Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեռորիզմը քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործություն է

Հունվար 29,2000 18:19

Տեռորիզմը բարդ քաղաքական-իրավական երեւույթ է, որը ներառում է երեք բաղադրատարր՝

ա) տեռորիստական ակտ,

բ) տեռորիստական խումբ,

գ) տեռորիստական «գաղափարախոսություն» («դոկտրին»):

Տեռորիստական ակտը կարող է շոշափել ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններ։ Տեռորիստական խմբերը կարող են լինել տարաբնույթ՝ տարբեր ուղղություններ դավանող։ Տեռորիստական ակտ կատարողները պլանավորում են իրենց գործողությունները, ստանում ղեկավար ցուցումներ։ Տեռորիստական «գաղափարախոսությունները» («դոկտրինները») նախատեսում են բռնության կիրառումը՝ որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց։ Տեռորիստական ակտը բնութագրվում է կազմակերպչական եւ գաղափարաքաղաքական հատկանիշների զուզորդմամբ։ Տեռորիստական ակտը խարխլում է ներպետական եւ միջպետական հարաբերությունները, ինչին եւ կոչված է այն։ Տեռորիստական ակտն առավել վտանգավոր է, երբ դա կատարված է այնպիսի տեռորիստական խմբերի կողմից, որոնք ազգային (ներպետական) եւ միջազգային (միջպետական) խնդիրների լուծման համար ղեկավարվում են բռնության կիրառման օրինականությունն արդարացնող կամ հիմնավորող տեսություններով։ Այնինչ, տեռորիստական խմբերը, քողարկվելով բռնությունն արդարացնող տարաբնույթ «գաղափարախոսությամբ», տեռորիստական ակտը ներկայացնում են որպես օրինաչափ եւ արդարացի գործողություն։ Ուստի տեռորիստական ակտը հանդես է գալիս որպես որոշակի շրջանակների հանցավոր գաղափարաքաղաքական գործիք։ Տեռորիստական «գաղափարախոսությունների» տեսաբաններն ու կրողները տեռորիստական ակտը եւ տեռորիստական խմբերի առկայությունը համարում են իրենց հանցավոր գաղափարների կենսունակության նշան, կարեւորագույն ազգային եւ միջազգային խնդիրները բռնության միջոցով լուծելու անհրաժեշտության ընդունում։

Տեռորիզմը (անկախ դրա դրսեւորման բնույթից) առանձնապես վտանգավոր հանցագործություն է, որն ավերիչ ազդեցություն է ունենում ազգային եւ միջազգային օրինականության եւ իրավակարգի վրա։ Վերոշարադրյալի վկայությունն է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչությունը։ Նշված ահաբեկչության իրավական էությունը, քաղաքական ենթատեքստը, ուղղվածությունն ու քաղաքական-իրավական հետեւանքները ճիշտ չըմբռնելով, օբյեկտիվ իրականությունն իրենց սուբյեկտիվ ընկալմամբ խեղելով, գուցեեւ անձնական կամ այլ դրդումներից ելնելով՝ որոշ Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք շտապեցին այդ հանցագործությունը տեղավորել զուտ քրեաիրավական հարթության վրա՝ դրանով իսկ տեղի ունեցածին տալով ակնհայտ միակողմանի, հետեւաբար՝ ոչ ճիշտ գնահատական։ Մինչդեռ տեռորիստական ակտը՝ որպես քրեական հանցագործություն, ունի քաղաքական ենթատեքստ։ Այսինքն՝ տեռորիստական ակտը՝ որպես հանցավոր գործողություն, տակտիկական միջոց է՝ հասնելու քաղաքական նպատակներին։ Տեռորիստական ակտի պարագայում դրա քաղաքական եւ իրավական բաղկացուցիչները պետք է դիտարկել փոխշաղկապված ամբողջության մեջ։ Ահաբեկչության քրեաիրավական գնահատականի (մեղադրական եզրակացության եւ դատավճռի տեսքով) հետ մեկտեղ պետք է տրվի նաեւ քաղաքական գնահատական՝ ելնելով պետության եւ հասարակության անվտանգության շահերից։

