Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավարության «անմիջականության» սկզբունքով

Հունվար 27,2000 00:00

Դատավարության «անմիջականության» սկզբունքով Դատախա՞ղ, թե՞ դատաքննություն Դատական հերթական նիստը երեկ սկսվեց մեղադրող Ա. Հովսեփյանի կողմից տուժող Սուքիասյանի դիմումը դատավոր Ռ. Թովմասյանին փոխանցելով։ Վերջինս առանց տուժողի չհրապարակեց դիմումի բովանդակությունը: Նա ներկա չէր, ներկա չէին նաեւ երկու փաստաբանները՝ Հ. Գոգինյանն ու Ս. Մկրտչյանը։ Թե՛ ամբաստանյալները, թե՛ ներկա գտնվող միակ տուժողը՝ Մ. Ռաֆայելյանը, թե՛ մեղադրողները, թե՛ պաշտպանները կողմ էին առանց վերոնշյալ երկու պաշտպանների շարունակել նիստը։ Վ. Սիրադեղյանի պաշտպան Վ. Սուքիասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ խախտվում է դատավարության անմիջականության սկզբունքը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր դատական նիստից առաջ պարզել կողմերի ներկայությունը, բացակայության դեպքում՝ նաեւ պատճառն ու որոշել հարգելիությունը, ըստ այդմ որոշել. դատական նիստը հնարավո՞ր է շարունակել, թե՞ ոչ։ Պաշտպանին պարզ չէին նաեւ իր երկու գործընկերների «բացակայության հարատեւման հեռանկարները»։ Նա նույնիսկ գնահատական տվեց, թե «գործ ունենք ոչ թե դատաքննության, այլ պատրանքի՝ դատախաղի հետ»։ Ու երբ մեղադրող Աղվան Հովսեփյանն ասաց, թե «Պաշտպան Սուքիասյանն իր հայտարարությամբ ու իր վարքագծով կարծես թե իրեն վերապահում է դատական նիստը վերահսկողի ֆունկցիա» եւ գտավ, որ մինչ այդ էլ օրենքի ոչ մի խախտում չի եղել, ստանալով պաշտպաններ Բալաբանյանի եւ Խուդոյանի «էական խախտում չկա» աջակցությունը եւ «ժամանակավոր բնույթ է կրում. նրանք հիվանդ են» (թե Վ. Հարությունյանի պաշտպանը որտեղից գիտեր, որ նրանք հիվանդ են, այդ մասին չէր էլ նշվել- Ռ. Մ.), հետեւեց Վ. Սուքիասյանի հայտարարությունը։ Նա հիշեցրեց, որ «դատաքննության ընթացքում խախտումներ չնկատող» մեղադրող Ա. Հովսեփյանը (նախկինում՝ քննիչ), գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, ՆԳՆ-ի համատեղ ստորագրությամբ (40 հրաման) գլխավորել է այն խումբը, որը քննել է այս քրեական գործը, «ինչը դատավարական խախտում է»։ Վ. Սիրադեղյանի պաշտպանը սկսեց իր հարցերն ուղղել ամբաստանյալ Վ. Հարությունյանին։ Մինչեւ ընդմիջումը տրվեց 17 հարց, իսկ հետո ճշտեցինք, որ կա դեռ 94 հարց էլ… Հարցերը սկսվեցին Տեր-Սահակյանի այն հեռախոսազանգից, որ ուղղվել էր Վ. Հարությունյանին (Վ. Սարգսյանի դեմ ահաբեկչությունը) 1998 թ. հունվարի 31-ին։ «Ովքեր են հաստատում, որ զանգ է եղել». այս հարցին էլ տեղեկացրեց. «Հեռախոսափողը վերցրել է Անդրանիկ Քոչարյանը, ինքս զանգահարել եմ Արծրուն Մարգարյանին։ Սերգեյ Մխիթարյանի հետ գնացել եմ ՆԳՆ տվյալ հարցի կապակցությամբ ցուցմունքներ տալու»։ Վ. Հարությունյանը խոստովանեց նաեւ, որ Ս. Ջիլավյանի կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանելու լուրը հաղորդած Արթուր Հովհաննիսյանը եղել է հանցաշխարհի ներկայացուցիչ, որոնց հետ նկատելի էր, ի դեպ, նրա մշտնջենական, անթաքույց համակրանքը։ Ամբաստանյալ Հայկ Աղաջանյանի համար հրավիրվել էր, այդ պահին, առանց նիստն ընդհատելու, շտապօգնություն։ Այնուհետեւ, հարցերը հասան Սամվել Գեւորգյանի կողմից «բռնաբարության» («Եթեր» հյուրանոցում) մի պատմությանը, որը Վ. Հարությունյանն էր տվել իր ցուցմունքներից մեկում։ Այն սույն գործով Ս. Գեւորգյանին մեղսակից դարձնելու անդրանիկ դրսեւորումն է եղել։ Հիրավի, այդ կարեւոր պահին էլ, Վ. Հարությունյանի առողջական վիճակը զգացնել տվեց իրեն եւ… նիստն ընդհատվեց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել