Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Հունվար 27,2000 00:00

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ այնքան սարսափելի չեն, որքան լուսաբանվում են Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը միայն Վահան Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտից հետո՝ նյութերին ծանոթացման փուլում է ներգրավված եղել որպես Վանո Սիրադեղյանի պաշտպան եւ այս պահին դատավարական որեւէ պարտավորություն չունի նրա նկատմամբ։ – Վահան Հարությունյանի դատաքննական ցուցմունքների համաձայն, Վանո Սիրադեղյանը նույնպես, ըստ էության, կատարող է եւ միայն հրամայել է իրագործել այն հանցագործությունները, որոնց որոշումները կայացրել էին այլք՝ մասնավորապես, ՀՀՇ վարչության մի շարք անդամներ։ Հետաքրքիր է, արդյոք նա նույնաբովանդակ ցուցմունքներ տվել էր նաեւ նախաքննությա՞ն փուլում։ – Քրեական դատավարության օրենսգրքի 309 հոդվածը որոշակիացնում է միայն մեղադրանքի շրջանակներում դատավարությունը վարելու սահմանի խնդիրը։ Եվ իրոք, նախաքննության ժամանակ այլ հանգամանքների, այլ անձանց կողմից կազմակերպված լինելու խնդիրներ, որպես կանոն, առաջ չեն քաշվել։ Դատարանում սրանք նոր երեւույթ են, այսպես ասած, նոր իմպրովիզացիաներ, որոնք հավանաբար կապված են դատավարական հոգեբանության կամ այլ խնդիրների հետ, որոնք պետք է դատաքննությամբ պարզվեն։ Դրանք, իմ կարծիքով, պիտի դատարանը վանի որպես մեղադրանքի շրջանակից դուրս եկող հանգամանքներ։ – Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել այն լուրը, որ Տեր Հուսիկ Լազարյանի, Սամվել Գեւորգյանի, ինչպես նաեւ՝ հետախուզման մեջ գտնվող մի շարք անձանց վերաբերյալ այս գործով մաս է անջատված, որով այժմ ընթանում է նախաքննություն։ – Այո՛, կա այդպիսի անջատված քրեական գործի մաս։ Չեմ կարող ասել՝ նախաքննություն տարվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ այդ մասով գաղտնի են պահվում նախաքննության տվյալները։ Թե այն ինչ փուլում է, ինչ ընթացք ունի, ում նկատմամբ է սկսված քրեական հետապնդում՝ չեմ կարող ասել։ – Իսկ քանի դեռ այդ «քույր» գործով պարզված չէ տվյալ անձանց մասնակցության չափը, թե իրե՞նք են հրահանգավորել սպանությունները կամ ոչ՝ կարելի՞ է այս գործով որեւէ ամբաստանյալի արարքների ճշգրիտ իրավաբանական որակումը տալ՝ իրոք կազմակերպի՞չ է, կատարո՞ղ, թե՞ ինչ։ – Որպես մասնագետ պետք է ասեմ, որ ընդհանրապես Վանո Սիրադեղյանի նկատմամբ մեղադրանքի ներկա դատավարությունը մոտեցված է աբսուրդի։ Զուգահեռ մեկ այլ դատավարություն է ընթանում՝ Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով, որտեղ համանման դրվագների վերաբերյալ է լուծվում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նաեւ նախաքննության փուլում են ինչ-որ քննություններ այլ անձանց առնչության վերաբերյալ։ Այս պայմաններում նախ վերջնական նման գնահատականներով անձի մեղավորության հարց պարզելն իրոք հնարավոր չէ՝ զուտ դատավարական տեսակետից։ Եվ երկրորդը՝ ոտնահարվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Տեսեք, տվյալ դատավարությունում դատաքննության սահմանների անցման հաշվին կարող են արհեստական հիմքեր ստեղծել մի երրորդ անձի նկատմամբ, հետո նրան կանգնեցնել փաստի առաջ, որ մեկ այլ դատավարությամբ ձեր դեմ ձեռք են բերվել փաստեր, բայց մարդը չունի դրանց դեմ օրինական պայքարելու հնարավորություն։ Վանո Սիրադեղյանը չի կարող հիմա պաշտպանվել: – Վահան Հարությունյանը, ինչպես եւ ցանկացած այլ ամբաստանյալ, Սահմանադրությամբ պարտավոր չէ ինքն իր դեմ ցուցմունքներ տալ։ Սակայն նա հակառակն է անում՝ ընդ որում, հանգամանալից մեղադրում է նաեւ ինքն իրեն։ Ձեր պրակտիկայում եղե՞լ է նման դեպք։ – Իրոք, տարօրինակ է, որ Վահան Հարությունյանը խնդիր է իրականացնում առաջին հերթին իր դեմ տրվող մեղադրական ցուցմունքների միջոցով։ Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ անձը սկզբունքորեն որոշել է բացահայտել իրականությունը, քաջ գիտակցելով ու հասկանալով, որ դրա համար ինքը կարող է քրեական պատասխանատվության կանչվել ու պատժվել։ Բայց սա ա՞յդ դեպքն է, ա՞յդ երեւույթն է։ Պետք է դատաքննությամբ հասկանալ մեզ համար առայժմ ոչ տեսանելի, սակայն