Արդեն շշուկներ կային, որ Վահան Հարությունյանը վատառողջ է եւ դատական նիստը հնարավոր է հետաձգվի։ Քննչական մեկուսարանից ուղարկվել էր նույնիսկ գրավոր տեղեկանք։
Մինչ այդ Վ. Հարությունյանի «վանդակաշարի» ներսում դրվեց ժամանակավոր «հարթակ», ստուգվեցին հարակից «կացարանները» եւս։ Կողմերն հավաքվեցին ժ. 13.00-ին (նիստը նշանակված էր ժ. 11.00-ին)։ Վ. Հարությունյանը խնդրեց, որ իրեն թույլատրեն նստած պատասխանելու հարցերին։
Վ. Սիրադեղյանը դեռ նախորդ դատական նիստում (երբ Վ. Հարությունյանը հայտարարեց, թե Հենրիկ Խաչատրյանին մնացել էր մի քանի «տեխնիկական» հարց լուծել, որպեսզի ԱԺ մտներ Վ. Սիրադեղյանին կալանելու միջնորդությամբ) հայտարարել էր, թե «Հովսեփյանը Հ. Խաչատրյանի սպանության պահին դատախազի կաբինետում է եղել», ինչը նա երեկ ներկայացրեց գրավոր հայտարարությամբ, վկայակոչելով «Արմենպրես»-ի տեղեկատվությունը (տպագրված 1998 թ. օգոստոսի 11-ին «ՀՀ» օրաթերթում)։
«Գործով նվազագույնը վկա անցնող Աղվան Հովսեփյանը ստանձնում է նախաքննությունը։ Մեկ ամիս հետո դառնում է դատախազ։ Ես անձամբ կասկածում եմ, որ այս հաղորդագրությունն օգտագործվել է որպես շանտաժ, որպեսզի Հովսեփյանը նախաքննությունը տանի այն ուղղությամբ, ուր ցանկանում է»,- հայտարարեց Վ. Սիրադեղյանը։
Կարդացեք նաև
Ի պատասխան ՆԳ նախկին նախարարի հայտարարության, հանդես եկավ մեղադրողներից Զ. Թադեւոսյանը, որը հաստատեց, որ նման հաղորդագրություն տպագրվել է եւ սակայն տեղեկացրեց, որ հաջորդ օրը «տեղի ունեցած վրիպումը» հերքվել է «ՀՀ» թերթի կողմից։ Նա խոստացավ հաջորդ դատական նիստին ներկայացնել պաշտոնաթերթի այդ համարը։
Հովհ. Սուքիասյանի եւ Վ. Աբրահամյանի հարազատների կողմից տուժող Սուքիասյանն ընթերցեց այն դիմումը, որն Ա. Հովսեփյանի ձեռամբ հանձնվել էր դատավորին։ Դիմում-հայտարարությունն ուղղվել էր ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին։ «Ի՞նչ ընթացք է ստանում այս աբսուրդ բեմականացումը՝ դատավարությունը»,- հարցնում էր տուժողը, պահանջում, որ Վ. Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի։ Ապա. «Վ. Սիրադեղյանն իր համախոհների՝ ՀՀՇ թափթփուկների հետ միասին, ահաբեկում են ոչ միայն տուժողներին, այլ՝ Վանոյի նկատմամբ ցուցմունք տվող ամբաստանյալներին» (հիշեցնեմ. Վահան Հարությունյանն է ավարտել իր ցուցմունքները, մնացածները դեռ չեն սկսել ցուցմունքներ տալ- Ռ. Մ.)։ Նա դիմեց դատավորին՝ հայտարարությունն ընդունել որպես միջնորդություն։
Տուժող Մ. Ռաֆայելյանը իր հերթին պահանջում էր նախորդ միջնորդությունը քննարկել։ Նա եւս միջնորդում էր Վ. Սիրադեղյանի խափանման միջոցը փոխել, հավասար պայմաններ ստեղծել բոլոր ամբաստանյալների համար։ Նա ասաց, որ «հանրապետության ղեկավարները եւ օրինապահ մարմինները չեն փորձում իրենց անցավ գլուխը դնել ցավի տակ… որ ունեն անձնական վախի զգացողություն»։ Նա տեղեկացրեց, որ Կ. Բալայանը, երբ դատական նիստերից մեկի ժամանակ փորձել է խոսք ասել, «անպատժելիության ախտով վարակված հհշականները» դահլիճից ասել են. «Նա դիակ է, ասելիք չունի»։ Մ. Ռաֆայելյանն ասաց, որ իր նկատմամբ առկա են հեռախոսային սպառնալիքներ։ Տուժողը նշեց, որ ղեկավարության կողմից իրենք պաշտպանվածության երաշխիք չունեն։
Տուժող Կիմ Բալայանը կողմ էր խափանման միջոցը փոխելուն, իսկ դատարանին էլ խորհուրդ տվեց «չզրկվել անկողմնակալ եւ արդարամիտ միջնորդությունը քննարկելուց»։ Թեեւ քիչ անց ԳԽ նախկին պատգամավորն այլ տարբերակ էլ առաջ քաշեց. դատախազությունը թող դիմի ԱԺ-ին, վերջինս իր համաձայնությունը տա, ապա դատարանը քննարկի այն։ «Չպետք է լկտիության հասցնել պաշտպանվածությունը»,- եզրափակեց նա։
Դատավոր Ռազմիկ Թովմասյանն ասաց, որ դատարանն ի վիճակի չէ պարզելու սպառնալիքների իսկությունը եւ նշեց մի էական հանգամանք եւս. Վ. Սիրադեղյանի ԱԺ պատգամավոր լինելը։ Վ. Հարությունյանը, դեռ մի հարցի չպատասխանած, խնդրեց նիստն ընդմիջել. դահլիճի ցուրտը զգացնել էր տվել։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