Հակառակ դեպքում՝ խնդիրը երկփեղկելու պարագայում հանցակիցները կդատապարտվեն քրեորեն, սակայն, փաստորեն, կարդարացվեն քաղաքականապես։ Մինչդեռ քաղաքական անսանձ հավակնություններ ունեցող հանցավորի քաղաքական դատապարտումը, վնասազերծումն ու չեզոքացումը ունեն ոչ պակաս կարեւոր նշանակություն, քան քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելը։ Ուստի իրեն փոքրիշատե հարգող պետությունը եւ հասարակությունը, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պետք է արժանի հակահարված տան ահաբեկչությանն իր բոլոր դրսեւորումներով։ Չէ՞ որ տեռորիզմը մարտահրավեր, չհայտարարված պատերազմ է պետությանը, հասարակությանը (միջազգային հանրությանը)։ Իսկ պատերազմում՝ ինչպես պատերազմում, այսինքն՝ պետք է քաղաքականապես եւ ֆիզիկապես վնասազերծել ու չեզոքացնել պետության, հասարակության անվտանգությանն իրապես սպառնացող արարածներին՝ տեռորիստներին (այս առումով միանգամայն հասկանալի ու ընդունելի են Ռուսաստանի դաշնապետական իշխանությունների պատժիչ միջոցառումները չեչեն ահաբեկիչների նկատմամբ)։ Այսինքն՝ տեռորիստը պետության թշնամին է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Ահաբեկչություն երեւույթի ճիշտ ընկալման եւ գնահատման համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին՝ ա) ո՞ւմ նկատմամբ է իրականացվել տեռորիստական ակտը, բ) ինչո՞ւ, գ) ինչպե՞ս, դ) որտե՞ղ, ե) ո՞ւմ շահերին է այն համապատասխանում։ Այս սկզբունքային հարցերի պատասխանը 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված տեռորիստական ակտի կապակցությամբ առաջիկայում կտա քրեական վարույթն իրականացնող մարմինը։ Այնպես որ, ոչինչ չարժեն կեղծ բարեպաշտի կեցվածքով հանդես եկողների բարոյախրատական սոփեստություններն ու մտավարժանքները։ 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված տեռորիստական ակտի արդյունքում հանդուգն կերպով խախտվել են պետության, հասարակության, կոնկրետ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, որոնք եւ հարկավոր է վերականգնել:

Տեռորիզմը հաշվեհարդար է քաղաքական հակառակորդի նկատմամբ։ Ընդսմին, դա պատերազմի հատուկ տեսակ է՝ ռազմական առանձին, գաղտնի գործողություն։ Ուստի տեռորիզմի ցանկացած դրսեւորմանը պետությունը՝ հանձին իր համապատասխան մարմինների (կառույցների), պարտավոր է համարժեք հակահարված տալ։ Այս առումով 1999թ. հոկտեմբերի 27-ին բանակը եւ նրա բարձրագույն սպայակազմը կրկին գտնվեցին իրենց բարձրության վրա։ Տեռորիզմի դեմ պայքարում հարկ է գործադրել զինված ուժեր։ Եվ. ընդհանրապես, զինված ուժերը պետք է միջամտեն, երբ բնակչության կյանքին եւ ունեցվածքին սպառնում է առանձնահատուկ վտանգ կամ երբ ազգային կենսական շահերը չեն կարող համարժեք պաշտպանվել այլ միջոցներով։

Այսպիսով, տեռորիզմը իշխանության (կառավարության) դեմ կամ կողմ գործող առանձին անձանց կամ անձանց խմբի կողմից քաղաքական նպատակներով՝ իշխանության (կառավարության) կամ բնակչության, նրա մի մասի վրա ճնշում գործադրելու կամ ահաբեկելու դիտավորությամբ բնակչության, նրա մի մասի կամ առանձին անձի (անձանց) նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն է։

ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ

Իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31