Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՕԼԵԳԻ ԵՐԳԸ»

Փետրվար 01,2000 00:00
oleg yesayan

2000 թվի հունիսի 23-ին պաշտոնապես դադարում են ԼՂՀ երկրորդ գումարման ԱԺ լիազորությունները։ ԱԺ-ի գործունեության 4 տարիների ընթացքում օրենսդիր այս մարմնի հասցեին շնորհակալական խոսքեր չեն հնչել։

Ավելին, վերջերս «Երկրապահների» երկրորդ համագումարում ԼՂՀ ԱԺ-ն համարվեց գործադիր իշխանության կցորդ, մեռյալ մարմին, որը մինչեւ իր լիազորությունների ավարտը իրեն էլի կխայտառակի եւ այլն։ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանը ԱԺ-ի հասցեին հնչած որակումները լուրջ եւ հիմնավոր չհամարեց՝ դրանք համարելով որոշ պատգամավորների (որոնց մեջ Մուրադ Պետրոսյանը չկա) ընկալումների խնդիր։ Ամռանը ԼՂՀ-ում ԱԺ ընտրություններն են, իսկ Ղարաբաղը դեռեւս չունի Սահմանադրություն, «Ընտրական օրենսգիրքը» բավական թերի է, այսպիսով՝ անորոշ է՝ ով է լինելու ԱԺ արդար եւ ազատ ընտրությունների երաշխավորը։ Ըստ պրն Եսայանի՝ «Սահմանադրության բացակայությունը չի նշանակում, որ երկիրն ընդհանրապես գործում է առանց սահմանադրական օրենքների։ Ամբողջական Սահմանադրություն ԼՂՀ-ն առայսօր չունի, բայց բոլոր օրենքները գործում են իրենց ողջ էությամբ։ Այսինքն՝ ընտրությունները կընթանան մեր երկրում գործող օրենքների համաձայն»։ Ընտրությունները կանոնակարգող օրենքները լուրջ փոփոխությունների կարիք ունեն։ Մասնավորապես կվերանայվի համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունների իրավունքների ընդլայնման հարցը։ Մեր հարցին՝ «ԼՂՀ «Ընտրական օրենսգիրքը» կլինի ՀՀ նույն օրենսգրքի արտատպումը», պրն Եսայանն առարկեց. «Հայաստանում այս օրենսգրքի կիրառումը զերծ չէ բազմաթիվ թերություններից։ Անհրաժեշտ են ճշտումներ, որոնց համար ժամանակ է պետք։ Մեր ժամանակը շատ սուղ է։ Կարծում եմ՝ մենք կգնանք ոչ թե ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերընդունման ճանապարհով, այլ որոշակի փոփոխություններ կմտցնենք մեր գործող օրենքներում»։

Հետաքրքիր է, որ ԼՂՀ սահմանադրական հանձնաժողովի նախագահը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է, որը ակնհայտորեն ձգձգում է Սահմանադրության ընդունումը։ Արդյո՞ք ԼՂՀ-ում սպասում են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ սեփական Սահմանադրությունն ընդունելու համար։ «Իհարկե, երկիրը այսօր թե վաղը պետք է ունենա Սահմանադրություն, բայց երկիրը Սահմանադրություն պետք է ունենա ճիշտ ժամանակին։ Երբ 92-ի հունվարին ձեւավորվեց ԼՂՀ ԱԺ-ն, կառավարությունը, առաջին քայլը լիներ Սահմանադրության ընդունումը, որքա՜ն փոփոխությունների կենթարկվեր այն մինչեւ օրս։ Համոզված եմ՝ դրանից ոչինչ չէր մնա»։ Սահմանադրության ընդունման հապաղումը պրն Եսայանը կապեց նաեւ ընթացող քաղաքական գործընթացների, Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, չժխտեց, որ մեծ դեր ունի նաեւ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ անելու խնդիրը. «Ինչպե՞ս կարող ենք սա հաշվի չառնել։ Ճիշտ կլինի, որ այս խնդրին անդրադառնանք Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո»։ ԼՂՀ ԱԺ-ն արդեն ձեռք է բերել աշխարհի 144 երկրների սահմանադրություններ, որոնց վրա արդեն աշխատում են մասնագետները։ «Օրինակ՝ մենք մեկ տարի ուշացրինք դատաիրավական բարեփոխումները՝ սպասելով, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումները կյանք ապրեն,- իր ասածը փորձում էր հիմնավորել պրն Եսայանը։- Եվ այսօր Հայաստանի իրավապահ մարմինները, դատական իշխանությունը խոսում են գործող համակարգի թերություններից։ Մենք, դա հաշվի առնելով, ընտրել ենք, մեր կարծիքով, ճկուն տարբերակ ԼՂՀ-ի համար եւ դեկտեմբերին ընդունել այդ օրենքները»։

Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին ամենաակտիվ նախապատրաստվողներից մեկը Սամվել Բաբայանի նորաստեղծ կուսակցությունն է, որն, ըստ որոշ քաղաքական գործիչների, խորհրդարանական մեծամասնություն դառնալու լուրջ հնարավորություն ունի։ Այս կուսակցության մասին Օլեգ Եսայանը դիվանագիտորեն խուսափեց որեւէ կոնկրետ բան ասելուց՝ նշելով, որ կուսակցությանը ծանոթ չէ։ «Բայց դա կլինի նորաստեղծ կուսակցություններից թվակազմով ամենամեծն ու ամենաակտիվը»։ Անձամբ Օլեգ Եսայանը առաջիկա ընտրություններին կմասնակցի, եթե ինքը պատասխանի իր իսկ առաջադրած երկու հարցին՝ իմաստ ունի՞ զբաղվել քաղաքականությամբ եւ կա՞ դրա անհրաժեշտությունը. «Ավելի հակված եմ, որ, այո՛, կմասնակցեմ»։

ԼՂՀ կառավարությունը, խախտելով օրենքը, դեռեւս խորհրդարանի քննարկմանը չի ներկայացրել 2000 թվի բյուջեի նախագիծը։ Խորհրդարանը, բնականաբար, անվստահություն չի հայտնի կառավարությանը։ Պրն Եսայանը իրենց այդ սիրալիրությունը բացատրում է այսպես. «Դեկտեմբերի ողջ նիստը ուղղել ենք 12 նախաբյուջետային օրենքների քննարկմանը, որոնցում թեթեւացրել ենք հարկային բեռը։ Մի բան պետք է հաշվի առնել. հայտնի է մեր բյուջեի եկամուտների գոյացման 3 աղբյուրներից հիմնականը, եւ մենք չենք կարող ընդունել մեր բյուջեն, քանի դեռ այն չի քննարկվել Հայաստանում։ Ուշացման պատճառը սա է»։

Ի դեպ, պրն Եսայանը իր բուժման այս մեկ ամսվա ընթացքում՝ բուժման կուրսերի հետ ինտենսիվորեն կարդում է «10-րդ Նահանգ» թերթը։ Իսկ հետո էլ դժգոհում, որ շուտ չի կազդուրվում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829