Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ, ԱՆՀՆԱՐ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Հունվար 28,2000 00:00
qreakan

Ստեղծվեց «Արման Դանգոյանցի սահմանադրական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության հասարակական կոմիտե»։

«Առավոտը» անդրադարձել էր Արմանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատմությանը, նրա մեղադրանքին։ Նա մեղադրվում էր Արայիկ Պետրոսյանին Լեհաստանում սպանելու մեջ։ Գործը լսվել էր առաջին ատյանի դատարանում, հասել վերաքննիչ, վճռաբեկ, ապա վերադարձվել՝ կրկին վերաքննիչ։ Բնականաբար, այս ողջ ժամանակամիջոցում նա ավելի քան երեք տարի գտնվում է կալանքի տակ։ Երեկ, երբ զրուցում էինք «Արման» կոմիտեի նախագահ Վ. Պետրոսյանի հետ, նա ասաց, որ Ա. Դանգոյանցին ապօրինի կալանքի տակ պահելը նպատակ ունի նրանից «ինքնազրպարտիչ ցուցմունքներ կորզել»։

Նա ասաց նաեւ, որ կոմիտեն նպատակ ունի թույլ չտալ Ա. Դանգոյանցի իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ոտնահարում, եւ նպաստելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի վերանայմանը։ Առաջարկվում է կալանքը փոխարինել երկրից չբացակայելու պարտավորությամբ, ինչի պատասխանատվությունն իրենք վերցնում են իրենց վրա։ Ի դեպ, մենք սովոր ենք, երբ պաշտպանական կոմիտեներ են ստեղծվում քաղաքական գործիչների, քաղաքական գործունեություն ծավալած անձանց պարագայում։ Սա քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ դրսեւորումն է մեզանում։

ՀԵՅ ԳԻՏԻ, ԶԱՏԻԿՅԱՆ

VahanZatikyan

Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչների մի մասը վերջնականապես զրկվեց ջեռուցումից։ Մրսած բնակիչները միաձայն պնդում են, որ լուսահոգի թաղապետ Վահան Զատիկյանի օրոք ցանկացած վթար անմիջապես կարգավորվում էր։ Հիմա ոչ մեկի պետքը չէ։

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԻ ՄԱՍԻՆ

dram

Ինչպես զեկուցվեց ԼՂՀ «Երկրապահի» համագումարի ժամանակ՝ կազմակերպության հաշվի վրա եղել է 7.542 մլն դրամ, որից 1 մլն 94 հազարի օգնություն է ցուցաբերվել վետերաններին եւ նրանց ընտանիքներին, 1 մլն 165 հազար դրամ «կուլտուրնո-մասովի մերոպրիյատիյաների» վրա է ծախսվել (մասնավորապես նշվեց Ամանորի տոնածառը), մնացածը՝ 5 մլն ավելի դրամը, ծախսվել է «կոմանդիրովչնի եւ խոզյայստվենի ռասխոդների» վրա։ «Երկրապահին» ֆինանսական աջակցություն էին ցուցաբերել Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ 500 հազար դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ 2 մլն 500 հազար դրամ, ԼՂՀ բանակը՝ 1 մլն դրամ եւ այլն։ Ըստ զեկույցի ԼՂՀ կառավարությունը «Երկրապահին» ոչ մի կոպեկ չի տվել։

ՄԵԿԻՆ ԴՊՐՈՑ, ՄՅՈՒՍԻՆ ԿՈՇԻԿ

MHK

«Երկրապահի» ելույթներից «Առավոտին» զարմացրին հատկապես երկուսը. «Միացյալ Հայաստան կուսակցության» նախագահինը, ուր նշվեց, թե 4000 կուսակիցներից բացի եւս 12 հազար ՀԱԲ-ի զինվորներ են աջակցում «Երկրապահին» եւ ռուսական համայնքի մի տիկնոջ։ Համայնքի ղեկավար Ռիտա Նեստերովան նախ զարմացավ, թե հռետորներից ոմանք ինչու են ներողություն խնդրում ռուսերեն խոսելու համար, չէ որ ռուսերենը գրեթե մայրենի լեզու է ղարաբաղցիների համար, հետո նշեց, որ համայնք ստեղծելու առիթ չէր լինի «եթե Ղարաբաղում չընդունվեր անհեթեթ օրենքը պետական լեզվի մասին», որի արդյունքում փակվեցին ռուսական դպրոցները։ Բայց առավել հուզիչը ղարաբաղցի ռուս կնոջ հետեւյալ խոսքն էր. «Ես հասարակ ուսուցչուհի էի, երբ դասարանիս երեխաները կոշիկ անգամ չունեին դպրոց գնալու համար, միայն Սամվել Բաբայանն էր օգնում նրանց, օգնում սրտացավորեն ու անշահախնդիր»։ Մի խոսքով, անգամ ռուսազգի այս կնոջը պարզ էր, թե Ղարաբաղի տան պապան ով է։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31