Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՀԱԿԱԴՐՎԵ՞Մ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»

Հունվար 29,2000 00:00
Davit Vardanyan

Հարցազրույց Դավիթ Վարդանյանի հետ

Երկրի քաղաքական գնահատականի վերաբերյալ մեր հարցին ԱԺՄ վարչության անդամ, պատգամավոր, նախագահին առընթեր վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանը պատասխանեց մի փոքր հեռվից սկսելով. «Մեր հանրապետությունը գտնվում է մի խոր փոսում, որտեղ ելքերը դժվար են երեւում։ Շատ բան կախված է մեր ժողովրդի մենթալիտետից։ (…) 90-91 թվականին, երբ մեր ժողովուրդը նոր էր ոտք դնում անկախության ուղի, մեր աչքի առաջ ունեինք տարբեր երկրների փորձը, գուցե հիմա ինչ-որ ես ասում եմ, կարող է լեկցիայի ձեւով հնչի, բայց դա կապ չունի, դա նաեւ իմ տեսակետն է, ոչ վերջնական։ (…) Իմ տեսակետը այն է, որ շատ բան կախված է հենց ժողովրդից, եւ ժողովուրդն ինքն է մեղավոր, որ այսպիսի իշխանություն, այսպիսի առաջնորդներ ունի։ Ես չեմ տեսնում, թե ինչ զարգացումներ պետք է լինեն, որ մենք դառնանք զարգացած, քաղաքակիրթ երկիր»։

Պարոն Վարդանյանը մեր հարցազրույցի ընթացքում խիստ խոհափիլիսոփայական տրամադրության մեջ էր եւ մեր կոնկրետ հարցերին հիմնականում պատասխանում էր հենց այս տրամադրության ազդեցությամբ։ Հասկանալի է, որ մեզ ավելի շատ հետաքրքրում էր, թե Դավիթ Վարդանյանը ինչպես է վերաբերվում ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանի՝ վերջին ասուլիսում արտահայտած նախագահի հրաժարականի մասին պահանջին եւ քիչ ավելի ուշ արված պարզաբանմանը, թե դա անձամբ իր կարծիքն է եւ ոչ թե վարչության։

– Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի ասուլիսին, ապա Վազգեն Մանուկյանն ինքը շատ պարկեշտորեն ֆիքսել է, որ ինքն իր տեսակետն է արտահայտում։ Մեր վարչության նիստը դեռ վերջնական կարծիք չի ձեւավորել, երբ վարչությունը քննարկի եւ ընդունի որոշում, այդ դեպքում, ըստ մեր կանոնադրության, ԱԺՄ անդամները կամ կատարում են այդ որոշումը, կամ չեն խանգարում որոշման կատարմանը։

– Այնուամենայնիվ, այս թեմայի շուրջ վարչությունում լուրջ բախումնե՞ր են սպասվում։

– Դա մեր ներքին խոհանոցն է. եկեք ես չբացեմ մեր խոհանոցը, բայց տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում պառակտվել, տարբեր ուղղություններով գնալ եւ այլն, եւ այլն։ Մենք, մոտավորապես մի տասը օր հետո այս վիճաբանությունները, քննարկումները ԱԺՄ-ի ներսում կավարտենք եւ երբ վարչության որոշում կընդունենք, ասուլիս կհրավիրենք։

– Անձամբ ձեր կարծիքը գոնե կարո՞ղ եք ասել՝ որքանո՞վ է ճիշտ, երբ նման հայտարարություն է արվում առանց վարչության հետ խորհրդակցելու։

– Ձեզ հետաքրքրում է, որ ես այնպիսի կտրուկ կարծիք արտահայտեմ, որը հակադրվի՞ Վազգեն Մանուկյանի կարծիքին։ Ես ձեզ մոտավորապես հասկանում եմ, դուք կարող եք իմ էս խոսքերն էլ չգրել, հասկանում եմ, դուք ինչ եք ուզում ասել։ Տարբեր թերթերի այսպիսի կեցվածքն էլ մեզ հասկանալի է։ Ուրեմն մենք չպետք է շփվենք թղթակիցների հետ, որովհետեւ նրանք որոշակի նպատակներ են իրագործում։ Կամ՝ շփվելուց էլ ի նկատի ունենանք, որ հնարավոր են թերթերում սխալ մեկնաբանություններ, որը, փաստորեն, տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի ասուլիսից հետո։

Համենայնդեպս, նրա ասածը այդպես կտրուկ չէր։ Թեպետ, ըստ Դավիթ Վարդանյանի՝ Վազգեն Մանուկյանի պահանջը «այդքան կտրուկ» չէր, բայց ինքը՝ Դավիթ Վարդանյանը շատ կտրուկ ասաց. «Ես ինքս հակված չեմ նոր ընտրությունների, ես գտնում եմ, որ հիմա, այս պահին, ընտրությունները, միեւնույն է, կեղծվելու են։ Այսինքն, այսպիսի խոսք կա քաղաքական շրջանակներում՝ ընտրությունները չորով են գնալու։ Քրեական աշխարհից եկած խոսք է, որ օգտագործում են։ Ես այդ կասկածն ունեմ, որ ընտրությունները չորով կգնան։ Ժողովուրդը կպայքարի՞ այդ չոր բանի դեմ, թե՞ նորից կընկճվի, կկաշառվի։ Իմ գնահատմամբ, ժողովուրդը պատրաստ չի իր իրավունքների համար պայքարել»։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. Հարցազրույցն ավելի ընդարձակ ստացվեց, բայց մենք հարմար չգտանք մանրամասնել ամբողջ ասվածը, քանի որ որեւէ արտառոց եւ ինքնատիպ բան պարոն Վարդանյանն այլեւս չասաց։ Նշեմ միայն, որ խոսվեց նաեւ սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանի այսօրվա նկարագրի (թե ինչպես են օրենսդիր ատյանում աշխատում նախկին «թաղի տղերքն ու պպզողները») մասին եւ այլն։ Ի դեպ, պարոն Վարդանյանի կարծիքով, այդ «տղերքը կենցաղային շփումներում» շատ լավ մարդիկ են եւ նրանք չեն տոն տալիս խորհրդարանին»։ «Տոն տվողը», ըստ պարոն Վարդանյանի, հանձնաժողովներն են։ Խորհրդարանի այսօրվա դեմքը՝ «մի քիչ ազատ, չինովնիկական» մարմին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31