երբ պարզվի, որ ոչ, ձա՞յն տա պաշտպանին- Ռ. Մ.)։

Վահան Հարությունյանը երեկ էլ էր վատառողջ։ Դարձյալ կանչվեց շտապօգնություն։ Մինչ դատարան ներկայանալն ասաց, որ սպասել է մեջքին քսուք քսեն (փաստաբաններից մեկը նկատեց՝ «արջի յուղ»- Ռ. Մ.)։ Եկել է «սկանդալից» խուսափելու համար։ «Սկանդալի» քրեադատավարական բացատրությունն էլ տվեց այսպես. «Ինքս լավ գիտեմ, որ սկանդալի մեծ վարպետ եք, իմ բացակայությունը կարող է որակավորվել որպես ձգձգում»։ Ինչ՝ ինչ, երեկվա նիստը փաստորեն հետաձգվեց դարձյալ Վ. Հարությունյանի վատառողջ լինելու պատճառով… Նա հայտնեց. «Ասել եմ. Սիրադեղյանը սպանելու հրաման չի տվել։ Գնդակահարելու հրաման է տվել»։ Երբ հետեւեց Վ. Սուքիասյանի այն հարցը, թե «Ինչո՞ւ եք կեղծում ձեր նախորդ պատասխանը», ՆԶՎ նախկին պետը հրաժարվեց հարցին պատասխանել։ Սամվել Գեւորգյանի «արարքը» չզեկուցելը ՆԳ նախարարին հարցի կապակցությամբ պատասխանեց. «Ես ասել եմ այն, ինչ ասել եմ»։ Իսկ երբ պաշտպանը հարցրեց, թե «Եթե չհաջողվեր Վազգեն Սարգսյանին հանդիպել, չպե՞տք է ցուցմունք տայիք», Վահան Հարությունյանն ընդհանրապես չպատասխանեց։

Մեջբերվեց Վ. Հարությունյանի ցուցմունքներից մեկը, որում ասվել էր, որ Գագոն, Էրիկը, Նորիկը տեղեկացրել են իրեն, թե Կարենին եւ Արթուրին տեսել են. «Ես նրանց ասացի՝ հետեւեք, չանհետանան։ Մի քանի օրից կարգադրեցի, որ բերեն նրանց եւ նրանք կատարեցին հրամանս»։ Ցուցմունքի այս հատվածը հաստատելով՝ Վահան Հարությունյանն ասաց, որ ինքը չի խոչընդոտել այն ժամանակ քրեական գործի բացահայտմանը, որովհետեւ «Ես Արծրուն Մարգարյանին պահելու խնդիր ունեի»։ Իսկ չի՞ ստացվում, որ պահելու խնդիր ունեցողի ցուցմունքները կարող են արժանահավատ… չլինել։ Ե՛վ, եթե Արծրուն Մարգարյանին «չի պահում», ապա Վահան Հարությունյանը կարո՞ղ է ասել, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Ո՞րն է ճշմարտացի։ (Մանավանդ, երբ վկայակոչվում են հանգուցյալները- Ռ. Մ.)։ Ցուցմունքի այս հատվածն էլ դարձավ մեղադրողների առարկության առանցքը. նրանք պնդում էին, որ վերոնշյալ հատվածը չկա քր. գործում (հետո պարզվեց, որ կա, բայց այլ էջում- Ռ. Մ.), որ այդ ցուցմունքը չի առնչվում սույն գործին… Ընդհանրապես մեղադրողներն այդ պահին ստանձնեցին կարծես Վահան Հարությունյանի լրացուցիչ պաշտպանի դերը, ինչի արդյունքում, ամբաստանյալը խուսափեց իրեն ուղղված հարցերին պատասխանելուց։

Վանյա Սուքիասյանը կրկնակի հայտարարությամբ հանդես եկավ, որում այն միտքն էր, թե մեղադրող կողմի պատճառով «անուղղակի կանխվում է հար-ցերիս ամբաստանյալի կողմից տրվելիք բովանդակությունը, որի հետեւանքով ամբաստանյալը խուսանավում է ուղղակի պատասխանելուց»։ Նա մռայլ կանխատեսում էլ արեց. «Եթե այդպես շարունակվի, ի վերջո, կհրաժարվի պատասխան տալուց»։

Վահան Հարությունյանը խնդրեց, որ իր ցուցմունքներից մեջբերումներ արվեն նույնությամբ, եւ ապա. «Իմ իսկ խոսքերի միտումնավոր օգտագործումն է… սկանդալային»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829