Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Հունվար 28,2000 00:00
Nikol pashinyan

Բայց ՆԳ բաժնի վերահսկողության տակ

«Ամո՛թ դատարանին։ Մարիոնետային դատարանը կասեցնում է Հայաստանի ապագան»։ «Սա հերթական պոռնկությունն է»,- դատական նիստերի դահլիճից Գեորգի Վանյանն ու Միքայել Դանիելյանն այսպես արձագանքեցին վերաքննիչ դատարանի վճռին։ Շուրջ 2,5 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը գրեթե նույնությամբ կրկնեց պետական մեղադրողին։ Մասնավորապես զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները փոխարինվեցին պաշտոնատար անձի անփութության համար սահմանված պատասխանատվությամբ։ Չնայած այս հոդվածով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ո՛չ նախաքննություն էր վարվել, ո՛չ էլ դատաքննություն։ Այնուամենայնիվ, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, սակայն դատավճռի կատարումը հետաձգվեց մեկ տարով։ «Նիկոլ Փաշինյանի վարքի վերահսկողությունը դնել նրա բնակության վայրի ՆԳ բաժնի վրա»,- սա նույնպես մեջբերում է վերաքննիչ դատարանի վճռից։ «Հետաքրքիր մի զուգադիպությամբ այս ժամերին Հայաստանի խորհրդարանական մի պատվիրակություն Եվրախորհրդարանին համոզում է, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ոտնահարվում»,- այս որոշմանը նախորդած իր վերջին խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Թերեւս արդեն կարելի է արձանագրել, որ համոզելու այդ փորձերն ապարդյուն են. այն, ինչի համար ժողովրդավարական երկրներում միայն տուգանքի կարժանացնեին՝ Հայաստանում հետաձգված ազատազրկման սպառնալիքի փոխարկվեց։ Ընդդիմադիր միակ թերթի խմբագիրն այժմ թերեւս պիտի զգուշանա որեւէ մեկի կոշտուկը տրորել՝ հետեւանքը կարող է այն լինել, որ այս 1 տարին կգումարվի որեւէ պատժաչափի։ Ընդ որում, առկախ է մնում նաեւ այն ճնշումը, որը Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ վերջին 6 ամիսների ընթացքում գործադրվել է այս թերթի խմբագրակազմի վրա։ Տեղն է նշել, որ զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվությունից Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չազատվեց։ Քրեական գործից մաս է անջատված եւ պիտի պարզեն, թե ով է այն Ն. Մ.-ն, որ ստորագրել էր Արտաշես Գեղամյանի վերաբերյալ հրապարակման տակ եւ այն Լ. Բ.-ն, որն էլ Նորիկ եւ Վարդան Այվազյանների վերաբերյալ հրապարակման հեղինակն էր։

«Սա նշանակում է, որ առաջիկա ամիսների կամ տարիների ժամանակահատվածում «Հայկական ժամանակ» թերթի ցանկացած աշխատակցի անընդհա՛տ, պարբերաբա՛ր կարող են հրավիրել դատախազություն եւ հարցաքննել. հենց ա՛յն ժամանակ, երբ դա անհրաժեշտ կլինի, երբ պետք կլինի հերթական մի լծակ օգտագործել»,- այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն այս որոշումն անվանեց խմբագրակազմի գլխին կախված «դամոկլյան սուր»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31