Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ու նախագահը նույն մեխը չեն մեխում»

Հունվար 28,2000 00:00
manuk gasparyan

Հարցազրույց անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հետ

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ երկրում երբեւէ հաշտություն կլինի բոլոր ուժերի միջեւ։

– Մինչեւ 99 թվի դեկտեմբեր ամիսը ես կողմնակից էի, որ մեր երկրում հաշտություն լինի, որ իշխանության բոլոր օղակները հաշտվեն ու կրկին աշխատեն։ Բայց նոր տարում նոր եռանդով հասկացա, որ այդ բանը բացարձակապես հնարավոր չէ։ Իշխանությունները դարձել են կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։ Իհարկե, դրանց մեջ ԱԺ-ի թեւը մի քիչ ավելի թույլ է, ներկայացնում է, որ մեծամասնությունն է հարցերը լուծում, բայց մեծամասնության մեջ կա մի խմբավորում, որն ուզում է երկիրն այնպես վերաձեւել, որ իրեն ձեռնտու լինի։ Ձեռնտու իշխանությունը 96 թվականից մենք գիտենք ինչպես է լինում։ Չի կարելի ժողովրդին պարտադրել ոչ նախագահի պաշտոնը, ոչ էլ պատգամավորներ ընտրել այնպիսի մարդկանց, որոնք քաղաքականությունից ընդհանրապես հեռու են։ Դրա համար էլ ունենք այն, ինչ որ ունենք։ Ես նույնիսկ մտածում էի, որ ՀՀՇ-ական թեւը պետք է ընդհանրապես գետնի տակն անցներ, բայց նորից գլուխ է բարձրացնում։

– Երկրի զարգացման ճանապարհին դուք որեւէ դրական բան տեսնո՞ւմ եք։

– 98 թվականից, ինչ ընտրվել է Ռոբերտ Քոչարյանը, ես ոչ մի դրական քայլ չեմ տեսնում ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով։

– Դուք կողմ եք նախագահի հրաժարականի՞ն։

– Այո, այսօր արդեն կողմ եմ, չնայած ես բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ մենք այսօր չունենք այն մարդը, որը կարողանա ռեյտինգ հավաքել ժողովրդի մեջ։ Թող մի քանի թեկնածու լինի, ժողովուրդն էլ դրանց միջից ընտրի։ Ընտրություններն էլ պետք է արդար լինեն։

– Ո՞վ է լինելու արդար ընտրությունների երաշխավորը։

– Նախագահը։ Ինքը պետք է ընտրությունները նշանակի, բոլորին հավաքի, մորատորիում ստորագրի եւ ասի. «Չի լինի այսպես, տղանե՛ր»։ Բայց այդպես էլ չի լինի։ (…) Հոկտեմբերի 27-ից առաջ, երբ սեկվեստրը դրեցին եւ բյուջեի կրճատումն արեցին, ես էն ժամանակ գիտեի, որ այս տարվա բյուջեն չի կատարվելու։ Չի կարելի պատժել տնտեսական լծակներ ունեցող մի թեւին, մյուս թեւին ուղղակի չտեսնել։ Տեսնում են մարդիկ, աչքեր ունեն. փոքր երկիր է։ Համատարած կաշառակերություն է երկրում, չկա պետության որեւէ օղակ, որեւէ նախարարություն, որտեղ կաշառք չլինի։ Ամեն մարդ պետք է սկսի իրենից։ Վարչապետը, նախագահը պետք է սկսեն իրենցից։ Ձեւավորված է կլանային երկիր։

– Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր պատվիրատուն կոռուպցիայով զբաղվող չինովնիկներն են։

– Այդ միտքը առաջինը ես եմ ասել։ Վերջում կպարզվի, կտեսնենք։ Բացի մի բանից՝ թե ինչո՞ւ սպանվեց Կարեն Դեմիրճյանը (դրա պատասխանը ես դեռ չունեմ), մյուս դեպքում ամեն ինչ պարզ է։ Մյուս բոլոր դեպքերում 94 թվականից մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը բոլոր սպանությունների պատճառը տնտեսականն է։

– Չե՞ք կարծում, որ նույն տնտեսական ուժերը ուժ կգտնեն նաեւ արգելել հոկտեմբերի 27-ի բացահայտումը։

– Ուրեմն պետք է բավարարվեն նրանով, ինչ որ կա, այդ հինգ երիտասարդին դատեն-վերջացնեն։ Բայց ժողովրդի 90 տոկոսը չի հավատա, որ դա այդպես է։ Բայց ես չեմ ընդունում այս տարբերակը։ Միեւնույն է, այդ գործը բացվելու է, Հայաստանում կատարված բոլոր սպանությունները բացահայտվելու են։ (…) Հայաստանը կլանային հանրապետություն է, միայն տնտեսական լծակներից զրկվող գիշատիչները կարող են գնալ այդպիսի քայլերի։ Այսինքն՝ տնտեսություն էլ չունենք. առեւտուր, բենզին, սիգարետ եւ այլն։ (…) Ռոբերտ Քոչարյանը պետք է դեռ 98-ին մտածեր, եթե ինքը քաղաքական հենարան չուներ, մեկ հոգու ետեւ թաքնվելով երկրի նախագահ չպետք է դառնար։ Նրա ամբողջ տանիքը, «կռիշը», ամեն ինչը Վազգեն Սարգսյանն էր, Վազգեն Սարգսյանը չկա, Քոչարյանի անճարակությունը լրիվ երեւում է։ Այս վերջին իրադարձություններից ես շատ բարկացած եմ նրա վրա, որ ամեն մի հաչացողի դեմ վճռական քայլերի չի դիմում։

Մանուկ Գասպարյանի կարծիքով՝ «վարչապետն ու նախագահը նույն մեխը չեն մեխում, տարբեր կողմեր են քաշում, այդպես չի լինի։ Չէ՞ որ վարչապետին նշանակում է նախագահը, հետո՞ ինչ, որ «ուստուպկանների» գնացին։ Եթե իրար հետ չեն, ուրեմն պետք է մեկնումեկը հեռանա»։

Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31