Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ

Փետրվար 01,2000 00:00

Եթե Մալաթիա-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի շենքի անմխիթար վիճակը չլիներ, այստեղ ընթացող դատավարությունը կարող էր դասվել օրինակելի դատաքննությունների շարքին։ Պատճառն, իհարկե, ոչ թե դատարանի օրինապահությունն էր կամ էլ քրեական գործի օրինականությունը։ Պատճառը թաքնված էր ամբաստանյալի անձի մեջ, որը յուրացրել էր քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի նրբությունները եւ թույլ չէր տալիս դատարանին շեղվել դրանից։

Աշոտ Բլեյանի նկատմամբ դատավարության հերթական նիստը սկսվեց նրա պաշտպանի միջնորդության քննարկմամբ։ Առանց քրեական գործի հարուցման ձեռք բերված ապացույցները պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն առաջարկել էր ճանաչել «ապացուցողական նշանակությունը կորցրած»։ Միջնորդությունը հանգամանորեն պատճառաբանված էր, համապատասխան օրենքներով հիմնավորված։ Ինչը դժվար էր ասել դատախազների առարկության մասին՝ չնայած 5-օրյա ընդմիջմանը, նրանք չէին կարողացել որեւէ հոդված նշել, ինչի հիման վրա կարելի էր մերժել միջնորդությունը։ Այնուամենայնիվ, դատավոր Իսկուհի Վարդանյանը մերժեց միջնորդությունը՝ մի երկարաշունչ տեքստով փորձելով քողարկել այն։ Մերժման փաստն անմիջապես գնահատվեց ամբաստանյալի կողմից՝ «դատավոր Վարդանյանը ոտնահարեց օրենքը» հայտարարությամբ։ Եթե «քննիչը անգրագիտության կամ կամայականության հետեւանքով ոտնահարել է օրենքը, չի նշանակում Դուք էլ պիտի նախադեպ ստեղծեք խախտելով օրենքը»՝ ընդվզեց ամբաստանյալը։ Սրան դատավորը փորձեց առարկել, թե պաշտպանը հետո էլ կարող է կրկնել իր միջնորդությունը, եւ այս մերժումը դեռ չի նշանակում, թե գնահատական է տրվում էպիզոդի նյութերին։ Դահլիճում նստածները ջերմորեն արձագանքեցին Բլեյանի այն խոսքերին, թե ինքն ամեն օր արձանագրում է, որ եւս մեկ օր էլ է ապօրինի նստած։

Դատավորը նաեւ փորձում էր վստահեցնել ամբաստանյալին, որ դատաքննության ընթացքում շատ բան կբացահայտվի, հնարավոր է, որ մեղադրողը ետ վերցնի մեղադրանքը եւ այլն։ Սրան ի պատասխան Բլեյանը փորձեց ցրել դատավորի անհիմն սպասելիքները, նշելով, որ մեղադրանքը պաշտպանող դատախազները Երեւան քաղաքի դատախազի ենթականերն են, ուստի բացառվում է, որ գնան այդ ճանապարհով։

Դատարանը հասցրեց լսել նաեւ գործով անցնող վկաներից մեկին՝ «Լուսմատ» ձեռնարկության տնօրեն Ֆ. Թորգոմյանին, որն իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասությունները բացատրեց գիշերվա ժամը մեկին կատարված հարցաքննությամբ։ Մեղադրող կողմը, սակայն ակնհայտորեն բավարարված չէր եւ փորձում էր խաչաձեւ հարցումներով խճճել վկային։

Վկայի ցուցմունքին զուգահեռ խանդավառվող դահլիճից կարելի էր գլխի ընկնել, որ վկան հօգուտ ամբաստանյալի է խոսում։ Վերջապես, չգիտես իրենց արածն արդարացնելու, թե վկային «ճիշտ» ուղու վրա դնելու մղումից դրդված, դատախազը գոչեց. «Բա ինչո՞ւ եք նախաքննության ժամանակ այլ բան ասել, ձեր ցուցմունքներով եք էս մարդուն էնտեղ նստեցրել»։ Վկան համեստորեն լռեց, հավանաբար, խուսափելով պատմել, թե ինչ մեթոդներով է աշխատում դատախազությունը։

Ռ. ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829