Եվս մի խոշոր դիվանագիտական հաղթանակ տարավ Հայաստանի նախագահը՝ Մոսկվայում եւ Դավոսում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Այդ հանդիպումներով նա սրբագրեց բոլոր նախորդ ապաշնորհ իշխանությունների դիվանագիտական անբարենպաստ քայլերը՝ ընդհուպ մինչեւ 1918 թվականին դաշնակցական կառավարության կողմից կնքված Բաթումի պայմանագիրը: Շատ հնարավոր է, որ պրն Քոչարյանի այդ պատմական հանդիպումներից հետո Հայաստանին են միացվելու ոչ միայն Արցախը, այլեւ Նախիջեւանը, Ղարսն ու Արդահանը:
Վերաքննիչ դատարանը
Արդարության մեծ հաղթանակ արձանագրեց դատական սույն մարմինը՝ թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին իր հրապարակումների համար դատապարտելով քրեական եւ ոչ թե քաղաքացիական հոդվածով: Վիրավորված մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու ավելի արդյունավետ ձեւ, ըստ ամենայնի, չի գտնվել: Ըստ դատավճռի, այսուհետ պրն Փաշինյանի «վարքը վերահսկելու է բնակության վայրի ՆԳ բաժինը»: Գործնականում դա, հավանաբար, նշանակում է, որ ամեն օր ոստիկանության մի քանի սերժանտ հետեւելու է «Հայկական ժամանակի» հրապարակումների քրեական անաղարտությանը:
Կարդացեք նաև
Եվգենի Կաֆելնիկովը
Փայլուն հաղթանակ տանելով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում՝ ռուսաստանցի մարզիկը կիրակի օրը հանդիպելու է Անդրե Աղասիի հետ /որին Հայաստանում հայ են համարում, իսկ ինքն իրեն ինչպես՝ հայտնի չէ/: Հուսանք, որ հաշվի առնելով ԱՊՀ-ում ավտոպիլոտի գցած ինտեգրացիոն գործընթացները, Կաֆելնիկովն ու Աղասին անզիջում պայքարի մեջ կմտնեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