Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 29,2000 00:00
gushak

Մի ճանաչված էքստրասենս երեկ խոստացավ դատի տալ «Առավոտին»։ Պատճառն այն է, որ թերթը հանդգնել է մեկ այլ էքստրասենսի հետ զրուցել։ Դատի տվողը գտնում է, որ «Առավոտի» զրուցակիցը ի՛ր էներգիան է խլել։ Նա ասում է, որ դատարանում կապացուցի այդ։

ԶԼՄ ո՛չ գործող օրենքը, ո՛չ պատրաստի օրենքի նախագիծը, համենայնդեպս, նման հայցի գիտափորձնական հանգուցալուծումը չեն տալիս։ Պարզ չէ, օրինակ, էքստրասենսի դատարան դիմելու դեպքում էներգակիրների «մտավոր» բախման դեպքում լրագրողն ինչպիսի պատասխանատվություն է կրում. չորանո՞ւմ է, ծռվում են նրա մարմնի ո՞ր մասերը, լրագրողը «ուղիղ կապի» մեջ ի՞նքն է մտնում այներկրային հայտնի ուժերի հետ, թե՞ «անուղղակի կապն» իր վրա է վերցնում դատավորը։

Պարզ չէ նաեւ, թե էներգիայի «հաշվիչում» գրանցված թվերը կենսահաղորդներն ինչպես են տրամադրելու դատարանին, որպեսզի վերջինս կարողանա գնահատել, թե ում էներգիան որտեղից ուր է հորդում եւ ինչ չափով։ Իսկ եթե դատավորն ինքը էներգիայի «կլանիչ» լինի կամ հակառակը՝ «հաղորդիչ»։ Իսկ եթե դատավորը սեւ մոգության ուժերինն է, իսկ լրագրողը՝ կարմիր մոգության, կամ հակառակը, դատաքննության անաչառության եւ անմիջականության սկզբունքը չի՞ խախտվի։ Թեեւ, ի՞նչ իմանաս, գուցե մի հատուկ դատարան էլ բացվի արտատիեզերական իրավահարաբերությունները կարգավորելու համար։ Այս դեպքում, ակնոց վերցնելն իրոք անհրաժեշտություն կլինի։

ԶԻՆՎՈՐԻ ՀՈՐ ԲՈՂՈՔԸ

zinvor

Քաղաքացի Գ.Ս.-ն իր որդուն ազգային բանակ ճանապարհ դրեց 1998թ. մայիսին (զորամասի եւ զորակոչիկի տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակի)։ Զորամասը գտնվում էր Արցախում, իսկ ստեղծված անբավարար պայմանների մասին հայրը՝ Գ.Ս.-ն, դիմեց հասարակական, իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների, ինչի արդյունքն այն եղավ, որ Արցախից զինվորը տեղափոխվում է ՀՀ հոսպիտալներից մեկը, ապա «Ձախ թոքի ստորին բլթի ինֆիլտրատիվ» տուբերկուլյոզի (քայքայման փուլում) կասկածանքով էլ տեղափոխվում դիսպանսեր։

Զորակոչիկը ժամանակին եղել է ֆուտբոլիստ, խաղացել ճանաչված թիմերից մեկի հավաքականում։ Այսինքն, անգամ լավագույն ֆիզիկական մարզավիճակում գտնվող զինվորը չխուսափեց քայքայիչ հիվանդությունը ձեռք բերելուց, որի բուժումը «նստեց» ՊՆ սոցվարչության վրա ընդամենը… 5000 դրամ։

1999թ. հուլիսին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինվորին ոչ պիտանի ճանաչեց ծառայության համար եւ, փաստորեն, վեց ամիս է եւ ավելի, ոչ որդու հիվանդության փաստաթղթերն են ուղարկվել (չնայած ՊՆ-ում հավաստիացնում են, թե ուղարկել են), ոչ որեւէ մեկն է պատասխան տալիս զինվորի հոր բողոքներին։ Իսկ հիվանդության եւ բուժման հետ կապված փաստաթղթերն անհրաժեշտ են նրա համար, որ զինվորին հասանելիք թոշակը ձեւակերպվի…

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31