Վերջին 1-2 տարիներին կատարված եւ բացահայտվելու հեռանկարից զուրկ մի շարք սպանություններ պաշտոնական վարկածով ինքնասպանություն որակելուց հետո թերեւս կարելի էր եզրակացնել, որ Հայաստանում հայտնաբերվել է ցանկացած վատ երեւույթ բնորոշելու ճկուն մեխանիզմ, եւ այն կիրառվելու է բոլոր ոլորտներում։ Մեխանիզմը հետեւյալն է. եթե, ասենք, ժողովուրդը հասել է կայուն թշվառության, ապա դա հետեւանք է թշվառ ապրելու նրա նվիրական տենչի։ Եթե մարդիկ գործազուրկ են, ապա պատճառը չաշխատելու նրանց ձգտումն է։ Եթե Ազգային հեռուստատեսությունը վատն է, ուրեմն հեռուստադիտողը ոչ մի ցանկություն չունի լավ հաղորդում դիտելու։ Եթե, ի վերջո, Հայաստանում քաղաքական դաշտն ամայացել է, ապա դա քաղաքական ուժերի ինքնաամայացման արտահայտությունն է…
Ահա այս վերջին տեսակետն է շոշափում «Առավոտի» երեկվա խմբագրականը
«Ո՞վ է «ամայացնում» վերտառությամբ։ Հավանաբար երկու կուսակցությունների առաջնորդների դեմ այդ կուսակցություններն են քրեական գործեր հարուցել, եւ Վանո Սիրադեղյանն ու Աշոտ Բլեյանը, հավանաբար, ինքնակամ են հայտնվել դատական քաշքշուկում։ Հավանաբար Թութանհամոնի կամ Նաբուգոդոնասարի իշխանության օրոք գնդակահարվեցին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, քաղաքական մյուս դեմքերը… Մի՞թե այս ամենի ֆոնին հայրենի իշխանության չքմեղ կեցվածքը քաղաքական դաշտը ծաղկեցնելու գերագույն ջանքերի արտահայտություն է։ Քաղաքական դաշտում մնացածներին մնում է մեկ անգամ եւս կարդալ «Առավոտի» խմբագրականի վերջին նախադասությունը՝ «Գուցե այդ դաշտի ծաղիկներն իրենք են ներքուստ ամայի», ապա քթների տակ դնդնալ հայտնի մեղեդին՝ բառերը վերափոխելով այսպես. «Որպես մի ծաղիկ ներքուստ ամայի, կյանքին ժպտացի, անցա, գնացի»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
Բազմիցս խոստովանել ենք, որ մենք միշտ պաշտպանում ենք թույլերին։ Եվ ամենեւին էլ մեր մեղքը չէ, որ այսօր ամենաթույլը հայրենի իշխանությունն է։