նրան պարտավորեցնող հանգամանքը, որը բերում է սահմանադրական եւ դատավարական նրա իրավունքի բացառմանը։ Այս անբնականության խնդիրն է, որ դատարանին պետք է մտահոգի՝ դրա հիմքում եղած շարժառիթներն իրո՞ք անկեղծ ու անձնական որոշ նկատառումներով պայմանավորված, թե՞ դատավարական խնդիրներից դուրս հանգամանքներով պարտադրված հարկադիր քայլեր են։ – Վահան Հարությունյանն իր ցուցմունքների սկզբում իսկ բացառեց պարտադրանքը։ – Եղել են դեպքեր, երբ մեղադրյալը ժխտել է իր նկատմամբ անգամ ակնհայտ ֆիզիկական բռնության փաստերը։ Եվ հետագայում, երբ անդրադարձել ենք նրա ժխտման հանգամանքին՝ բավական լուրջ հիմնավորումներ է բերել իր այդ քայլը կատարելու համար՝ ավելի մեծ արժեք չվտանգելու առումով։ – Հետաքրքիր մի փոխկապակցվածություն չե՞ք նկատել. մի թերթ, ասենք, իր նկատառումներն է հայտնում, թե սպանություններ հրահանգավորողը ՀՀՇ-ի յոթնյակը չէր, այլ շրջանակն ավելի նեղ էր, եւ դատական հաջորդ նիստին իսկ Վահան Հարությունյանը համանման պնդումներ է անում՝ սրբագրելով իր նախորդ ցուցմունքը։ – Ընդհանրապես չէի ասի, թե Վահան Հարությունյանի ցուցմունքներն այնքան սարսափելի են, որքան որոշ լրատվամիջոցներ փորձում են ներկայացնել։ Օրինակ, հենց Վահան Հարությունյանի ցուցմունքներով բացառվում է Կիմ Բալայանի դրվագով Վանո Սիրադեղյանին վերագրված մեղադրանքի հանցադեպը։ Ավելին, Վլադիմիր Գրիգորյանի դրվագով, Վահան Հարությունյանի ցուցմունքներով, Վանո Սիրադեղյանի գործողություններում հանցակազմ չկա։ Հաջորդը, Հովհաննես Սուքիասյանի դրվագով Վանո Սիրադեղյանի առումով հանցակազմ չկա՝ ըստ Վահան Հարությունյանի ցուցմունքների։ Այս հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ թիվ 1 մեղադրող ամբաստանյալի ցուցմունքներով են բացառվում Սիրադեղյանին վերագրված մեղադրանքի դրվագներում հանցադեպերն ու հանցակազմերը, ապա հետագայում դրանք զրոյականի են հասնելու։ Այլեւս չկա ուրիշ մեղադրող ամբաստանյալ, որը շեշտադրի եւ հանգամանքներ մեջբերի։ Նախաքննության մեղադրող ողջ շինությունը կառուցված է Վահան Հարությունյանի սուբյեկտիվ ցուցմունքի հիման վրա։ Սա նաեւ ցույց է տալիս, որ նախաքննությունը ժամանակին չի մտահոգվել օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությամբ ապահովել անձին բավական լուրջ մեղադրանքներ ներկայացնելու խնդիրը։ – Թերթերից մեկը կոչ արեց արհեստականորեն չնեղացնել այս գործով մեղադրանքի սահմանները եւ նոր հանգամանքներ մեջբերեց Մարիուս Յուզբաշյանի եւ Համբարձում Գալստյանի սպանությունների վերաբերյալ։ Գործի նյութերում կա՞ն որոշակի ապացույցներ, որոնք կարող են հաստատել այդ պնդումները։ – Որեւէ դատավարություն չի կարող անսահման ու շարունակական խնդիրների լուծման առիթ դառնալ։ Եվ չի կարելի մի դատավարության պրիզմայով անցկացնել հանրապետության բոլոր իրադարձությունները կամ չբացահայտված, կիսաբացահայտված եւ կասկածելի բացահայտված գործերը։ Եվ սա հենց քաղաքական մոտեցումն է տվյալ քրեական գործին, որն անթույլատրելի է զուտ դատավարական օրենքի տեսակետից եւ տրամաբանությամբ։ – Այնուամենայնիվ, ինչո՞վ եք բացատրում, որ Վահան Հարությունյանին տրվում է հնարավորություն՝ մեղադրանքի սահմաններից դուրս եկող ցուցմունքներ տալ։ – Դատարանը որոշակի ապօրինություններ է թույլ տալիս։ Դատարանն ընդառաջ է գնում հանրության անունից արտասանված կեղծ ճնշումներին, որով դատաքննության նախապատրաստական փուլի վերջին մասը, փաստորեն, ձեւական անցկացվեց։ Նման քրեական գործով կարելի էր ներկայացնել շատ լուրջ ու հրատապ միջնորդություններ։ Սակայն նախապատրաստական փուլի օրինական ու հիմնավոր որոշակի ձգձգումների առնչությամբ ճնշումներն այն աստիճանի էին շիկացած, որ ներքին խուճապ սկսվեց։ Եվս մի «ձգձգում», եւ կարող էին այլ քայլերի դիմել, իսկ նման սպառնալիքներ կային թե՛ կուլիսներում, թե՛ որոշակի շրջանակներում։ Բայց չէ՞ որ սա հնարավորություն չի տալիս մարդուն լիարժեք, խաղաղ ու հանգիստ պաշտպանվելու, օրենքի պահանջներին խիստ համապատասխան իր խնդիրներն իրականացնելու։ Սա անթույլատրելի է։ Սակայն բոլորիս է հայտնի, որ դատարանը դեռեւս իրավական կատեգորիա չէ, այլ իրավաքաղաքական։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել