«Հիմա էլի կասեն՝ շատերը չեն հասկանում ինչ են ուղղակի կամ անուղղակի հարկերը,- սրտնեղեց Հրանտ Բագրատյանը։- Ինձ էլ միշտ ասում են՝ մի քիչ պարզ բան ասա, ժողովուրդը չի հասկանում։ Ես չե՛մ հասկանում. ուզի-չուզի՝ պիտի հասկանա ժողովուրդը։ Ու անգամ պիտի խնդրի, որ կրկնենք՝ հասկանա»։ Եթե նախկինում պրն Բագրատյանին ամենեւին չէր հուզում՝ հասկանո՞ւմ է իրեն ժողովուրդը, թե՞ ոչ, ապա այժմ նա պատրաստակամություն է հայտնում բացատրել ու կրկնել իր բացատրությունն այնքան, մինչեւ ժողովուրդը հասկանա ու թեթեւանա անիծյալ հարկերից։
ՎԱՏ ԼՈՒՐ
Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ իր կառավարությունը գրեթե հաղթահարել էր նույն տարածքում նոր ատոմակայան կառուցելու առնչությամբ բոլոր պայմանականությունները, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների հետ պայմանավորվել այդ մասին։ Իսկ այժմ ոչինչ արված չէ.. «Սա շատ կարեւոր է. այս իշխանությունները չեն ուզում մտածել, որ 2 տարի հետո նորից մութ է լինելու Հայաստանում։ Ատոմակայանի ժամկետը լրանում է։ Միանշանակ եմ ասում. ռեակտորի այդ մետաղը 30 տարուց ավելի չի կարելի շահագործել։ Եվ 2004 թվականին ատոմակայանը ուզենք, թե չուզենք՝ փակելու ենք։ Եվ այն, որ այսօր խնդրում ենք 1 տարի ուշ փակել՝ մեր օգտին չէ։ Դրանից հետո այդ մետաղն արդեն կարող է ամբողջ ռադիացիան թողնել»։